Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐՕՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ



ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ
«Հրաշապատում կամ զարմանալի պատմություններ» գրքից

ՀՐԴԵՀԻՑ ՀԵՏՈ

2004 թվականի դեկտեմբերյան մի օր Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի 9□րդ դասարանում հրդեհ բռնկվեց։ Դասարանում դրված էր նավթի վառարան, տղաները չարություն էին արել, նավթը հոսել էր, հետո բռնկվել էր նախ վառարանը, հետո՝ հատակը, վարագույրները… Մի խոսքով` իսկական հրդեհ…

Անմիջապես նրանց օգնության հասան բարձր դասարանցի աշակերտները։ Աշակերտներին դուրս հանեցին, հանգցրին կրակը, կոտրեցին պատուհանների ապակիները, որպեսզի ծուխը արագ քաշվի։ Բոլոր պատերը սեւացել էին, պատել մրի հաստ շերտով, բացի գրատախտակի վերեւում կախված Քրիստոսի նկարից։ Ո՛չ կրակը, ո՛չ ծուխը, ո՛չ մրուրը չէին մոտեցել նրան, եւ նկարի թուղթը պահպանել էր նախնական սպիտակ մաքրությունը։ Բոլորը նայում էին նկարին ու զարմանում, թե ինչպես է եղել, որ հրդեհի բոցերի ու ծխի միջից այն դուրս է եկել այդպես մաքուր ու անարատ։

Գեւորգ Գյոզալյան
Արմավիրի մարզ, գյուղ Ոսկեհատ

ՄԱՍՆԱՏՈՒՓԸ ԲՈՒԺԵՑ ՔԱՂՑԿԵՂԸ

Այս դեպքն ինձ պատմել է Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Ռուզաննա Ավետիսյանը, 1995 թվականին, երբ միասին մասնակցում էինք Արարատյան Հայրապետական թեմի կազմակերպած կրոնի ուսուցիչների դասընթացներին։

«Քույրս հիվանդ էր քաղցկեղով,- ասաց Ռուզաննան,- բժիշկներն այլեւս հույս չէին տալիս։ Մենք՝ ես եւ մյուս քույրս, հերթով խնամում էինք հիվանդին։ Մի օր հիշեցի, որ դասընթացներում մեզ հետ սովորող աղջիկներից մեկը պատմեց, թե ինչպես Մատթեոս Ուռհայեցին ժամանակին բուժվել է Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղեցում աղոթելուց հետո։ «Խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում»,- մտածեցի հուսահատ եւ ինձնից հեռացրի Յոթվերք գնալու միտքը։ Հետո, հիվանդի կողքին նստած, մի փոքր նիրհեցի եւ կես-քուն կես-արթուն պարզորոշ լսեցի մի ձայն, որ ասաց.

– Բեր Յոթվերք եկեղեցու մասնատուփը, թաթախիր ջրի մեջ, ապա այդ ջուրը խմեցրու հիվանդին։

Ես սթափվեցի քնից, բայց մտածեցի. «Ուռհայեցու մասին պատմածի ազդեցության տակ այսպիսի երազ տեսա»։ Լուսացավ, թվաց, թե օրվա հոգսերի հետ կմոռացվի նաեւ այդ երազ□տեսիլքը, բայց ոչ միայն այդ, այլեւ հաջորդ օրերին լսածս խոսքերն ամեն րոպե կենդանի ու կառչուն, զրնգում էին ականջներիս մեջ։ Ինչ էլ որ անում էի, չէի կարողանում դրանցից ազատվել։

Ի վերջո որոշեցի գնալ Գյումրի։ Առանց որեւէ մեկին ասելու գնացի Գյումրի, հարցուփորձ անելով գտա Յոթվերքը, հանդիպեցի քահանային, պատմեցի ամեն ինչ։ Նա համբերությամբ լսեց, լռեց երկար ժամանակ, իսկ հետո ասաց, որ ինքն ինձ հետ պիտի գա հիվանդի մոտ։

– Բայց ախր ես գաղտնի եմ եկել, բացի այդ, ո՛չ հիվանդը, ո՛չ էլ նրա ամուսինը հավատացյալ չեն կամ աչքի չեն ընկնում ջերմեռանդությամբ։

– Ախր ես ինչպե՞ս կարող եմ մասնատուփը վստահել յուրաքանչյուր խնդրողի,- թեւերն անօգնական տարածեց քահանան։

Երկար խնդրեցի, խոստացա հաջորդ օրն անպայման վերադարձնել։ Վերջապես բարի քահանան զիջեց։

Երբ տեղ հասա, տեսա՝ քույրս քնած է։ Չցանկացա արթնացնել։ Մասնատուփը դրեցի սեղանին. կողքին՝ բաժակով ջուրը։ «Հենց արթնանա, մասնատուփը կթաթախեմ ջրի մեջ ու կտամ, որ խմի»,- որոշեցի ու նստեցի հիվանդի կողքին։ Հոգնած էի ու չիմացա, թե ինչպես նստած տեղս ննջեցի։

Արթնացա քրոջս տնքոցից։ Վեր կացա, որ մասնատուփը թաթախեմ ջրի մեջ։ Երբ մոտեցա սեղանին, ապշեցի։ Դեռեւս ալիքվում էր բաժակի ջուրը, իսկ մասնատուփը թաց էր։ Ակներեւաբար մի անտեսանելի ձեռք ինձնից առաջ այն թաթախել էր ջրի մեջ։

Երկար մտածելու ժամանակ չունեի. բաժակով ջուրը մոտեցրի հիվանդի շուրթերին։ Այդ պահին ինձ համակել էր մի անբացատրելի երկյուղ։ Ե՛վ սարսռում էի, ե՛ւ հավատում, որ Աստված անպայման օգնելու է քրոջս։

Հաջորդ օրը խոստացածիս նման մեկնեցի Գյումրի, վերադարձրի մասնատուփը եւ ամեն ինչ պատմեցի քահանային։

-Ամեն ինչ լավ կլինի,- ժպտաց քահանան։ Ես չհարցրի, բայց ենթադրեցի, որ նա աղոթել է քրոջս համար։

Տուն վերադարձա։ Առաջին շաբաթվա ընթացքում ոչ մի փոփոխություն չէր նկատվում։ Հիվանդը պառկած էր՝ ասես անկենդան, բայց հետագայում սկսեց կենդանության նշաններ ցույց տալ, սկսեց ուտել, զրուցել, իսկ գիշերները քնում էր հանգիստ։ Բոլորը կարծում էին, թե դա մահվանից առաջ տեղի ունեցող երեւութական առողջացում է։ Մի բան, որ տեղի է ունենում հիվանդներից շատերի հետ։ Իսկ ես հավատում ու չէի հավատում, որ մասնատուփն օգնել է նրան, բայց իմ արարքի մասին ոչ ոքի չէի պատմում։ Իսկ քույրս օրեցօր լավանում էր։

– Գուցե մի անգամ է՞լ ստուգման տանենք,- դիմեցի ամուսնուն։

Համոզվեց։ Ստուգելուց հետո բժիշկը ցնցվեց.

-Ձեր հիվանդն ապաքինվում է,- ասաց,- հրաշք է կատարվել։

Անցել է երկու տարի, քույրս լիովին առողջացել է, եւ ես առաջին անգամ քեզ եմ պատմում այս մասին»,- իր պատմությունն այսպես ավարտեց Ռուզաննան։

ՀԱՍՄԻԿ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
Արմավիրի մարզի Արտաշատ
գյուղի միջնակարգ դպրոցի
Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի

Խորագիր՝ #35 (900) 08.09.2011 - 14.09.2011, Հոգևոր-մշակութային


14/09/2011