ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
Զավակները մեծացել-«փետրակալել» ու «թռել» էին տնից։ Ընտանիքներով ամեն ամառ գնում էին ծննդավայր՝ ծնողներին տեսության։ Ամեն գնալուց համոզում էին վաճառել տունը, տեղափոխվել Երեւան՝ իրենց մոտ։ Ծնողները ոչ մի կերպ չէին համաձայնում։ Եվ ծեր ամուսիններն ապրում էին այդպես մենակ ու հարազատներին կարոտ։ Մի քանի տարի էր, ինչ հիվանդությունը կնոջը գամել էր անկողնուն, զրկել քայլելու հնարավորությունից։
Շահումյանի գաղթի օրերին ամուսինն իր հաշմանդամ կնոջը պառկեցրեց ծածկոցի վրա ու սկսեց քարշ տալ դիմացի անտառը։ Մինչ թշնամու բնակավայր մտնելը պետք էր հասնել անտառ։ Մի կերպ հասան։ Ցերեկն ամբողջ հանգստացան թփուտներում ու գիշերով նորից «սկսեցին» ճանապարհը՝ ծերունական վերջին ուժերը լարելով։ Այսպես՝ 15 օր։ Հարազատներն արդեն հաշտվել էին այն մտքի հետ, որ նրանք էլ գազանաբար խոշտանգվածների թվում են։
«Ցերեկը հանգստանում էինք, գիշերն առաջ գնում։ Ամեն գիշեր շարժվում էինք 250-300 մ։ Քաղցած էինք, ուժասպառ։ Ապահով տեղ ընտրելով՝ սպասում էինք մինչ մութն ընկնի։ Ամբողջ ճանապարհին կինս ինձ համոզում էր, որ իրեն թողնեմ, ես փախչեմ-փրկվեմ։ Բա դա լինելու բա՞ն էր։ Ու երբ չէի համաձայնում՝ լալիս էր, հերթով տալիս էր մեր զավակների անուններն ու օրհնանքի ջերմ խոսքեր ասում նրանց հասցեին… Մեր շեն տնից ոչինչ չէինք վերցրել՝ հնարավոր էլ չէր, բայց ամբողջ անտառը լիքն էր խուճապահար փախստականների թողած սննդամթերքով, գորգերով։ Սկզբում վերցրել էին` ով ինչ կարող էր, սակայն ճանապարհին հոգնելով՝ կյանքը փրկելու համար աստիճանաբար թեթեւացրել էին իրենց բեռը։ Ճանապարհին մի պարկ ալյուր ու մի կճուճ յուղ էի գտել, թաքցրել։ Ամբողջ 15 օր գիշերներն ինձ ու պառավիս համար խավիծ էի եփում։ Մի օր էլ լուսաբացին հայերեն խոսակցություն ընկավ ականջս։ Թաքստոցից դուրս չեկա ու սպասեցի, մինչեւ վերջնականապես կհամոզվեի, որ մեր տղաներն են։ Ուղղաթիռով մեզ ուղարկեցին Երեւան, որտեղ էլ մեկ ամիս անց մահացավ կինս»,- այսպես ավարտեց իր պատմությունը գյուլիստանցի ծերունին։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր