Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՐԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ



ԴԱՐԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸԱՄՆ-ում 62 տարեկանում մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Ստորեւ տպագրում ենք մեր հարցազրույցը օլիմպիական չեմպիոն ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

 

Նոր սերունդը թերևս չպատկերացնի այն մեծ ուրախությունն ու ոգևորությունը, որ մենք մեր փոքրիկ ընկերախմբով ապրեցինք հեռավոր 1987թ. ձմռանը, երբ Ծաղկաձորի սպորտբազա տանող ճանապարհին ձյան մեջ խրված «Նիվա» մակնիշի մեքենայի մեջ տեսանք մեր կուռքին՝ Յուրի Վարդանյանին։ Այդ օրը երբեք չեմ մոռանա։ Եվ բոլորովին էլ կարևոր չէ, թե ինչպես մի քանի ընկերներով, քրտնամխած օգնեցինք ձների միջից դուրս հանելու օլիմպիական չեմպիոնի մեքենան։ Կարևորն այն է, որ մենք երջանիկ էինք. նախ՝ մեզ բախտ էր վիճակվել մոտիկից տեսնելու լեգենդար մարզիկին, և որ գիտակցում էինք՝ այդ օրվա հուշը մեզ ուղեկցելու է մեր ամբողջ կյանքում։

Եվ ահա վերջերս ինձ կրկին բախտ վիճակվեց հանդիպելու մեծ մարզիկին, որը հիրավի ոսկե էջեր է գրել համաշխարհային ծանրամարտի պատմության մեջ՝ հեղինակելով 40-ից ավելի համաշխարհային ռեկորդ, մարդ, որի բարձրացրած ծանրությունները մինչ օրս առասպելական են համարվում, մարզիկ, որ իր մարզական կենսագրության մեջ հասավ անկարելիին՝ անցնելով մարդկային հնարավորության սահմանները։

Երբ հանդիպեցի օլիմպիական չեմպիոնին, առաջինը տվեցի ինձ մտահոգող, թերևս, ամենակարևոր հարցը:

 

ԴԱՐԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ♦ Յուրի Վարդանյանը 1975թ. Մարսելի երիտասարդական առաջնությունում սահմանեց իր առաջին համաշխարհային ռեկորդը:

 

♦ Յուրի Վարդանյանը սահմանել է 43 համաշխարհային ռեկորդ:

 

♦ Յուրի Վարդանյանը տարբեր առաջնություններում գրանցել է այնպիսի ռեկորդներ, որոնք մինչ այդ հասանելի էին միայն գերծանր քաշային ծանրորդներին:

 

♦ Յուրի Վարդանյանը մի երեկոյի ընթացքում երեք անգամ սահմանել է համաշխարհային հինգ ռեկորդ:

 

♦ Յուրի Վարդանյանը 1982թ. մոսկովյան օլիմպիական խաղերում միջին քաշային կարգում ցույց տվեց աներեւակայելի արդյունք` երկամարտում գրանցելով 400 կգ: Հայ դյուցազունը շրջեց մարդկային հնարավորությունների մասին բոլոր պատկերացումները:

 

-Ինչպե՞ս եք գնահատում ծանրամարտի հայկական դպրոցի ներկայիս վիճակը։

-Ոչինչ չի կարող մնալ նույն մակարդակին, վերելքներ-վայրէջքներ միշտ էլ լինում են։ Այդպես է կյանքում, այդպես է նաև մեծ սպորտում։ Այսօր ծանրամարտի հայկական դպրոցը թեպետ անցյալի փառքը չունի, բայց, միևնույն է, հանդիսանում է աշխարհում ամենամրցունակներից, որի հետ հաշվի են նստում աշխարհի բոլոր ուժեղները։ Եվ ամենակարևորը, մարզաձևի համար կա պետական հոգածություն, ամեն ինչ արվում է մարզաձևի զարգացման ու վերելքի համար։ Անշուշտ, կան բացթողումներ, լինում են վրիպումներ, սայթաքումներ, բայց, համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի, և մեր ծանրորդները կվերականգնեն ծանրամարտի հայկական դպրոցի երբեմնի փառքը։

ԴԱՐԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ-Իմ սերնդակիցների (և ոչ միայն) հիշողության մեջ անջնջելիորեն մնացել է մոսկովյան 20-րդ ամառային օլիմպիական խաղերի Ձեր ցնցող, ես կասեի՝ պատմական ելույթը, երբ Դուք 82,5 կգ քաշային կարգում արեցիք անհնարինն ու բարձրացրիք աներևակայելի ծանրություն՝ առասպելական թվացող 400 կգ ծանրաձողը։ Հիրավի տպավորիչ մրցելույթ, պատմական հաղթանակ, ինչի մասին մինչ օրս էլ խոսում են հիացմունքով ու հպարտությամբ։ Եթե կարելի է, մեկ անգամ ևս հիշենք այդ հաղթանակի որոշ մանրամասները։

-24 տարեկան էի, երբ դարձա օլիմպիական խաղերի չեմպիոն։ Մինչ այդ եղել էի ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոն, բայց օլիմպիական ոսկին իմ երազանքն էր։ Ես գերազանց մարզավիճակում էի, և հորեղբայրս՝ Սերգեյ Վարդանյանը, որ, ի դեպ, իմ առաջին և միակ մարզիչն է, վստահ էր՝ իմ քաշային կարգում ես եմ նվաճելու օլիմպիական ոսկին։ Ի դեպ, այդ օրը ես 5 համաշխարհային ռեկորդ սահմանեցի, որոնք մինչ օրս էլ մնացել են անհաղթահարելի ոչ միայն 82,5 կգ, այլև 85, 90, 100, 105 կգ քաշային կարգերում։

-Դուք հաղթահարել եք նաեւ 400 կգ-ի սահմանագիծը, ինչն այսօր էլ ծանրամարտում ֆանտաստիկ արդյունք է։

-Այո՛, 1984 թվականին Բարի կամքի խաղերի ժամանակ երկամարտում ես ցույց տվեցի 405 կգ արդյունք:

-Չեմ մոռանա նաև Ձեր պատմական ցատկը։ Ինչևիցե, ասացիք՝ Ձեր առաջին և միակ մարզիչը Ձեր հորեղբայրն է եղել։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ վոլեյբոլով հրապուրված և որոշակի հաջողությունների հասած երիտասարդն ընտրեց մենամարտային մարզաձևը և այն էլ՝ ծանրամարտը։

-Հորեղբայրս ուղղակի համոզելով, ստիպելով տարավ ինձ դահլիճ, և ինչպես ապագան ցույց տվեց՝ չսխալվեց։ Համատեղ քրտնաջան աշխատանքը տվեց իր պտուղները։ Ես դարձա օլիմպիական չեմպիոն, ինչի համար առաջին հերթին պարտական եմ հորեղբորս։ Նշեմ նաեւ, որ Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ուսումնառության տարիներին ինձ հետ աշխատել, ինձ մարզել է նաեւ ՀՀ վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր գործիչ Գալուստ Ազիզյանը, որի մոտ մարզվել է նաեւ միջնեկ որդիս՝ Նորայրը:

-Ե՞րբ առաջին անգամ դարձաք աշխարհի չեմպիոն:

-1977 թվականին: Այդ հաղթանակից հետո ինձ շնորհվեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, իսկ հորեղբորս՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչում:

-Հիմնականում ո՞ր երկրների մարզիկներն էին Ձեր մրցակիցները։

-Բուլղարիայի։ Բուլղարիան էլ ուներ և այսօր էլ ունի ծանրամարտի ուժեղ դպրոց։ Այն ժամանակ Բուլղարիայի հավաքականը մարզում էր հանրահայտ մասնագետ Աբաջևը, իսկ մեր հայրենակից Նորայր Նորիկյանը երկրորդ մարզիչն էր, որը հետագայում դարձավ նաև գլխավոր մարզիչ։

-Իսկ ովքե՞ր էին Ձեր հիմնական մրցակիցները։

-Արսեն Զլատև, Բլագո Բլագոև…

-Ձեր «զինանոցում» քանի՞ մեդալ կա։

-111 մեդալ։ Իհարկե, չհաշված ԽՍՀՄ առաջնություններում նվաճած մեդալները։

-Քանի՞ ոսկի, արծաթ, քանի՞ բրոնզ:

-Ավելի շատ ոսկե և արծաթե։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում՝ բրոնզ չկա։

-Քանի՞ անգամ եք ճանաչվել աշխարհի, Եվրոպայի չեմպիոն։

-7 անգամ Եվրոպայի և աշխարհի մեծահասակների, 2 անգամ՝ աշխարհի երիտասարդների։

-Ձեր սահմանած համաշխարհային ռեկորդը չհաղթահարվեց նույնիսկ 28 տարի անց՝ Պեկինի օլիմպիական խաղերում։ 85 կգ քաշային կարգում օլիմպիական ոսկուն տիրացած չինացի ծանրորդ Յունգ Լուն երկամարտի արդյունքով ցույց տվեց ընդամենը 394 կգ արդյունք։ Ի՞նչ եք կարծում, քանի՞ տարի դեռ Ձեր սահմանած ռեկորդը կմնա անհաղթահարելի։

-32 տարի այն չի գերազանցվել, մոտիկ չեն եկել, բայց, ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում անհաղթահարելի ոչինչ չի լինում: Գուցե մի օր էլ իմ ռեկորդները հաղթահարվեն, բարելավվեն:

-Քանի՞ համաշխարհային ռեկորդ ունեք սահմանած։

-Քառասուներեք։

-1991թ. ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի 100-ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ «Ծանր աթլետիկա» հանդեսը տպագրել է աշխարհի ուժեղագույնի պատվին ամենաշատը արժանացած ծանրորդների անվանացանկը, որը բոլորից շատ՝ 26 ոսկե մեդալով գլխավորում եք Դուք՝ հետևում թողնելով աշխարհահռչակ ռուս ծանրորդներ Վասիլի Ալեքսեևին, Դավիդ Ռիգերտին…։

-Ուզում եմ մեկ ճշտում անել՝ նախկինում ծանրամարտիկները մրցել են երեք՝ սեղմում, պոկում եւ հրում ձևերից։ Վասիլի Ալեքսեևի ռեկորդների գերակշիռ մասը սեղմում ձևից է, ինչը ժամանակակից ծանրամարտում չի գործում 1972 թվականից։ Եվ երբ համապատասխանաբար պակասեցրին սեղմում ձեւից աշխարհահռչակ Ալեքսեեւի սահմանած համաշխարհային ռեկորդների քանակը՝ թողնելով միայն պոկում եւ հրում ձևերից գրանցվածները, Ալեքսեևինը դարձավ 24, իմը՝ 26, իսկ Ռիգերտինը՝ 19։

-Հայ ժողովուրդը շատ էր սպասում Ձեր երկրորդ օպիմպիական ոսկուն։

-Հաջորդ օլիմպիական խաղերը 1984թ. անցկացվեցին ԱՄՆ-ում, որն էլ ԽՍՀՄ ղեկավարությունը, քաղաքական դրդապատճառներով, բոյկոտեց, ինչի պատճառով էլ խորհրդային մարզիկները չմասնակցեցին այդ խաղերին։ Փոխարենը սոցիալիստական ճամբարի երկրների մակարդակով կազմակերպվեցին Բարի կամքի խաղերը, որտեղ էլ առաջին անգամ դարձա հաղթող։ Այն ժամանակվա սպորտի ղեկավարների մտածողությամբ՝ Բարի կամքի խաղերը իբրեւ թե պետք է դառնային ամառային օլիմպիական խաղերի հակակշիռ։ Բայց, հնուց ի վեր, օլիմպիադան ամենավառ ու պատվաբեր մարզական միջոցառումն է եղել աշխարհում, որը ոչնչով չես փոխարինի։

ԴԱՐԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ-Չե՞ք կարծում, որ մարզիկի հաղթանակները շատ մեծ օգուտ են բերում տվյալ ազգին, ժողովրդին։ Ձեր և Ձեր անվանի նախորդների շնորհիվ շատերը վերադարձան իրենց հայկական արմատներին։

-Համամիտ եմ։ Իսկապես, ցանկացած մարզիկ իր նվաճումներով նաեւ մեծ ճանաչում է բերում իր ազգին և ժողովրդին։

-Ե՞րբ և ո՞վ է Ձեզ անվանել դարի ռեկորդակիր։

-Այդ խոսքերի հեղինակը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ ավստրիացի Գուրֆրիդ Շյոլդերն է։

-Հիշում եմ, երբ նկարահանվեց «Սասունցի Դավիթ» գեղարվեստական կինոնկարը, Դավթի կերպարը Դուք մարմնավորեցիք։ Ո՞վ էր ռեժիսորը, և ինչպե՞ս հանդիսատեսն ընդունեց այդ ֆիլմը, քանի որ ֆիլմերն էլ ունենում են կարճ և երկար կյանք։

-Ֆիլմի գլխավոր ռեժիսորը Գրիգոր Գյարդաշյանն էր։ Կինոնկարը հանդիսատեսը լավ ընդունեց։ Այսօր էլ, երբ այն դիտում եմ, ինձ դուր է գալիս։

-Երկար ժամանակ ապրեցիք ԱՄՆ-ում։ Ճի՞շտ է, որ նեղացել և հեռացել էիք հայրենիքից։ Եվ մի՞թե չեմպիոններին, այն էլ՝ Ձեզ նման, հեշտ է նեղացնելը…

-Ավելի շատ վիրավորված էի։ Ինչ վերաբերում է չեմպիոնին, իսկ մի՞թե չեմպիոնը մարդ չէ՝ նույն միս ու արյունից, ինչպես բոլորը։ Ամբողջ կյանքս գործ եմ ունեցել երկաթի հետ, բայց ինձ ճանաչողները գիտեն, որ ունեցել եմ շատ զգայուն, խոցելի ներաշխարհ։ Եվ ես իմ բնությամբ անչափ զգայուն, հուզական մարդ եմ։

-Ընդմի՞շտ եք վերադարձել։

-Այո՛։

-Պարոն Վարդանյան, քանի որ այս հարցազրույցը տպագրվելու է «Հայ զինվոր» թերթում, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը հայկական զինուժի, հայ զինվորի ու սպայի մասին:

-Շատ քիչ ազգեր, ժողովուրդներ են ի վիճակի 21 տարում, ինչը բանակի ստեղծման տարեգրության համար իսկապես շատ քիչ ժամանակ է, ստեղծել հզոր, կայացած բանակ, որ իրավամբ համարվի տարածաշրջանում ամենամարտունակը: Ես մշտապես հետեւել եմ բանակի կայացման գործընթացներին եւ միշտ էլ հպարտացել եմ մեր զինուժով, նրա անցած ճանապարհով, հայ սպայով ու զինվորով, մեր բանակին զինվոր ու սպա տված մեր մայրերով ու հայրերով, բանակի ստեղծման ակունքների մոտ կանգնած եւ այս պատմական հաղթանակը կերտած ազատամարտիկներով ու պետական այրերով:

-Սահմանում կանգնած զինվորը շատ կուզենար Ձեզ տեսնել իր կողքին:

-Այս տարի պարբերաբար այցելելու եմ սահմանամերձ զորամասեր, ինչը ինձ հնարավորություն կընձեռի մոտիկից, անմիջական շփումներով ծանոթանալու հայ զինվորի, սպայի ծառայողական առօրյային: Փառք ու պատիվ իր հայրենիքի անդորրը պահպանող հայ զինվորին:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #19 (1266) 07.11.2018 - 13.11.2018, Ճակատագրեր, Մարզաշխարհ


08/11/2018