Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄ



ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների համար գիտելիքի, գրի, դպրության տոնական օրն իր մեջ կրկնակի խորհուրդ ուներ։ Լսարանը, որտեղ ոտք դրեցին առաջին կուրսեցիները, անվանակոչվեց ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», «Մարտական ծառայություն», ՀՀ «Արիության» մեդալներով պարգեւատրված Հապետ Արշակյանի անունով։ Անվանակոչման արարողությանը մասնակցում էին Հապետի մանկության ու մարտական ընկերները, հերոսի հայրը, կինը, աղջիկը, ուսանողներ, դասախոսներ, զինվորականներ, ԵԿՄ անդամներ։

Ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար Հ. Արշակյանը 1993թ. իր մասնակցությունն է բերել Մարտակերտի ավելի քան 10 գյուղերի ազատագրմանը։ Զոհվել է 1994թ. հունվարի 9-ին, Մատաղիսի բարձունքում ընթացող մարտերի ժամանակ։

…Լսարանի պատին Հապետ Արշակյանի գեղեցիկ մեծադիր լուսանկարն է։ Հուշ-ցերեկույթը վարում է Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Հուզված է։ «Ուսանել նվիրական մի հայորդու անվան լսարանում, ով հանուն Հայաստան եւ Արցախ աշխարհի զոհաբերեց ամենաթանկը՝ կյանքը, ձեզ համար, սիրելի ուսանողներ, պատիվ է եւ մեծ պատասխանատվություն»,- ասում է Ասպրամը։

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գ. Ղազինյանը նույնպես հուզված էր. «Հապետ Արշակյանը մեր ֆակուլտետի ուսանողական նստարանից է գնացել ռազմի դաշտ։ Լսարանը Հապետ Արշակյանի անունով կոչելու գաղափարը ծագեց վերջերս կայացած հուշ-ցերեկույթի ժամանակ։ Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյանի կողմից, որը, ի դեպ, նույնպես մեր ֆակուլտետի սանն է եղել, եղավ այս առաջարկը։ Այնուհետեւ կարճ ժամանակում, ինչպես տեսնում եք, քաղաքապետի ջանքերով լսարանը վերանորոգվեց եւ այսօր մաքուր, լուսավոր այս տեսքով է դիմավորում ձեզ։ Պատահական չէ, որ անվանակոչված լսարանները մենք տրամադրում ենք առաջին կուրսեցիներին։ Ձեր սովորելու ընթացքում հավերժ երիտասարդ այս հայացքները ձեր ապրելակերպի, ձեր մտածելակերպի ձեւավորման գործում, անշուշտ, մեծ դեր կունենան, եւ հայրենիք, կյանք, հասարակություն բառերը այլ արժեք ու իմաստ կստանան ձեր կյանքում»։

Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյանը, շնորհավորելով ուսանողներին, ասաց. «Մի քանի տարի առաջ ես այս լսարանում քննության էի պատրաստվում։ Այսօր այն անվանակոչվում է Արցախյան պատերազմի հերոս Հապետ Արշակյանի անունով։ Որպես ուսանող` դուք կհասկանաք, թե որքան դժվար է թողնել ուսանողական նստարանը, ուսանողական կյանքը, ծնողներին, ընտանիքը եւ մեկնել ռազմի դաշտ։ Դրա համար հարկավոր է ոգի եւ անկաշառ հայրենասիրություն։ Հապետը գնաց` քաջ գիտակցելով, որ եթե թշնամուն ճակատում չկանգնեցնես, ստիպված ես լինելու կանգնեցնել տան շեմին»։

Իսկ հերոսի հայրը` Կորյուն Արշակյանը, դիմելով ուսանողներին, ասաց. «Իմ որդին միշտ ձգտել է դեպի լավը, գեղեցիկը, կատարյալը, ձգտել է նվաճել բարձունքներ։ Ու նվաճեց»…

– Հապետը խոնարհ հերոս էր։ Ես բախտ եմ ունեցել նրան ճանաչելու, նրա հետ կիսելու իմ հացը։ Ամբողջ պատերազմի ընթացքում համեստորեն, լռելյայն նա իր գործն էր անում։ Արժանի եղեք այն ժառանգությանը, որը ձեզ թողեցին Հապետն ու նրա մարտական ընկերները։ Փառք նրանց ծնողներին, այն մանկավարժներին, ովքեր կրթել, դաստիարակել են Հապետ Արշակյանի նման տղաներ,- ասաց ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը։

Ավանդույթի համաձայն` լսարանի անվանակոչությունից հետո մասնակիցները ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված համալսարանականների հիշատակին կառուցված հուշարձան-խաչքարին։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.` ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (900) 08.09.2011 - 14.09.2011, Բանակ և հասարակություն


14/09/2011