Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸՀոգեբանական գործողությունը կոնկրետ միջոցառումների իրագործումն է ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ ժամանակ և նպատակաուղղված է՝ թշնամական, չեզոք կամ դաշնակից պետություններում հակառակորդի պոտենցիալ կամ իրական հեղինակության և ազդեցության արժեզրկմանը, խզմանը, սեփական ազդեցության, հեղինակության հաստատմանն ու բարձրացմանը:

Հոգեբանական գործողությունները բաժանվում են ռազմավարական, մարտավարական և տակտիկական գործողությունների: Դրանք նախապատրաստվում և անցկացվում են գերագույն գլխավոր հրամանատարների, տարբեր աստիճանի հրամանատարների ընդունած որոշումների հիման վրա` խաղաղ և պատերազմական իրավիճակներում:

Հոգեբանական գործողությունների հիմնական ուղղություններն են.

ա) հասարակական կարծիքի նախապատրաստումը ռազմական ներխուժմանը՝ վերջինիս արդարացիության և անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշման ձևավորմամբ, բ) ազդեցությունը հակառակորդի և նրա դաշնակիցների ռազմաքաղաքական ղեկավարության վրա` նրանց ստիպելով հրաժարվել կամ ձեռնպահ մնալ պատերազմ սկսելու փորձերից, գ) երկրի ներսում հակառակորդի ընդդիմադիր ուժերին, հակազդող այլ ուժերին, ռասսայական, էթնիկ, կրոնական և այլ հակասություններին աջակցելը, ընդհուպ` երկրի ղեկավարության հանդեպ վստահության անկումը, դ) համագործակցությունը այն ուժերի հետ, որոնք ընդհատակյա պայքար են մղում, ե) չեզոք երկրների բնակչության շրջանում յուրայինների հանդեպ բարյացակամ  վերաբերմունքի ավելացումը, զ) հակառակորդ բանակի անձնակազմի շրջանում անվստահության և անհանգստության մթնոլորտ ստեղծելը, է) վերլուծական աշխատանքները` հակառակորդի խոցելի տեղերի բացահայտման նպատակով և համապատասխան տեղեկույթի փոխանցումը տակտիկական օղակի հրամանատարներին, նաև այն խմբերին ու անձանց, որոնք մարտական գործողությունների շրջանում խնդիրներ են իրականացնում, ը) հակառակորդի բնակելի տարածքների գրավմանն աջակցելը` վերջնագրերի և կապիտուլյացիայի կոչերի միջոցով, թ) մարտական գործողությունների շրջանում թշնամաբար տրամադրված բնակչության նկատմամբ վերահսկողություն սահմանելու գործում հրամանատարությանն օժանդակելը, ժ) հակառակորդի հոգեբանական գործողություններին հակազդելը:

Ակնհայտ է, որ թվարկված խնդիրների լուծումը միտված է հակառակորդի զորքերի համեմատությամբ սեփական զորքերի բարոյահոգեբանական առավելությունն ապահովելուն:

Հիմնավորելով հոգեբանության դերը հոգեբանական պատերազմի կազմակերպման և վարման գործում` հայտնի ամերիկացի փորձագետ Պ. Լայնբարջերն ընդգծում է, որ հոգեբանը կարող է ասել, թե ինչպես կարելի է կրքերը փոխակերպել ատելության, անձի նախաձեռնողությունն ու հնարամտությունը` զանգվածային վախկոտության, սնահավատությունը` մոլեռանդության և այլն: Պարզելով հակառակորդի նախատրամադրվածությունը և իմանալով նրա բարոյահոգեբանական վիճակը պայմանավորող գործոնները՝ հոգեբանը կարող է կանխատեսել զորքերի վարքի դրսևորումն այս կամ այն իրավիճակում, հոգեբանական պատերազմ վարողներին կարող է խորհուրդներ տալ՝ տարածվելիք տեղեկույթը հոգեբանորեն ճիշտ ձևակերպելու վերաբերյալ, կարող է առաջարկել քարոզչության միջոցների ու մեթոդների ընտրությունը` ռադիո, թռուցիկներ, բարձրախոսներ, ինչպես նաև կեղծ լուրերի (բամբասանքներ) տարածում և այլն: Նա կարող է  առաջարկել հոգեբանական ազդեցության բազում միջոցներ` ըստ տեղանքի, ժամանակի, ռազմական, տնտեսական և քաղաքական իրավիճակի:

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸՀոգեբանությունը հոգեբանական գործողությունների կազմակերպիչներին օգնում է բացահայտելու հակառակորդի բարոյահոգեբանական վիճակի ամենաթույլ կետերն ու դրանց հիման վրա մշակելու հոգեբանական ճնշում գործադրելու՝ գիտականորեն հիմնավորված մարտավարություն: Հոգեբանության եզրահանգումներն օգտագործվում են տարածվելիք տեղեկույթը արագ, հասանելի և դյուրըմբռնելի դարձնելու, ենթագիտակցությանը հասցնելու համար: Այս տեսանկյունից կարևոր է հաշվի առնել մարդու ընկալման առանձնահատկությունները: Սրանցից առավել լավ ուսումնասիրվածներից են` առաջնայնության, հեղինակության, «մարգարեի ձայն», կրկնության էֆեկտները, պատասխանատվությունը ուրիշի վրա գցելը և այլն:

Առաջնայնության էֆեկտ. ՀԳ մասնագետներին հայտնի է՝ որևէ իրադարձության մասին առաջին հաղորդագրության ազդեցությունն ավելի ուժեղ է լինում, քան հաջորդողները: Եթե առաջինին հատուկ է որոշակի դիրքորոշում ստեղծելն ու տվյալ իրադարձության հանդեպ վերաբերմունք ձևավորելը, ապա հաջորդ տեղեկությունը կընկալվի միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի փոխել նախապես ձևավորված դիրքորոշումը: Սա շատ ավելի դժվար խնդիր է: Այդ պատճառով, հոգեբանական գործողությունների (ՀԳ) կարևոր սկզբունք  է ազդեցության օբյեկտներին ընթացիկ իրադարձությունների, իրադրության փոփոխությունների մասին տեղեկացնելու օպերատիվությունը:

Հեղինակության էֆեկտ. հոգեբանության մեջ լավ հայտնի է՝ որքան ավելի հեղինակավոր է տեղեկատվության աղբյուրը, այնքան ավելի մեծ է դրա ներշնչող ազդեցությունը մարդկանց վրա: Այս պատճառով հոգեբանական գործողությունների մասնագետները ձգտում են սեփական տեղեկատվական-հոգեբանական ազդեցության աղբյուրների վերաբերյալ հատուկ իրազեկվածության, օբյեկտիվության և անկախության տիպար ստեղծել: Սրան հասնում են՝ հուսալի, հայտնի, հեշտ ստուգվող տեղեկատվություն տարածելով, փորձագետների կարծիքներ ներառելով, ինքնաքննադատության տարրեր ներմուծելով:

«Մարգարեի ձայն» էֆեկտ. ապացուցված է, որ տեղեկատվական-հոգեբանական աղբյուրի հեղինակությունն զգալիորեն բարձրանում է, երբ այն օժտված է կանխատեսման հատկություններով: Այդ պատճառով հոգեբանական գործողությունների իրականացման ընթացքում արևմտյան մասնագետները տեղեկությունն այնպես են ձևակերպում, որ շարադրված փաստերն ընկալվեն որպես իրենց կողմից նախկինում կանխագուշակված իրողություններ: Դրա հետ մեկտեղ կիրառում են շարունակականության, նմանության, հակադրության, ժամանակավոր և տարածական զուգորդումները:

Կրկնության էֆեկտը հիմնվում է մարդու կողմից տեղեկույթի ընկալման օրինաչափությունների վրա: Բազմակի կրկնության հոգեբանական մեխանիզմն ազդում է ծայրահեղ իրավիճակներում մարդու ուշադրությունը հարկադրաբար գրավելու, առաջադրվող տեղեկույթի՝ ենթագիտակցական ընկալման տրամադրելու, մարդու գիտակցության սահմանների զգալի նեղացման ճանապարհով: Մարտական իրավիճակներում, որպես կանոն, մարդն ավելի քիչ է մտածում առանձին բառերի կամ ձևակերպումների նշանակության մասին: Հոգեբանները առաջարկում են տեղեկույթի բազմակի տրամադրման դեպքում խուսափել ազդեցության օբյեկտի մեջ անտարբերություն կամ ապատիա առաջ բերելուց: Համարվում է, որ նույն տեղեկույթը հարկավոր է տրամադրել երեք անգամ՝ հակիրճ ձևակերպմամբ, այնուհետև՝ ամբողջական և դարձյալ հակիրճ: Այնուհետև նույն տեղեկույթը կարող է տրամադրվել այլ ձևով:

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸՊատասխանատվությունն ուրիշի վրա գցելու էֆեկտը. մարդը հակված է իրադարձությունների հաջող կամ անհաջող ընթացքն ընկալել պատասխանատվության կատեգորիաներով: Ընդ որում՝ հաջողությունը նա իրեն է վերագրում, իսկ պատասխանատվությունը՝ ուրիշներին: Այդ պատճառով հոգեբանական գործողություններով, մարդկանց վրա ազդելիս, ձգտում են ցանկացած դժվարություն կամ արգելք կապել կոնկրետ օբյեկտների հետ, կամ էլ ընտրվում է մի փոքր խումբ, որի վրա կարելի է բարդել բոլոր դժգոհությունները:

Հոգեբանական գործողությունների պրակտիկայում հակառակորդի զորքի և ազգաբնակչության վրա ազդելու առավել հզոր և արդյունավետ միջոց է կեղծ լուրերի տարածումը (բամբասանքը): Դրանք հոգեբանական վարակի յուրահատուկ էֆեկտներ են, քանի որ առավել հաճախ տարածվում են ծանոթ մարդկանց միջոցով, վստահելի տոնայնությամբ, ունեն հատուկ հուզական երանգավորում:  Բամբասանքի ներշնչող ուժը ուղիղ համեմատական է տվյալ իրադարձությունների, երևույթների և փաստերի վերաբերյալ մարդկանց տեղեկացվածության պակասին: Բամբասանքների տարածումը, հատկապես տագնապի և կասկածի վիճակների պայմաններում, հաճախ ուղեկցվում է զինվորականների և ազգաբնակչության բարոյալքմամբ և նրանց նպատակաուղղված գործունեության քայքայումով:

Այսպիսով, հոգեբանական գործողությունները հակառակորդի վրա ազդելու ինքնուրույն և արդյունավետ միջոց են, որ կիրառվում են ռազմական նպատակների հասնելու նպատակով՝ ոչ ռազմական միջոցների գործադրմամբ: Արտասահմանյան մասնագետների պնդմամբ, այսպիսի գործողությունները մոտ ապագայում կարող են դառնալ պատերազմ վարելու հիմնական ձևը:

 

Կազմեց՝ ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #20 (1267) 14.11.2018 - 20.11.2018, Ռազմական


15/11/2018