Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ԵՄ», ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ՀԶՈՐ ԵՄ



«ԵՍ ԵՄ», ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ՀԶՈՐ ԵՄԶրույց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր ՀԵՆՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ

 

-Պարոն գեներալ-մայոր, «Ես եմ» ծրագիրը առաջին անգամ կիրառվեց 2017թ. ձմեռային զորակոչին եւ գործեց նաեւ 2018թ. գարնանային զորակոչի ժամանակ: Ծրագրի գործնական կիրառումը հնարավորություն տվեց բացահայտելու դրա առավելություններն ու թերությունները, հասարակական ընկալումն ու արձագանքը: Հասցրե՞լ եք ի մի բերել արդյունքները:

-«Ես եմ» ծրագրի կիրառմանը նախորդել է տեղեկատվական-քարոզչական համակարգված ու նպատակային աշխատանք, որն ընդգրկել է ամբողջ հանրապետությունը եւ այսօր շարունակվում է ավելի մեծ թափով ու արդյունավետությամբ: Աշխատանքներին մասնակցել են բոլոր զինկոմիսարիատները, տարածքային ինքնակառավարման մարմինները, կրթօջախները: Կազմակերպվել են հանդիպումներ զինակոչիկների ու նրանց ծնողների հետ, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը մանրամասն իրազեկվել են ծրագրի մասին: Արդյունքներն, ըստ իս, գոհացուցիչ են, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ «Ես եմ» ծրագրով իրենց ժամկետային ծառայությունն ավարտած զինվորները կզորացրվեն եւ կդառնան իրազեկման է՛լ ավելի վստահելի ու արժանահավատ աղբյուր հասարակության մեջ:

-Իհարկե, մի բան է, որ զինկոմիսարիատների աշխատակիցներն են ներկայացնում ծրագիրը` շեշտելով դրա առավելություններն ու դրական կողմերը, բոլորովին այլ է, երբ «Ես եմ» ծրագրով ծառայած զինվորն է պատմում այդ մասին:

Ես առիթ եմ ունեցել տարբեր շփումների ժամանակ «Ես եմ» ծրագրի մասին զրուցել զինակոչիկների ու նրանց ծնողների հետ եւ եկել եմ այն եզրակացության, որ ծրագրում առկա որոշ դրույթներ վերանայման կարիք ունեն, որովհետեւ պատճառ են դառնում, որ շատ զինակոչիկներ հրաժարվեն «Ես եմ» ծրագրից: Օրինակ՝ զինծառայության ավարտին տրվող 5 միլիոն դրամ պատվո վճարի օգտագործման սահմանափակումները: Կան բազմաթիվ զինակոչիկներ, որոնք սովորելու ցանկություն չունեն, ապահովված են բնակարանով, ապրում են քաղաքներում ու գյուղատնտեսությամբ զբաղվել չեն կարող, մինչդեռ, սահմանված է, որ 5 միլիոն դրամը կարելի է օգտագործել միայն սուբսիդավորված հիպոթեքային վարկով բնակարան գնելու համար, որպես ուսման վարձ, նաեւ գյուղատնտեսական ֆերմա, բանջարանոցային տնտեսություն հիմնելու կամ գյուղտեխնիկա գնելու նպատակով:

-Միանգամայն համաձայն եմ, որ պատվո վճարի օգտագործման սահմանափակումները շատերին հետ են պահում «Ես եմ» ծրագրին միանալու մտքից: Մեր հանդիպումների ժամանակ բազմաթիվ ծնողներ դիմել են մեզ սահմանափակումները վերացնելու խնդրանքով:

-Առհասարակ, սահմանափակումների տրամաբանությունն անհասկանալի է:

-Կա տրամաբանություն: Հայրենիքում բնակարան գնելը երիտասարդ տղամարդուն կապում է իր հողին: Նրան օջախ հիմնելու, ընտանիք կազմելու հնարավորություն է տալիս:

Ուսման վարձավճարի առկայությունը մարդուն մղում է դեպի ուսումը, գիտելիքը, մասնագիտություն ստանալու եւ հետագայում աշխատանք գտնելու երաշխիք է դառնում:

Ֆերմա, բանջարանոց հիմնելու եւ գյուղտեխնիկա գնելու միջոցով գյուղաբնակ երիտասարդությունը կարող է աշխատանք ունենալ իր գյուղում, ոչ թե բախտ որոնել մեծ քաղաքներում: Սրանք ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներ են:

Այս ամենով հանդերձ, ըստ իս, պետք է մարդուն հնարավորություն տալ ազատորեն տնօրինելու իր գումարները: Ասենք՝ մեքենա գնել կամ ներդնել որեւէ այլ ոլորտում:

«ԵՍ ԵՄ», ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ՀԶՈՐ ԵՄ-Ի վերջո, «Ես եմ» ծրագիրը գյուղաբնակների, տուն չունեցողների եւ ուսանողների մենաշնորհը չէ: Եվ ծրագրի հիմքում սոցիալական խնդիրներից զատ նաեւ մեծ բարոյական հնչերանգ կա: Այն վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը, ուստի հասարակության բոլոր շերտերի համար է: Կա նաեւ այլընտրանքային մեկ ուրիշ առաջարկ. «Ես եմ» ծրագրով զորակոչված զինվորները ուսումնական հնգամյա փուլն ավարտելուց հետո ամեն ամիս 7 օր արձակուրդ են ստանում, 7 օր մնում են զորամասում, երկու շաբաթ ծառայում են առաջնագծում: Այսինքն` արձակուրդը կազմում է 7 ամիս: Մարդիկ հարցնում են` իսկ հնարավոր չէ՞ հրաժարվել 7-ամսյա արձակուրդից եւ ծառայել 29 ամիս:

-Անկեղծ ասած, առայժմ ոչ մի զինվոր արձակուրդից հրաժարվելու ցանկություն չի հայտնել: Եթե լինեն նման դիմումներ՝ որպես այլընտրանքային տարբերակ, կարելի է քննարկել:

-Էլ չեմ ասում, որ ամեն շաբաթ արձակուրդ մեկնող զինվորին տրվող 35 հազար դրամ գումարը կտնտեսվի:

-Այստեղ մեր խնդիրը տնտեսելը չէ: Արձակուրդը տրվում է որպես լրացուցիչ արտոնություն 3 տարի կամովին առաջնագծում ծառայելու պարտավորություն վերցրած զինվորին: Նա չի կտրվում ընտանիքից: Ընտանիքն ազատվում է այն ծախսերից, որոնք անհրաժեշտ էին զորամաս հասնելու եւ զինվորին տեսնելու համար: Ավելին` որպեսզի զինվորի արձակուրդը լինի արժանապատիվ ու ապահով, նրան տրվում է 35 հազար դրամ ամեն ամիս, որ արձակուրդ գալով` նա ոչ թե բեռ լինի ընտանիքին, այլ ինքը օգնի նրանց ֆինանսապես:

Ի վերջո, զինվոր-ընտանիք սերտ կապը բանակը հասարակության համար դարձնում է առավել ճանաչելի ու թափանցիկ:

-Այդ 35 հազարը 5 միլիոն պատվո վճարի մեջ չի՞ մտնում: 

-Ո՛չ: Ամենամսյա 35 հազար դրամները կապ չունեն պատվո վճարի հետ:

-Իսկ եթե զինվորը հրաժարվում է արձակուրդից եւ մնում է զորամասում, ստանո՞ւմ է իրեն հասանելիք 35 հազար դրամը:

-Այո՛, ստանում է, սակայն զորամասում նրա սննդի հարցը լուծվում է իր միջոցների հաշվին: Որպես տեղեկություն` ուզում եմ ավելացնել, որ «Ես եմ» ծրագրով ծառայելու համար կա մի քանի պայման, որ պարտադիր է: Առաջինը` զինակոչիկը չպիտի ունենա այնպիսի առողջական խնդիրներ, որոնց առկայությունը թույլ չի տալիս մարտական հերթապահություն կատարել: Մենք քանիցս բախվել ենք նման խնդրի: Երկրորդ`զինակոչիկը պետք է ունենա նվազագույնը հիմնական կրթության վկայական:

-Պարոն Մուրադյան, եթե «Ես եմ» ծրագրով զորակոչված զինվորը որոշ ժամանակ ծառայելուց հետո ինչ-ինչ պատճառներով ուզում է շարունակել ծառայությունը սովորական հիմունքներով, կարո՞ղ է հրաժարվել «Ես եմ» ծրագրից:

-Կարող է: Մենք ունենք նման նախադեպ: Պարզապես նա կզրկվի պատվո վճարից: Նրան կառաջարկվի նաեւ պայմանագրային ծառայության տարբերակը: Պայմանագրային ծառայության առավելությունն այն է, որ զինվորը ամեն ամիս կստանա աշխատավարձ եւ այն կտնօրինի իր հայեցողությամբ:

-«Ես եմ» ծրագրով զորակոչված զինվորները ուսումնական փուլը սովորական հիմունքներով զորակոչված զինվորների հե՞տ են անցնում:

-Ո՛չ, նրանք զինվորական մասնագիտություն են սովորում հատուկ ծրագրով եւ առանձին: Բայց դա չի խանգարի, որ հետագայում, ցանկության դեպքում, անցնեն սովորական հիմունքներով ծառայության:

«ԵՍ ԵՄ», ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ՀԶՈՐ ԵՄ-«Ես եմ» ծրագիրը հետաքրքրո՞ւմ է արտերկրից եկող զինակոչիկներին:

-Այո՛: Մենք ունենք օրինակներ, երբ արտերկրից եկած զինակոչիկները ցանկություն են հայտնել ծառայելու «Ես եմ» ծրագրով: Այս պահին հիշեցի Ռուսաստանի Դաշնությունից եկած վարդենիսցի երկու եղբայրներին, որոնք զորակոչվեցին «Ես եմ» ծրագրով: Ես մի օրինաչափություն եմ նկատել. «Ես եմ» ծրագրով զորակոչվելու ցանկություն են հայտնում հիմնականում սպորտով զբաղված, ֆիզիկապես ուժեղ տղաները: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ 5 միլիոն դրամ պատվո վճարի առկայությունը դեր չի խաղում, եւ մյուս արտոնությունները քիչ նշանակություն ունեն, բայց պակաս կարեւոր չէ նաեւ ծրագրի բարոյական կողմը, որը հասկանալի է բոլորին: Ի դեպ, «Ես եմ» ծրագրով ավելի շատ զորակոչվել են Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի մարզերից, Վանաձորից, Գյումրիից, Արթիկից: Շատ են Երեւանի թիվ 1, թիվ 3, Կենտրոնի, Շենգավիթի զինկոմիսարիատներից «Ես եմ» ծրագրով զորակոչված զինակոչիկները:

Չեմ կարող թաքցնել շեշտված հարգանքս «Ես եմ» ծրագիրը, այսինքն` առաջնագծի պաշտպանությունն ընտրած զինակոչիկների հանդեպ: Ի դեպ, զրույցների ժամանակ շատ տղաներ անկեղծորեն ասում են, որ եթե անգամ պատվո վճարը չլիներ, իրենք «Ես եմ» ծրագիրը կընտրեին: Նրանք ուժեղ ու արժանապատիվ տղաներ են: Սեփական ես-ի պատիվը բարձր պահող: Ու հենց նրանք են առանց երկմտելու ասում` հայրենիքիս պաշտպանը «Ես եմ», հակառակորդի ճանապարհը փակողը «Ես եմ», առաջնագիծ պահողը «Ես եմ», որովհետեւ ես հզոր եմ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (1266) 07.11.2018 - 13.11.2018, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


08/11/2018