ԵՐԲ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ…
Գեւորգ Վարդանյանը խորհրդային արտաքին հետախուզության ծառայության առաջին հետախույզն է, որ իր կենդանության օրոք արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրա անունը նշված է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների 100 լավագույն հետախույզների ցանկում։ Նրան այսպես են գնահատել. «Զորգեին, Աբելին, Կիմ Ֆիլբիին հավասար… իսկ գուցե եւ առավել»։ Քաջարի հայորդու սխրանքների մեծ մասը «հույժ գաղտնի» կնիքի տակ է. առայսօր բացված է նրա տասնամյակներ ձգվող գործունեության լոկ առաջին էջը՝ «թեհրանյանը»։ Նրա ղեկավարած խմբին (հայեր, երկու ասորի եւ մեկ լեզգի) հաջողվում է կանխել «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ գերմանական հետախուզության ծառայության կազմակերպած մահափորձը («Երկար ցատկ»), որն իրականացնելու էր հայտնի Օտտո Սկորցենին՝ Հիտլերի սիրելին։
Իրանում աշխատելու տարիներին Վարդանյանին ու նրա խմբին հաջողվել է մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալ։ «Իմ կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկը «Թեհրան 43»-ն է։ Դրանից հետո էլ կարեւոր իրադարձություններ եղել են, որոնց մասին, սակայն, դեռեւս չի կարելի պատմել»,- ասել է ականավոր հետախույզն իր հարցազրույցներից մեկում։
Հանրահայտ են նաեւ Գեւորգի եւ նրա կնոջ՝ Գոհար Վարդանյանի (Փահլեւանյան) իտալական գործուղումները։ Աշխատելով այնտեղ՝ նրանք իրենց սեւեռուն ուշադրության կենտրոնում են պահել ՆԱՏՕ-ի հարավային թեւը։ Դրանք այն տարիներն էին, երբ ԱՄՆ ԿՀՎ ապագա տնօրեն (1977-1981թթ.) ծովակալ Ստենոֆիլդ Թերները, որն ԱՄՆ երբեմնի նախագահ Ջ. Քարտերի հետ սովորել էր ռազմածովային ակադեմիայում, նշանակվում է Հարավային Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար (1975թ.)։ Այդ ժամանակ Գեւորգ եւ Գոհար Վարդանյաններն ունեցել են աչքի ընկնող հասարակական դիրք, նրանց լավ են ճանաչել երկրի նախագահը, նախարարները, իսկ ամերիկյան ծովային բարձրաստիճան սպաները եւ ծովակալ Թերները մեկ անգամ չէ, որ նրանց ձեռքն են սեղմել եւ օգտվել նրանց ծառայություններից։ Հենց նրանք էլ օգնել են Գեւորգ Վարդանյանին, երբ նա գաղտնի հետախուզական առաջադրանքներով մեկնել է ԱՄՆ։
Գեւորգ Վարդանյանի անցկացրած փայլուն գործողությունները կարող են ընդգրկվել շատ երկրների հատուկ ծառայությունների դասագրքերում՝ որպես հետախույզի արդյունավետ աշխատանքի օրինակներ։
Ահա այսպիսին է Գեւորգ Վարդանյանը, մարդ, որի համաշխարհային հետախուզության պատմության մեջ կատարած ներդրման մասին կարող ենք կռահել միայն։
Խորհրդային Միության հերոս, նշանավոր հետախույզ Գեւորգ Վարդանյանին հանդիպեցի Մոսկվա մեկնելու նախօրեին։ Չնայած իր գերզբաղվածությանը, նա այնուամենայնիվ ժամանակ գտավ «Հայ զինվորին» հարցազրույց տալու։ Տիկին Գոհարը՝ նրա կյանքի անբաժան ուղեկիցը, նույնքան նշանավոր հետախույզը, չէր մոռացել իմ հեռախոսազանգով արված խնդրանքը. «Գեորգի Անդրեյիչին փոխանցեք, որ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթի համար է»։
Հանդիպեցինք նրա վաղեմի ընկեր ու բարեկամ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի աշխատասենյակում՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում։ Եվ ես սեղմեցի աշխարհի հզորագույն պետությունների նույնքան հզորագույն հետախուզական ծառայություններին «մատի վրա խաղացրած» հետախույզի ձեռքը։ Բարձրահասակ է, իր 86 տարիների համար բավականին ձիգ… Դիմագծերը նուրբ են, կանոնիկ՝ ասես դարերով հղկված։ Ավելի շուտ, նման է երկար տարիներ դիվանագիտական բարձր պաշտոններ զբաղեցրած մարդու… կամ գուցե թե՝ ապահով, փառահեղ միլիոնատիրոջ, եվրոպական հռչակված համալսարանների ծերունազարդ պրոֆեսորի… Ասես, տոհմիկ ազնվականության անհետացած սերունդներից…
Պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի անկեղծ ոգեւորությանը՝ «աշխարհահռչակ հետախույզ, մեծագույն սխրագործությունների հեղինակ, խորհրդային արտաքին հետախուզության լեգենդ», հետեւում է Գեորգի Անդրեյիչի խիստ մտերմիկ հանդիմանությունը. «Գուրգեն, հերիք գլուխս գովաս»։ Որքան հարազատություն կար նրա խոսքում, շեշտադրության մեջ… Եվ ակնթարթորեն անհետանում են ինձ ու լեգենդին միմյանցից բաժանող անթափանց պատերն ու անհաղթահարելի սահմանները… Մինչ ես վայելում էի համաշխարհային հետախուզության գագաթներ նվաճած իմ նշանավոր հայրենակցի հետ 45 րոպե մենակ մնալու եւ իմ հարցերով հզորագույն հետախուզական ծառայությունների կողմից երբեւէ չբացահայտված մարդու կյանքի ինչ-ինչ էջերը բացահայտելու երջանիկ սպասման հաճույքը, ընդարձակ աշխատասենյակը հետզհետե լցվում է համալսարանի դասախոսներով, աշխատակիցներով եւ ուսանողներով… Ես վաղուց չէի տեսել այդքան խանդավառ աչքեր ու դեմքեր… Ուրախությունն ու հրճվանքը, անթաքույց հպարտությունը ուղղակի հորդում էին նրանց սրտերից։ Յուրաքանչյուրն ուզում էր սեղմել հռչակավոր մարդու ձեռքը, հնարավորինս մոտ կանգնել նրան, հնարավորինս երկար մնալ կողքին, հնարավորինս ձգել այդ պատմական պահը… Այդպես է լինում հավանաբար միայն իսկական հերոսին հանդիպելիս։ Ես նրանց աչքերի մեջ տեսնում էի այդ կարոտը եւ այդ ընդհանուր ոգեւորությանն ու հրճվանքին, անկեղծ ու ինքնաբուխ մեծարանքին ի պատասխան հնչում էր հերոսի շնորհակալական խոսքը, որն ավելի շատ օրհնանքի էր նման. «Ջանիկներս, իմ լավ բալիկներս, իմ թոռնիկներս, ծոռնիկներս…»։
…Ահա այսպիսի պայմաններում ինձ վիճակվեց զրուցել Խորհրդային Միության հերոս, հռչակավոր հետախույզ Գեւորգ Անդրեասի Վարդանյանի հետ։ Եվ ինձ հատկացված 45 րոպեները ես սիրով ու հավասարապես բաժանեցի բոլոր ներկա գտնվողների հետ։
-Գեորգի Անդրեյիչ, հարցս գուցե մի քիչ միամիտ հնչի. դժվա՞ր է հետախույզի, հատկապես անլեգալ հետախույզի աշխատանքը։
-Եթե նվիրում կա, ապա հաղթահարելի է ամեն դժվարություն։ Դու պետք է նվիրված լինես այն գաղափարին, հանուն որի ապրում, պայքարում ես։ Դու պետք է նվիրված լինես այն երկրին, այն ժողովրդին, որի մասնիկն ես եւ անսահման սիրում ես նրան։ Այդ նվիրումն է քեզ ուժ տալիս, առաջ մղում, վստահություն ներշնչում։
-Հետախույզի աշխատանքը մշտապես պարուրված է եղել խորհրդավորության ինչ-որ քողով, ռոմանտիկ շղարշով…
-…Եվ պետք է ասեմ, որ իրականում բոլորովին էլ այդ հրապույրներից զուրկ չէ… Խիստ հետաքրքրական եւ միեւնույն ժամանակ խիստ ծանր ու վտանգավոր աշխատանք է։ Հետախույզի կյանքն ամեն օրը հղի է վտանգով, բայց, դե, դու պետք է պատրաստ լինես ամեն անակնկալի, ընտելանաս եւ ապրես։ Ապրես ինչպես բոլորը… Այլապես չես կարող աշխատել, ավելի ճիշտ՝ չես կարող հետախույզ լինել… Կյանքն անմնացորդ պայքար է, եւ դու պետք է դիմանաս այդ պայքարին, դիմանաս եւ միեւնույն ժամանակ ջանաս բարի լինել, չկոպտանալ, կյանքը, մարդկանց սիրել…
-Քիչ առաջ «գաղափար» ասացիք, բայց այսօր չկա այն գաղափարը, որին ժամանակին այնպես ջերմագին նվիրվել եք։ Չէ՞ որ Դուք մի ամբողջ կյանք ծառայել եք Խորհրդային Միության արտաքին հետախուզությանը…
-Այո՛։ Բայց հավասարության, եղբայրության գաղափարները համամարդկային եւ մարդկայի՛ն մեծ արժեքներ են… Այդ գաղափարները, ինչ խոսք, հիմա չկան, բայց կա այն երկիրը, այն ժողովուրդը՝ հանուն որի ես ապրել ու աշխատել եմ… Երկիրը, հո, մնացե՞լ է, թեկուզ ուրիշ անունով… Պատերազմի ժամանակ ես պայքարել եմ այն մեծ երկրի համար, որի մի փոքրիկ մասն էր կազմում նաեւ իմ հայրենիքը, իմ ժողովուրդը։ Խաղաղության տարիների իմ պայքարը դարձյալ իմ երկրի ու իմ ժողովրդի համար է եղել… Այո՛, այսօր, երբ, ավաղ, չկան այլեւս մեծ գաղափարները (ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում), պետք է աշխատել ու ապրել, պայքարել բուն հայրենիքի հզորացման համար։
-Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը։
-Ես օտարության մեջ եմ մեծացել՝ Իրանում։ Իսկ օտարության մեջ ապրող հայի համար հայրենիքը որոշակի տեղ, աշխարհագրական վայր լինելուց բացի, շատ ավելի հոգեղեն ու ոգեղեն գոյություն է… Ես համարյա կես դար դրսում եմ ապրել… Չկա ոչինչ հայրենիքից առավել, եւ հայրենիքը սիրելու համար մի կյանքը քիչ է։ Առանց հայրենիք մենք բոլորս ոչինչ ենք՝ ով էլ լինենք, ինչ պաշտոն էլ զբաղեցնենք։ Պետք է սիրենք մեր այս մի բուռ հայրենիքը, պետք է ծառայենք նրան, պետք է խոնարհվենք նրա առաջ եւ պետք է դողանք… Հայրս, մայրս, քույրս, եղբայրս երազել են հայրենիքի մասին, եւ հիմա հանգչում են իրենց երազած հայրենիքում։ Իմ սիրտը, իմ հոգին միշտ էլ հայրենիքում է՝ երեկ, այսօր, վաղը…
-Դուք հրաշալի հայերեն եք խոսում, եթե չհաշվենք պարսկահայերին բնորոշ բարբառային որոշ մեղանչումներ՝ «տեսամ, տվամ, փախցրամ…»։
-Ոչ այնքան (ծիծաղում է)։ Երբեմն ռուսերեն բառեր եմ խառնում։ Հայերենիս համար պարտական եմ ուսուցիչներիս ու ծնողներիս… Ես հիանալի ուսուցիչներ եմ ունեցել, որոնց ամեն անգամ մեծ ակնածանքով եմ մտաբերում՝ Առաքելյան, Համբարձումյան, Շահինյան, Վարոս Բաբայան… Վերջինս հետագայում դարձավ մեր դպրոցի տեսուչը… Մի քանի տարի Թավրիզում եմ սովորել, հետո ռուս-հայկական գիմնազիայում՝ չորս տարի։ 36-ին, երբ Ռեզա շահի օրոք փակվեցին հայկական դպրոցները (նա այդ քայլին դիմեց Տաճկաստանից (Թուրքիա) վերադառնալուց հետո), ես սովորեցի պարսկական դպրոցում։ Իսկ իմ առաջին ուսուցիչը հայրս է եղել՝ Անդրեաս Վարդանյանը…
-Դուք հետախույզ եք դարձել Ձեր հոր օրինակով։
-Նա իմ կյանքի լավագույն օրինակն է եղել։ Հայրս ծնվել է Սալմաստում, շատ աղքատ ընտանիքում։ Որբ է մեծացել, մայրը լվացք անելով է նրան պահել։ Ութ տարեկանում մայրը ազգականի հետ նրան Ռոստով է ուղարկում՝ մարդ դառնալ։ Հայրս հետագայում հանդիպում է մորս, որը մեծահարուստի աղջիկ է լինում, ամուսնանում են։ Պարսկաստան հայրս վերադառնում է որպես մեծահարուստ, նաեւ՝ հետախույզ։ Նա հասարակության մեջ լավ համարում, դիրք եւ բազմազան կապեր ուներ, ինչը նրան շատ է օգնում հետախուզական աշխատանքում։ Նա 23 տարի աշխատել է խորհրդային հետախուզության կազմում։ Ես իմ հաջողությունների համար առաջին հերթին պարտական եմ հորս եւ եւս մի պայծառ մարդու՝ Հովհաննես Աղայանցին։ Նա այն ժամանակ Իրանում խորհրդային արտաքին հետախուզության ղեկավարն էր։ Թեեւ ընդամենը 30 տարեկան էր, երբ առաջին անգամ հանդիպեցինք, բայց ինձ մեծ մարդ էր թվում։ Հետո միայն կիմանամ, որ Աղայանցը լեգենդար հետախույզ է։ Նա է, որ ինձ հետախույզ դարձրեց։
-Գեորգի Անդրեյիչ, Ձեր գործունեության զգալի մասը դեռեւս գաղտնազերծված չէ եւ դեռեւս, ինչպես ասում են, յոթ փակի տակ է պահվում, բայց աշխարհը գիտի Ձեր իրանական գործունեության հայտնի դրվագը. երբ ձեր ղեկավարած «Թեթեւ հեծելազոր» խմբի շնորհիվ 1943թ. Թեհրանի կոնֆերանսի ընթացքում կանխվեց Չերչիլի, Ստալինի եւ Ռուզվելտի դեմ կազմակերպված մահափորձը… Ինչ եք կարծում, կարո՞ղ ենք ասել, որ հակառակ դեպքում մարդկության պատմությունն այլ ուղիով կընթանար…
-Ո՛չ, ամենեւին ոչ։ Ֆաշիզմը, մեկ է, պետք է ջախջախվեր։ Ֆաշիզմն այլ ճանապարհ չուներ։ Եվ ջախջախվեց։ Ֆաշիզմը չէր կարող հաղթել, նա դատապարտված էր պարտության։ Մենք չլինեինք, կգտնվեին ուրիշները, գուցե շատերը… Եվ փառք Աստծո, որ ֆաշիզմը պարտվեց… Աշխարհը մի մարդով չէ…
-Բայց, ասում են՝ Թեհրանի կոնֆերանսի 64-րդ տարեդարձի օրը Ձեզ մոտ՝ Մոսկվա է եկել Չերչիլի թոռնուհին, որպեսզի շնորհակալություն հայտնի իր հռչակավոր պապին փրկելու համար…
-Ասեմ, որ Սիսիլիա Սանդիսը՝ Չերչիլի թոռնուհին, ծնվել է հենց Թեհրանի կոնֆերանսի օրը։ Այո՛, նա 2007-ի նոյեմբերին ուղեկիցների եւ լրագրողների մի մեծ խմբով եկավ ինձ տեսության եւ իսկապես շնորհակալություն հայտնեց պապին փրկելու համար։ Այդ մասին գրեցին բրիտանական բոլոր լրատվամիջոցները… Ի դեպ, այդ բարեկամական խմբի հետ նաեւ հետախույզներ էին ժամանել…
-Դե, իհարկե, անգլիական հետախուզությունը չէր կարող բաց թողնել Ձեզ սեփական աչքերով տեսնելու առիթը։
-Անգլիացիները երբեք անկեղծ «խաղացողներ» չեն եղել, երբեք անկեղծությամբ աչքի չեն ընկել։ Նրանք անկեղծ չեն եղել եւ ոչ մեկի հանդեպ… Թեեւ պետք է խոստովանեմ, որ անձամբ ինքս շնորհակալ պետք է լինեմ անգլիական հետախուզությանը։ 1942թ. ինձ հաջողվեց ներթափանցել անգլիացիների բացած հետախուզական դպրոց։ Կես տարվա ընթացքում ես անցա ուսման լրիվ դասընթացը։ Նորին գերազանցության հատուկ ծառայության սպաներից ստացած հիմնավոր գիտելիքներս՝ հավաքագրման աշխատանք, գաղտնագրում, երկկողմ կապերի պահպանում, արտաքին հսկողություն, իմ հետագա կյանքում ինձ շատ պետք եկան…
-Կինոնկարներից, գրքերից գիտենք, որ հետախույզները շատ սառնարյուն մարդիկ են. Ձեր կարգի հետախույզը իր գործունեության ընթացքում ունեցե՞լ է հուսահատության պահեր։
-Հուսահատության՝ ո՛չ, որովհետեւ երբ ծառայում ես հայրենիքիդ, երբ քո աշխատանքը քո համոզմունքն է, հուսահատվելու իրավունք չունես… Իսկ ափսոսանքի պահեր, ինչու չէ… Մեկը հատկապես անմոռաց է, թեեւ այդ օրվանից 60 եւ ավելի տարիներ են անցել։ Ես այն ժամանակ 16-17 տարեկան պատանի էի… Հիշենք, որ Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Գերմանիայի հեռահար պլաններում չափազանց մեծ դեր էր վերապահվում Իրանին՝ ամենից առաջ նավթի եւ կապուղիների իմաստով։ Պատերազմի սկզբին Իրանում արդեն կար գրեթե 20 հազար գերմանացի՝ ռազմական հրահանգիչներ, հետախույզներ, գործակալական լայն ցանց… Համառ ու տեւական աշխատանքի շնորհիվ իմ խմբին հաջողվեց գտնել Թեհրանում գերմանական արտաքին հետախուզության ղեկավար, շատ հայտնի հետախույզ Ֆրանց Մայերի հետքը… Նա գերեզմանափոր էր աշխատում հայկական գերեզմանատանը։ Երկար մորուք էր աճեցրել, մազերը հինա էր դրել եւ իսկական պարսիկ գերեզմանափորի կերպարանք էր ընդունել… Մայերը հիանալի պարսկերեն էր խոսում, ինչպես նաեւ ռուսերեն։ Մոսկվայից հրահանգ ստացանք՝ շարունակել արտաքին հսկողությունը, մինչեւ բոլոր շփումների, կապերի բացահայտումը։ Վերջին պահին, երբ արդեն համարյա բացահայտված էր ամեն ինչ, եւ այլեւս անելիք չկար, անգլիական հետախուզությունն ուղղակի մեր քթի տակից փախցրեց Ֆրանց Մայերին… Ափսոսանքից մենք լաց էինք լինում…
-Ես կարդացել եմ այդ հռչակավոր հետախույզի օրագրերը։ Նա հատկապես աչքի է ընկել Հիտլերին իր նվիրվածությամբ։ Ծանր մի օր, ով գիտե, գուցե նույնիսկ հենց գերեզմանափոր աշխատած ժամանակ, նա գրել է մոտավորապես հետեւյալը. «Այսօր Ֆյուրերի ծննդյան օրն է, բայց ես ահա միայնակ նստած եմ այս դժոխքում եւ հնարավորություն չունեմ իմ նվիրվածությունն ու ուրախությունն առ Ֆյուրերը բարձրաձայն արտահայտել»։
-Այո՛, նա շատ հմուտ հետախույզ էր, բարձր կարգի պրոֆեսիոնալ…
-Իսկ ինչպե՞ս եղավ, որ նման հետախույզի աչքը վրիպեց։
-Հայերը մի շատ հայտնի խոսք ունեն՝ խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում… Ինձ թվում է՝ նման կարգի պրոֆեսիոնալը չէր կարող մեզ նկատած չլինել… Նա պարզապես թերագնահատեց մեզ, լուրջ չընդունեց եւ սխալվեց…
-Դո՞ւք էլ եք դժվարին պահեր ունեցել…
-Անպայման, բայց այդ պահերին մշտապես կողքիս է եղել իմ գործընկերն ու կյանքի անբաժան ուղեկիցը՝ Գոհարը։ Նրա ներկայությունն ինձ պայքարելու, դիմանալու մեծ ուժ է տվել… Եվ հետո… աշխատանքիս ընթացքում ոչ մի պահ անգամ չեմ մոռացել իմ հայրենիքը։ Ինձ համար նպատակը վեր է եղել ամեն բանից։ Այդ նպատակը երբեք ինձ թույլ չի տվել թուլանալ, տրտնջալ, հուսահատվել… Այսպիսին է հետախույզի աշխատանքը. բոլոր ցավերի դեմ նա միայն մի դարման ունի՝ նվիրում։
-Հետախույզն ամենից շատ ինչի՞ց է վախենում։
-Դավաճանությունի՛ց։
-…Եվ ինչո՞ւմ է վստահ ու համոզված։
-…Որ ընկերները իրեն չեն լքի։ Եվ մենք երբեք մեր ընկերներին չենք լքել։ Եթե հարկ է եղել՝ փախցրել ենք, եթե կարողացել ենք՝ փողով ենք ազատել։ Փոխանակել ենք։ Հարավային Աֆրիկայում մեր գործակալին փոխանակեցինք 11 հոգու հետ։
-Կա՞ արդյոք բարոյականության մի սահման, որը Դուք երբեւէ չեք խախտել։
-Ես երբեք իմ ընկերներին չեմ ներքաշել իմ գործերի մեջ, երբե՛ք։ Նրանց հետ պարզապես ընկերություն եմ արել։ Եվ այդ բանի շնորհիվ ես շատ ընկերներ ունեմ՝ լավ ընկերներ։ Եվ նրանք ինձ բոլորն էլ հարգում են, որովհետեւ ես ինքս հարգում եմ ինձ։
-Հսկայական է Ձեր ներդրումը խորհրդային արտաքին հետախուզությունում… Անկեղծորեն ասեք, երբեւէ կարո՞ղ էիք մտածել, որ կարժանանաք Խորհրդային Միության հերոսի կոչման։
-Երբեք վարձատրություն չեմ ակնկալել… Հայրս սեփական ունեցվածքն էր ծառայեցնում իր գործին… Մտքովս անգամ չէր անցնի, թե երբեւէ իմ իսկական անուն-ազգանունը բարձրաձայն կհնչի, էլ ուր մնաց՝ հերոսի կոչման արժանանամ… Հիշում եմ, սովորական օր էր. Գոհարը դուրս եկավ՝ խանութ, թե ուր… Տանը միայնակ նստած էի։ Հանկարծ հեռագրասարքն աշխատեց։ Սովորաբար հեռագրերը Գոհարն էր ընդունում։ Ստիպված ես մոտեցա սարքին։ Չափազանց սեղմ հեռագիր էր, իսկ կարճ հեռագրերը սովորաբար տագնապ, զգուշացում էին պարունակում։ Ես համարյա ահաբեկված ձեռքս առա հեռագիրն ու կարդացի… Աչքերիս չէի հավատում։ Նորից կարդացի. «Դուք արժանացել եք Խորհրդային Միության հերոսի կոչման, Գոհար Վարդանյանը՝ Կարմիր դրոշի շքանշանի…»։ Անսպասելիությունից շունչս կտրվեց… Վերադարձավ Գոհարը. «Ժորա, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես սփրթնել, երեսիդ գույն չկա»։ Ասացի՝ «չէ՛, չէ՛, լավ բան է, կարդա»։ Գոհարը կարդաց… Մենք իրար գրկեցինք եւ ուրախությունից լաց եղանք։ Եվ ուղիղ ռեստորան գնացինք ու մի լավ քեֆ արեցինք… Ախր, այդ օրը 1984թ. մայիսի 28-ն էր, մեր հայրենիքի անկախության օրը… Պարգեւները մենք ստացանք ամռանը՝ ՊԱԿ-ի նախագահ, բանակի գեներալ Չեբրիկովից, որոշակի մարդկանց շատ նեղ շրջանակում…
-Փաստորեն, պետանվտանգության վաստակավոր աշխատող, գնդապետ Գեւորգ Անդրեասի Վարդանյանն առայսօր միակ անլեգալ հետախույզն է, որ Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել խաղաղ ժամանակներում ծավալած աշխատանքի համար…
-Հա՛, այդպես է դուրս գալիս (ծիծաղում է)։ Առայժմ ուրիշը չկա, ես եմ… Թեեւ իմ եւ կնոջս երկարամյա վաստակը լիովին գնահատված կարելի էր համարել, բայց շարունակեցինք աշխատել մինչեւ 1986թ…. Մենք մեր վերջին գործուղումից վերադարձանք 86-ի աշնանը։
-Մինչդեռ, եթե չեմ սխալվում, Դուք գաղտնազերծվեցիք համարյա 14 տարի անց՝ 2000 թվականին։ Գեորգի Անդրեյիչ, ինչ եք կարծում, ինչո՞ւ հանկարծ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ձեզ գաղտնազերծելու նման աննախադեպ որոշում ընդունեց։
-2000թ. դեկտեմբերին՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության 80-ամյակի օրը, առաջին անգամ հեռուստացույցների էկրաններին երեւացին անլեգալ հետախույզներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների դեմքերը… Ես չեմ հավակնում միակ ճիշտ պատասխանին, բայց ինձ թվում է (թող մեծամիտ չհնչի), որ Ծառայությունը նման քայլի դիմեց աշխարհին ցույց տալու համար իր հզորությունը. ասել է թե՝ թող աշխարհը տեսնի, թե մենք ովքեր ենք, թե մեր հետախուզության ձեռքերը մինչեւ ուր կարող են հասնել… Այդ օրը հավանաբար աշխարհի շատ ու շատ մեծամեծ պետությունների, հետախուզական գաղտնի ծառայությունների ղեկավարներ իրենց մատը կծեցին կամ էլ ծոծրակները քորեցին…
-Հավանաբար հաճելի է ճանաչված լինելը, երբ մի ամբողջ կյանք ուրիշի անունով կամ ծածկանվամբ ես ապրել։
-Իհարկե հաճելի է։ Փողոցով քայլում ես, հանկարծ անծանոթ մարդիկ քեզ ճանաչում են, մոտենում, ձեռքդ են սեղմում, շնորհակալություն են հայտնում… Քեզ դիմում են քո իսկական անուն-հայրանունով… Դրանից էլ լավ բա՞ն…
-Երեւանում նույնպե՞ս։
-Հայաստանում նույնպես։ Ես ուրախանում եմ, երբ ինձ հատկապես ճանաչում են երիտասարդները։ Անվստահ, ամոթխած նայում են, չեն համարձակվում մոտենալ։ Այդ դեպքերում ես ինքս եմ մոտենում նրանց, բարեւում եմ, սեղմում բոլորի ձեռքերը… Ի՞նչ խոսք, հաճելի է, երբ մարդիկ քեզ ճանաչում են։
-Սիրո՞ւմ եք Երեւանը։
-Շա՛տ. Երեւանը ո՞վ չի սիրում։ Ամեն անգամ՝ թե՛ պատերազմից հետո, թե՛ ավելի ուշ, երբ հարց է առաջադրվել՝ որտե՞ղ կուզենաք ապրել, մեր ընտրությունը միշտ էլ Երեւանի վրա է կանգառել։ Իմ տունն այստեղ է։ Երեւանը մեր ամբողջ կյանքի երազանքն է եղել։ Այստեղ մենք բարեկամություն ունենք, վաղեմի ընկերներ…
-Իսկ Թեհրանը հիշո՞ւմ եք…
-Ոչ միայն հիշում եմ, այլեւ շատ եմ կարոտում։ Ի վերջո, իմ մանկությունը, պատանեկությունը այնտեղ են անցել։ 27 տարեկան էի, երբ այնտեղից դուրս եկա։ Շատ թանկ հիշողություններ են ինձ այդ քաղաքի հետ կապում։ Շատ երկրներում եմ եղել, շատ շքեղ, սիրուն քաղաքներ եմ տեսել, բայց եթե հանկարծ ինձ հարցնեն, թե՝ ո՞ր քաղաքը կուզենայիր տեսնել, ես կասեի՝ մենակ Թեհրանը… Ավա՜ղ, այնտեղ վերադառնալ չեմ կարող… Այնտեղ ամենուրեք իմ մատնահետքերն են…
-Հետախուզությունը Ձեզ համաշխարհային փառք բերեց, իսկ կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ խլեց Ձեզնից, ինչի՞ց զրկեց։
-…Ես ու Գոհարը նոր էինք ամուսնացել եւ շատ էինք ուզում երեխաներ ունենալ, բայցեւ չուզեցինք նրանց կյանքը վտանգի ենթարկել. պատերազմ էր։ Ղեկավարությունն անգամ խրախուսում էր երեխա ունենալը, բայց կյանքը մեզ իր հունով տարավ…
-Հետախույզները սովորաբար շատ լեզուների են տիրապետում. Դո՞ւք քանի լեզու գիտեք։
-Ութ՝ պարսկերեն, ռուսերեն, հայերեն, անգլերեն, իտալերեն եւ էլի երեք լեզու…
-Իսկ ամենից շատ ո՞ր լեզուն եք սիրում։
-Արեւելյան լեզուներից՝ միանշանակ պարսկերենը, եվրոպականից՝ իտալերենը… Իսկ հայերենն իմ մայրենի լեզուն է, քաղցր է։
-Կա՞ն հայերեն բառեր, արտահայտություններ, որոնք Դուք սիրում եք օգտագործել։
-Բառե՞ր… Չեմ կարող ասել…
-Ասենք՝ «ջանիկս» բառը. այսօր արդեն մի քանի անգամ ասացիք։
-Հա՛, ճիշտ եք ասում, ես նույնիսկ ռուսների հետ խոսելիս եմ ջանիկս ասում՝ «Իվան Իվանիչ, ջանիկս» (ծիծաղում է)։
-Ձեր այս՝ հերթական այցելության ընթացքին ինչպիսի՞ն տեսաք Հայաստանը։
-Ավելի առաջադեմ, ավելի գեղեցկացած։ Սակայն մեր ժողովուրդը շատ ավելի լավ կյանքի է արժանի։ Տվեք այս ժողովրդին աշխատանք, եւ նա դրախտ կդարձնի այս երկիրը։ Մարդիկ դեռեւս լավ չեն ապրում, ինչն էլ ինձ շատ է տխրեցնում։
-Գեորգի Անդրեյիչ, հենց նոր պաշտպանության նախարարությունից եք գալիս, ոգեւորված եք…
-Ոգեւորված եմ, որովհետեւ մեր բանակը առաջ է գնում, եւ դա ինձ շատ է ուրախացնում։ Բանակի ղեկավարները հմուտ մարդիկ են, իրենց գործին նվիրված հայրենասերներ։ Ես միշտ էլ հեռվից հեռու հետեւում եմ մեր բանակի զարգացմանը։ Իսկապես ուժեղ, իսկապես կազմակերպված բանակ ունենք։ Մեր բանակի հաջողությունները միայն թշնամին չի ուզենա տեսնել։ Ես հավատում եմ մեր զինվորի ուժին, ոգուն։ Մեր ազգը մարդու պինդ տեսակից է՝ չկոտրվող, չխոնարհվող։ Մեզ դժվար է ծնկի բերել։ Դժվարին է եղել մեր պատմությունը, բայց, ինչպես տեսնում եք, դիմացել ենք, կանք… Դոլորես Իբարուրիի խոսքերը կարծես հենց մեր ազգի մասին է ասված. «Ավելի լավ է մարդ կանգնած մեռնի, քան ապրի ծնկաչոք»։ Մենք միշտ արժանապատիվ կյանքն ենք գերադասել։ Այսպիսին է եղել հայը, այսպիսին է այսօր մեր զինվորը։ Նա պահում է մեր ներկան ու մեր ապագան։ Ես հավատում եմ մեր զինվորի ուժին…
-Գեորգի Անդրեյիչ, մտածում եմ՝ Ձեր կյանքը, թեկուզ այն չնչին մասը, որ բացահայտված է, հետախուզական, հայրենասիրական բազմասերիանոց կինոնկարի ի՜նչ հրաշալի նյութ կդառնա։ Ինչո՞ւ այդ մասին չեն մտածում մեր հայ կինոմատոգրաֆիստները. բա, հայրենիքը երազելու, հայրենիքը սիրելու, քո ժողովրդին, նրա մեծագործությունները ճանաչելու, քո ժողովրդով հպարտանալու, ոգեւորվելու ուրիշ ի՞նչ նյութ ու ասելիք է նրանց հարկավոր… Ի դեպ, «Թեհրան 43» կինոնկարը հավանո՞ւմ եք։
-Հավանում եմ, եթե կրակոցները չհաշվենք։ Ես ռեժիսորին՝ Նաումովին, դերասաններ Ջիգարխանյանին, Կոստալեւսկուն ասացի՝ էդպես չի լինում, ճիշտ չէ, հետախույզը չի կրակում, իսկ ձեր կինոնկարում նրանք կրակում, միանգամից տասը հոգու գետին են փռում… Ասացին՝ հետաքրքրության համար ենք անում, հանդիսատեսը սիրում է կրակոցներ։
-Իսկ դուք լա՞վ եք կրակում։
-Իհարկե։ Գոհարը՝ ավելի լավ, բայց հետախույզի գործը կրակելը չէ։ Հետախույզը մարդասպան՝ քիլլեր չէ… Ի դեպ, Ռուսաստանում մի նոր կինոնկար է նկարահանվել, որի հերոսների նախատիպերը մենք ենք։ Այն կունենա կամ «Ճշմարտությունը «Թեհրան 43»-ի մասին», կամ՝ «Վարդանյանները ընդդեմ Օտտո Սկորցենիի» անվանումը։ Կինոնկարը թեեւ գեղարվեստական մեծ արժանիքներ չունի, սակայն, իմ կարծիքով, փոխարենը բավականին ճշմարիտ եւ հավաստի պատկերացում է տալիս 43 թվականի մեր եւ ամբողջ աշխարհի ժողովուրդների համար բախտորոշ այդ օրերի մասին։ Իմ տեղեկություններով այն էկրան կբարձրանա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
-Սիրո՞ւմ եք հետախուզական կինոնկարներ դիտել, գրքեր կարդալ… Հայտնի հետախույզներից ո՞ւմ անունը կտայիք…
-Սիրում եմ, եթե լավ կինոնկար է, եթե լավ գիրք է…
-Իսկ հետախույզներից, այնուամենայնիվ, ո՞ւմ կհիշեիք։
-Անպայման Աբելին, Ջորջ Բլեքին եւ Կիմ Ֆիլբիին։
-Գեորգի Անդրեյիչ, 46 տարի գաղտնի հետախուզությունում աշխատելուց հետո, 1992 թվականից թոշակառու եք, բայց, որքան գիտեմ, Դուք հիմա էլ եք աշխատում եւ Ձեր հարուստ փորձը հաղորդում հետախույզների նոր սերունդներին։ Ե՞րբ եք հանգստանալու։
-Էն աշխարհքում կհանգստանամ (ծիծաղում է)։ Հայրս չափազանց աշխատասեր մարդ էր, ասում էր՝ մարդ քանի շնչում է, պետք է աշխատի։ Ինքը հենց այդպես էլ ապրեց։ Ես էլ հաստատ հորս եմ քաշել։ Իրար գումարած մի 120-130 տարվա ստաժ կունենամ՝ ընդհատակի տարին երկուս է հաշվվում, պատերազմինը՝ երեք։
-Իսկը հուշեր գրելու ժամանակն է, մանավանդ որ՝ ասելիքի պակաս հաստատ չունեք…
-Իմ հուշերը իմ գլխում են եւ իմ… արխիվում։ Երբեւէ դրանք կհրատարակվեն եւ լույս կսփռեն մեր այս խառնակ ու դաժան ժամանակների, իմ ու կնոջս կյանքի, գործունեության վրա…
-Ինչ եք կարծում, ի՞նչ է սպասվում մարդկությանը։
-Մարդկությունը պետք է միաբանվի։ Սաադին՝ պարսիկ միջնադարյան հանճարեղ բանաստեղծը, որքա՜ն լավ է ասել (պարսկերեն բարձրաձայն արտասանում է եւ իսկույն էլ թարգմանում). «Եթե դու չես ապրում մարդկության ցավերով ու հոգսերով, ուրեմն մարդ կոչվելու իրավունք չունես»։
-Հավատո՞ւմ եք Աստծուն։
-Ես հավատում եմ մարդուն։ Մարդն աշխարհ է գալիս ապրելու, պայքարելու եւ հաղթելու համար։ Եվ ես այդ հավատով եմ ապրում։
***
Մեկ անգամ էլ եմ սեղմում ականավոր հետախույզի ձեռքը՝ այս անգամ արդեն որպես շնորհակալության նշան։ Նայում եմ՝ մեր սեղանն արդեն լցված է աշնանային վառվռուն մրգերով, արեւելյան քաղցրավենիքով, հայկական գինով ու ժպտացող պիստակով…
-Համեցե՛ք, Գեորգի Անդրեյիչ, պիստակ կերեք։ Սիրո՞ւմ եք։
-Ռաֆսանջանի՞ պիստակ է,- խորամանկ ժպտում է,- Ռաֆսանջանի պիստակը լավագույնն է… Շա՜տ եմ սիրում…
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր
Լուսանկարները՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ