ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏԻՆ
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմին է ներկայացրել համալսարանի նորանշանակ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանին և ընդգծել բանակաշինության գործում նրա ներդրումը, պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրման և զարգացման ընթացքում։
Ներկայացնելով համալսարանի նորանշանակ պետին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ Գենադի Տավարածյանը պրոֆեսիոնալ, մարտական ուղի անցած և զինված ուժերի համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած զինվորական է։
Իր խոսքում Դավիթ Տոնոյանը նաև համալսարանի անձնակազմի առաջիկա գործունեության մի շարք առաջնահերթություններ և առանցքային կարևորություն ներկայացնող ուղղություններ է սահմանել` ռազմական գիտության զարգացում, հետազոտությունների արդյունավետության բարձրացում, համալսարանի և ՀՀ ԶՈւ ԳՇ միջև կապի ամրապնդում, ուսումնական ձեռնարկների մշակման շարունակականության ապահովում։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարևորել է Հայաստանում ռազմական էլիտայի ձևավորումը, որը հնարավոր է միայն ազգային ռազմակրթական հիմնարար միջավայր ստեղծելով։
Դավիթ Տոնոյանի ձևակերպմամբ, հենց ազգային սուվերենության շնորհիվ կայացած ռազմական էլիտան կարող է պահել և պաշտպանել ազգային ինքնությունն ու հայրենիքի անվտանգությունը։