Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՏՎԱԾ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ



ՄԻՏՎԱԾ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸԶրույց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ ՎԱՀԱՆ ՊԱՊՅԱՆԻ հետ

 

-Այս տարվա ամռանը «Հաղթանակ» զբոսայգում հանրությանը ներկայացվեց   ՀՀ զինված ուժերի շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի,  ինչպես նաեւ իրային միջոցների տեսականին: Բավականին բազմազան էր իրային միջոցների ներկայացված տեսականին ՝ թաղիքե երկարաճիտ կոշիկներ՝ ռետինե տակացուներով (վալենկաներ),  կիսավերարկու՝ ոչխարի մորթուց, ֆլիզից ձմեռային ձեռնոց, լուսապաշտպան ակնոց՝ նախատեսված բարձր լեռնային գոտիներում մարտական հերթապահություն իրականացնելու համար… Ցուցադրված էին նաեւ վրաններ, քնապարկեր, բամբակյա ներքնակներ, կիսաբրդյա, բրդյա ծածկոցներ եւ այլն, եւ այլն…

Փոփոխություններն ակնհայտ են նաեւ հանդերձանքում: Հայկական բանակը կազմավորման օրից մինչ մեր օրերը մի քանի համազգեստ է փոխել,  փոխվել են գույները. այժմ առավել բաց գուներանգով է (հնարավորինս համապատասխանեցվել է մեր տեղանքին), փոխվել են նախշերը, տարբերանշանների տեղերը….

-Ժամանակի ընթացքում զինվորական համազգեստը ենթարկվել է ինչպես արտաքին, այնպես էլ որակական փոփոխության, առավել կատարելագործվել, բնականաբար,  ուսումնասիրվել է նաեւ մյուս բանակների փորձը:

Համազգեստը պետք է համապատասխանի ոչ միայն  եղանակային պայմաններին, կարեւորվում է ե՛ւ պաշտպանական նշանակությունը, ե՛ւ դիմացկունությունը, ե՛ւ  գունաքողարկումը, այն պետք է լինի հնարավորինս հարմարավետ, թեթեւ, շարժումները չկաշկանդող: Բազմաթիվ չափորոշիչներ են հաշվի առնվում, եւ ոչինչ պատահական  կամ ինքնանպատակ չի արվում.  պարբերաբար կատարվող յուրաքանչյուր լրամշակում համազգեստը դարձնում է առավել հարմարավետ: Օրինակ՝ ձմեռային դաշտային համազգեստը, որ արդեն չորս տարի կրում են մեր զինվորներն ու սպաները. բաճկոնի մեջքի գոտկատեղի հատվածում  տեղադրվել է քամուց պաշտպանող էլաստիկ ժապավենով գոտի, որ խոչընդոտի սառը օդի ներթափանցումը, նույն նպատակով նաեւ թեւքերը  մշակված են տրիկոտաժե մանժետներով, իսկ բթամատի համար հատուկ տեղ է թողնված, այն ցուրտ եղանակային պայմաններում կարող է կիսատ ձեռնոց դառնալ: Շարժումները չկաշկանդելու նպատակով էլ, օրինակ, գրպաններին տրվել է թեքություն, թեւքանշաններն ու տարբերանշաններն ամրացվում են առանց կարելու, որպեսզի զինծառայողը լրացուցիչ ժամանակ չվատնի: Եվ նմանատիպ բազմաթիվ փոփոխություններ:

ՄԻՏՎԱԾ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ-Պարոն Պապյան, նկատելի առավելությունների կողքին բարձրաձայնենք նաեւ խնդիրները: Զինվորների ծնողներից, զորացրված զինվորներից  հաճախ ենք լսել զինվորական հանդերձանքին վերաբերող բողոքներ:  Հիմնականում դժգոհությունը զինվորական կոշիկների անհարմարությունից է, կիսավարտիքների անորակությունից  եւ համազգեստի  շուտ գունաթափվելուց: Մաշված, գունաթափ համազգեստով զինվորը,  անկեղծ լինենք, դժվար թե պատկառանք ներշնչի:

-Համազգեստի մաշվածության, գունաթափվելու  թեման բազմիցս արծարծվել է. համազգեստը չի կարող չմաշվել,  չգունաթափվել, եթե կարված է բնական նյութերից եւ  եթե չի մաշվում,  նշանակում է՝ կտորի բաղադրության  մեջ բամբակ չկա, սինթետիկ է, իսկ սինթետիկ գործվածքն էլ, ինչպես հայտնի է, ե՛ւ վնասակար է, ե՛ւ անարդյունավետ. ամռանը այդ կտորից կարված հագուստը մաշկը վառում  է, ձմռանն էլ տաք չի պահում:

Դաշտային պարապմունքներ, ինչպես նաեւ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համազգեստը չի կարող չմաշվել: Ըստ այդմ էլ՝ զինվորական համազգեստը տրամադրվում է ծառայողական առանձնահատկություններից ելնելով: Եվ եթե պահեստային զորամասերում համազգեստ եւ կոշկեղեն կրելու ժամկետը սահմանված է ութ ամիս, ապա սահմանին մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմինը վեց ամիս է, այսինքն՝ չորս լրակազմ 2 տարում:

Զինվորական ամենօրյա  եւ տոնական համազգեստները պետք է տարբերվեն: Նշեմ նաեւ, որ  հասարակությունը այսուհետ  քաղաքում զինվորներին կտեսնի է՛լ ավելի գեղեցիկ ու կոկիկ համազգեստով. այս տարվանից՝ ամառային զորակոչից սկսած, ավելացել է  եւս մեկ լրացուցիչ համազգեստ՝ տոնականը: Զինվորներն այն կրելու են  արձակուրդ գնալիս, ազատ արձակման, հանդիսավոր միջոցառումների ժամանակ: Տոնական համազգեստի տարբերանշաններն ու թեւքանշանները նախատեսված են դեղին երանգավորումով:

ՄԻՏՎԱԾ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸԻսկ ինչ վերաբերում է անորակ կիսավարտիքների հետ կապված բողոքներին, որոշակի ճշգրտեմ. դրանք անորակ չեն, դրանք  պարզապես մեկանգամյա օգտագործման համար էին նախատեսված:

Այս տարվա նոյեմբերի վերջին արդեն զինված ուժերի պարտադիր ժամկետային զինծառայողներին եւ պայմանագրայիններին կհատկացվեն բավականին բարձր որակի կիսավարտիքներ: Կիսավարտիքների կտորի բաղադրության մեջ գերակշռում է բամբակը (95% բամբակ, 5% էլաստան): Սրանք արդեն նախատեսված են բազմակի օգտագործման համար եւ պետք է լվացվեն (տարվա կտրվածքով  կհատկացվի 6 հատ): Մինչեւ տարեվերջ ձեռք կբերենք 380 միավոր արտադրական նշանակության լվացքի մեքենաներ, որոնք   կմոնտաժվեն զորամասերում,  վաշտային օղակներում, որոնցով էլ կփորձենք  կազմակերպել զինծառայողների ներքնաշորերի անհատական լվացումը (զինվորներին հատկացվել են անհատական լվացքի պարկեր, որոնցով նրանք իրենց անձնական իրերը կարող են լվանալ):

Նոյեմբերի վերջին կտրամադրվեն նաեւ բարձրորակ կարճաթեւ շապիկներ: Հենակետում մարտական հերթապահություն իրականացնող զինվորը շոգ եղանակին միանգամից հենց այս շապիկի վրայից կարող է հագնել զրահաբաճկոնը (մարտաբաճկոնը):

ՄԻՏՎԱԾ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ-Պարոն գնդապետ, խոսենք նաեւ կոշիկների  որակից:

-2019թ. զինված ուժերի զինծառայողները կկրեն ժամանակակից տեխնոլոգիաներով արտադրվող ճտքավոր կոշիկներ: Նոր ձուլման մեթոդով ամրացված տակացուներով այս կոշիկներն օրթոպեդիկ ներդիրներով են, որպեսզի ավելի հարմարավետ լինեն հատկապես ոտքի հետ կապված խնդիրներ ունեցող  զինծառայողների համար:

Բոլոր առաջատար երկրների զինված ուժերում կրում են տվյալ տեսակի կոշիկներ: Ճտքավոր այս կոշիկները անցնում են փորձաշրջան. որոշակի չափաքանակ   հատկացրել ենք  տարբեր ռելիեֆային, բնակլիմայական գոտիներում գտնվող զորամասերի` վերջնականապես ճշգրտելու թե՛ խոնավ, թե՛ չոր, թե՛ ցուրտ, թե՛ շոգ պայմաններում  նկատված առավելություններն ու թերությունները:

Մի խոսքով` յուրաքանչյուր փոփոխություն, լրամշակում միտված է զինծառայողի հանդերձավորման բարելավմանը:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1267) 14.11.2018 - 20.11.2018, Ազգային բանակ, Ռազմական


15/11/2018