ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ
Ընթերցողի ուշադրությանն ենք թարգմանաբար ներկայացնում ռուս վերլուծաբան ՍՏԱՆԻՍԼԱՎ ՏԱՐԱՍՈՎԻ հոդվածը, որն օգոստոսի 28-ին տպագրվել է «Regnum» լրատվական գործակալության ինտերնետային կայքում (http://www.regnum.ru/news/ 1439560.html:
Փորձագետներն ու քաղաքական գործիչները միանշանակ չեն արձագանքում Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բուռն իրադարձություններին, որոնց այլ կերպ անվանում են «արաբական գարուն»: Նրանցից շատերը պատմական զուգահեռներ են փնտրում՝ փորձելով կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը: Սակայն այդ տարածաշրջանի ժողովուրդների պատմության մեջ նման զուգահեռներ գտնելը հեշտ չէ:
Իսկապես, հեղափոխության «հրդեհը», ճարակելով սկզբում Թունիսն ու Եգիպտոսը, արագորեն իր բոցերի մեջ առավ Բահրեյնն ու Եմենը, Լիբիան ու Սիրիան, Հորդանանն ու Մարոկկոն: Այդ երկրներում տարբեր կերպ արձագանքեցին «հրդեհին»: Բահրեյնում ապստամբությունը ճնշվեց տանկերով և Սաուդյան Արաբիայի զինվորներով: Հորդանանի ու Մարոկկոյի թագավորները շտապեցին հրաժարվել իրենց իշխանական լիազորությունների մի մասից: Լիբիայի դեմ դուրս եկավ ՆԱՏՕ-ի զինված դաշինքը, և այդ երկրում բոցկլտում է քաղաքացիական պատերազմը: Այդպիսի պատերազմի եզրին է նաև Սիրիան: Ամենևին էլ ակնհայտ չէ, որ թագավորական ռեժիմը կպահպանվի Սաուդյան Արաբիայում, խնդրահարույց է թվում Եմենի ապագան: Ի՞նչ է կատարվում:
Եթե փաստերն իմաստավորելիս հետևողական լինենք, ապա ակնհայտ կդառնա, որ իրագործվում է «Մեծ Մերձավոր Արևելքի» (ՄՄԱ) ամերիկյան աշխարհաքաղաքական նախագիծը, որը մշակվել է ավելի քան 30 տարի առաջ: Այն ավելի մանրամասն շարադրված է Ջ.Քեմպի և Ռ.Հարկավիի «Ռազմավարական աշխարհագրությունը և փոփոխվող Մերձավոր Արևելքը» աշխատության մեջ: Ըստ ամերիկացի փորձագետների՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներխուժումն Աֆղանստան (2001թ.) և Իրաք (2003թ.) ուղղակիորեն կապված է ՄՄԱ-ի արևելյան հատվածը աշխարհաքաղաքական ձևափոխման (ֆորմատավորման) ենթարկելու ձգտման հետ: Այն ժամանակ խոսվում էր Աֆղանստանի, Պակիստանի, Միջին Ասիայի և Անդրկովկասի մասին: Սակայն ամերիկացիների մտածածի մի զգալի մասը չիրագործվեց: 2011 թվականից նրանք որոշեցին տեղի իշխանությունները փոխելու միջոցով ամրապնդել իրավիճակը ՄՄԱ-ի արևելյան մասում՝ վերակառուցելով այդ մակրոտարածաշրջանի արևմտյան մասը:
Ուստի քննադատության չի դիմանում մի շարք քաղաքական գործիչների այն կարծիքը, թե արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններն անհնար էր կանխատեսել, որ դրանք բոլորին «հանկարծակիի բերեցին»: Այսպես, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ տարածաշրջանում տեղի է ունենում «ժամանակակից երկրորդ հակագաղութային սպասելի հեղափոխությունը»՝ նկատի ունենալով, որ առաջինը Խորհրդային Միության փլուզումն էր, իսկ «Թուրքիան, որպես տարածաշրջանի ամենահին ժողովրդավարություն, կարող է օրինակ դառնալ մահմեդական աշխարհի նորացվող երկրների քաղաքական կառուցվածքի համար»:
Իսկապես, տարածաշրջանում կատարվող ցնցումների ուղղակի հետևանքով Անկարայի աշխարհաքաղաքական դերի մեծացման մասին փորձագետները շատ են գրում և դատողություններ անում: Ադրբեջանցի քաղաքագետ, քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն, օրինակ, համոզված է, որ Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում և Կովկասում ի հայտ է գալիս «միանգամայն նոր ուժային կենտրոն»: Սակայն առավել խորաթափանց թուրք փորձագետները Անկարային կոչ են անում առանձնապես չոգևորվել կարծես թե ուրվագծվող՝ իրենց համար բարենպաստ աշխարհաքաղաքական հեռանկարով: Ի դեպ՝ այդ մասին օրերս հիշեցրեց «Հյուրիեթ» թերթի թուրք հայտնի քաղաքական մեկնաբան Յուսուֆ Քանլին՝ «Սայքս-Պիկոյի նոր համաձայնագիրը» հոդվածում: Նա մի հարց ուղղեց իշխանությանը. «Ինչո՞ւ ամերիկյան ամսագրերն ու կիսապաշտոնական կայքերը հաճախ են տպագրում Թուրքիայի նոր քարտեզը, որի վրա Թուրքիայի արևելյան մասում (13 նահանգներում) նշվում է Քրդական պետությունը՝ Դիարբեքիր մայրաքաղաքով»:
Այս առթիվ տեղին է հիշելը, որ 2006թ. հունիսին հրապարակվեց ապագա «Մեծ Մերձավոր Արևելքի» քարտեզը, որը գծագրել էր ամերիկյան հետախուզության վետերան գնդապետ Ռալֆ Պետերսը: Քարտեզը տպագրվեց «Armed Forces Journal»-ում՝ խորհրդանշական վերնագրով՝ «Արյունոտ սահմաններ»: Սկզբում թուրք փորձագետներից շատերը, և ոչ միայն նրանք, Պետերսի նկարածն ընկալում էին սոսկ որպես «խելառ ռոմանտիկի երևակայության արգասիք»: Բայց այսօր՝ «արաբական գարնան» լույսի ներքո, այդ հոդվածի գնահատականը սկսում է որակապես փոխվել:
Պատմում են, որ «Պետերսի քարտեզը» ժամանակին ի ցույց էր դրվել Հռոմում ՆԱՏՕ-ի ռազմական քոլեջում, որտեղ ուսանում էին թուրք սպաները: «Մասնատված Թուրքիայի» տեսքից վիրավորված՝ նրանք բողոքում են սեփական հրամանատարությանը, որից հետո Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ գեներալ Բեյուքանիտը «վճռական բողոք» է հայտնում ԱՄՆ շտաբների պետերի կոմիտեի նախագահին: Արդյունքում` քարտեզը հանում են, բայց քաղաքականությունը մնում է: Իսկ ինչ-որ առումով էլ, մասնավորապես Քուրդիստան պետության ստեղծման հարցում, Պետերսի քարտեզն արդեն արտացոլում է այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունը:
Հենց դա է ակնարկում Յուսուֆ Քանլին՝ ընթերցողին հիշեցնելով պատմական փաստերը. «1916թ. մայիսին բրիտանացի և ֆրանսիացի դիվանագետներ Մարկ Սայքսը և Ժորժ Պիկոն ստորագրեցին գաղտնի համաձայնագիր, որով միմյանց միջև բաժանեցին դեռևս չփլուզված Օսմանյան կայսրության տիրույթները,- գրում է Քանլին: – Ըստ համաձայնագրի՝ Անգլիան իշխանություն էր ստանում Հորդանանն ու Իրաքն ընդգրկող շրջանների, ինչպես նաև Հայֆայի շուրջ եղած ոչ շատ մեծ տարածքի նկատմամբ: Ֆրանսիան իշխանություն էր ստանում ներկայիս հարավարևելյան Թուրքիայի մեծ մասի, Հյուսիսային Իրաքի, Սիրիայի և Լիբիայի նկատմամբ: Պաղեստինի նկատմամբ ենթադրվում էր հաստատել միջազգային հսկողություն: Թուրքական նեղուցները, ներառյալ Հալիպոլի թերակղզին, ներկայիս Թուրքիայի արևելյան մասը (Արևմտյան Հայաստանը) անցնում էին ռուսական տիրապետության տակ: Իտալիան, իր հերթին, ստանում էր Էգեյան կղզիներից մի քանիսը, ինչպես նաև ազդեցության գոտի՝ Իզմիրի և ներկայիս Թուրքիայի հարավ-արևմուտքի շուրջ: Օսմանյան կայսրության բաժանման մասին այդ համաձայնագիրը հետագայում դարձավ 1920թ. օգոստոսի Սևրի պայմանագրի հիմքը, ըստ որի՝ Թուրքիայի արևելքում պետք է կազմավորվեր հայկական պետություն, իսկ հարավ-արևելքում՝ քրդական պետություն»:
Քանլին նշում է նաև, որ «Սայքս-Պիկոյի համաձայնագրի ստորագրումից համարյա 100 տարի անց Մերձավոր Արևելքը դարձյալ բոցերի մեջ է և բավականին տարօրինակ է, որ հենց Բրիտանիան և Ֆրանսիան են ղեկավարում Լիբիայի ավիառմբահարումները՝ առաջնորդվելով ամենևին էլ ոչ Հյուսիսային Աֆրիկայի բեդուինների հանդեպ տածած սիրով»:
Թուրք մեկնաբանը իրավացիորեն հարց է տալիս. «Ինչո՞ւ ԱՄՆ-ը Վիլսոնի դոկտրինով նախաստորագրեց 1916թ. համաձայնագիրը և մինչև օրս չի ճանաչում 1923թ. Լոզանի պայմանագիրը, և արդյոք դա չի՞ նշանակում պատմության թատերաբեմ նետել տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր խաղ՝ 20-րդ դարի սկզբի «նախշերով»»:
ՏԵՂԵԿԱՆՔ. Վիլսոնի դոկտրին են կոչվում ԱՄՆ 28-րդ նախագահ (1913-1921) Վուդրո Վիլսոնի հռչակած 14 դրույթները, որոնք նա ձևակերպել է 1918թ. հունվարի 8-ին` ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր ուղերձում: 5-րդ կետում արտահայտվում է, մասնավորապես, բոլոր ժողովուրդների ինքնիշխանության (ինքնորոշման) իրավունքի գաղափարը, իսկ 12-րդ կետում նշվում է. «Այսօրվա Օսմանյան կայսրության թուրքական տարածքների համար պետք է երաշխավորվի հուսալի ինքնիշխանություն: Պետք է երաշխավորել ներկայում թուրքական իշխանության ներքո գտնվող բոլոր ժողովուրդների կյանքի անվտանգությունն ու ազատ, ինքնուրույն զարգացման հնարավորությունը»:
Լոզանի խաղաղության պայմանագիրը կնքվել է 1923թ. հուլիսի 24-ին՝ մի կողմից Թուրքիայի, իսկ մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սերբերի թագավորության, խորվաթների ու սլովենների միջև: Փոխարինել է 1920թ. Սևրի պայմանագրին:
Լոզանի պայմանագրով հստակեցվել են Թուրքիայի նոր սահմանները՝ իրավաբանորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության փլուզումը: Պայմանագրով խաղաղություն էր հաստատվում Թուրքիայի և Անտանտի տերությունների (Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի) միջև:
Ի դեպ՝ ահա և Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին էլ է ասում. «Մերձավոր և Միջին Արևելքն այս տարվանից թևակոխեցին անկայունության ժամանակաշրջան, որը համեմատելի է 1914թ. Եվրոպայում եղածի հետ, իսկ իրավիճակը ավելի նման է 1917թ.»: Այս թեզին համաձայն է նաև հայկական «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ Մերձավոր Արևելքում սկսվել է ազդեցության ոլորտների վերաբաշխում, և «արաբական գարունը» «չի կարելի որակել որպես հեղափոխություն՝ ներքաղաքական խնդիրների պատճառով»:
Հետագայում մեծ է հավանականությունը, որ արաբական երկրներում Արևմուտքի աջակցությամբ իշխանության եկող զուսպ իսլամիզմին կփոխարինի ծայրահեղ, արդեն ազատագրական կարգախոսներով իսլամը: Պատահական չէ, որ արաբ մտավորականների շրջանում արդեն վաղուց հասունանում է «Մեծ խալիֆաթ» ստեղծելու նախագիծը:
Դրանից հետո նորից կսկսվի պայքար, որի ժամանակ Արևմուտքը կվերադառնա Սայքս-Պիկոյի պայմանագրի նման համաձայնագրերի: Իրադարձությունների հենց այդպիսի ընթացք է ենթադրում թուրք մեկնաբան Քանլին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս գործողություններում տեսնելով Սայքս-Պիկոյի գաղափարների վերակենդանացում, որոնք «ուղղված են Ումմայի (հավատացյալ մահմեդականների հանրության՝ մահմեդական աշխարհի-Ա.Յ.) դեմ պայքարի նախապատրաստությանը»: Եթե դա իսկապես այդպես է, ապա Թուրքիան, որն այժմ Մերձավոր Արևելքում կատարում է աշխարհաքաղաքական ստատիստի (անխոս դերակատարի) դեր, պետք է պատրաստ լինի լուրջ ցնցումների:
ԸՍՏ ԱՅՍ ՔԱՐՏԵԶԻ` ՏԱՐԱԾՔ ԵՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ
ԹՈՒՐՔԻԱՆ, ՍԻՐԻԱՆ, ԻՐԱՆԸ, ՔՈՒՎԵՅԹԸ, ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ, ԱՖՂԱՆՍՏԱՆԸ, ՊԱԿԻՍՏԱՆԸ, ՔԱԹԱՐԸ, ԱՄԷ-ն, ԻՍՐԱՅԵԼԸ:
ՏԱՐԱԾՔ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ
ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԵՄԵՆԸ, ՀՈՐԴԱՆԱՆԸ, ԼԻԲԱՆԱՆԸ
ՍՏԵՂԾՎԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱԶԱՏ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ, ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՍՐԲԱԶԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՍՈՒՆՆԻԱԿԱՆ ԻՐԱՔ, ՇԻԱ ԱՐԱԲՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏ ԲԵԼՈՒՋԻՍՏԱՆ
Նկատենք, որ այս քարտեզում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, իսկ Հայաստանը կորցրել է Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանները եւ սահմանակից է Քուրդիստանին։ Ադրբեջանին է միացվել նաև Իրանական Ադրբեջանը:
Պատրաստեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
փոխգնդապետ