ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է
Տարածքը – 2 089 քառ.կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը` 7.0%
Մարզկենտրոնը` ք. Հրազդան
Տարածաշրջանները` Հրազդան, Կոտայք, Նաիրի
Քաղաքները` Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Բյուրեղավան, Նոր Հաճն, Ծաղկաձոր
Ամենաբարձր կետը ծովի մակարդակից – 3597մ (Աժդահակ լ.)
Ամենացածր կետը ծովի մակարդակից – 1140մ
Բնակչությունը – 253.9 հազ. մարդ (2017թ.-ի դրությամբ)
Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերեւույթից մոտ 900- 2500մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է Հրազդան գետի վերին և միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ: Հյուսիսից սահմանափակվում է Գութանասար, իսկ հյուսիս-արեւելքից` Հատիսի լեռնազանգվածներով: Հարավ-արևմուտքում աստիճանաբար ցածրանալով` ձուլվում է Արարատյան դաշտին: Կոտայքի սարավանդն ընկած է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռների արևմտյան ստորոտը: Հրազդան գետի ձախակողմյան վտակների մի մասը գետնի տակ ներծծված ջրերի շնորհիվ գարնանը դուրս է ցայտում (շատ լինելու պատճառով դրանց անվանում են «40 աղբյուր»):
Կոտայքով են հոսում նաև Գետառն ու Ազատը, որոնք ունեն ոռոգիչ նշանակություն: Ոռոգման համակարգում մեծ նշանակություն ունի Ակնա լիճը (3032մ բարձրություն), որով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը: Հիմնական լեռնագրական միավորներն են Կոտայքի և Եղվարդի բլրաալիքային սարավանդները, Մարմարիկի վտակներով կտրտված Փամբակի լեռնաշղթայի լանջերը, Գեղամա լեռնաշղթայի լեռնաճյուղերն ու լավային հոսքերը: Տիրապետող են կիսաանապատային, լեռնատափաստանային լանդշաֆտները` համապատասխան բուսական և կենդանական աշխարհներով:
Կլիմայական գոտին խառն է, իսկ աշխարհագրական դիրքն, ընդհանուր առմամբ, նպաստավոր: Մարզի տարածքով են անցնում Երևան-Շորժա և Հրազդան-Իջևան երկաթուղիները, իսկ մարզկենտրոնից մինչեւ մայրաքաղաք ընդամենը 45 կմ է: Բնակչության 97,6 %- ը հայեր են:
Կոտայքի մարզն իր մեջ ընդգրկում է Հրազդանի, Աբովյանի և Նաիրիի նախկին վարչական շրջանները: Վարչատարածքային միավորը զբաղեցնում է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Կոտայք, Մազազ, Նիգ, Վարաժնունիք, Արագածոտն գավառների մի մասը: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում նրա մոտավոր սահմաններն են եղել Գեղամա և Ծաղկունյաց լեռներից մինչև Արարատյան դաշտն ընկած սահմանները: Տևական ժամանակով նույնիսկ ներկայիս քաղաքամայր Երևանը մտել է Կոտայքի վարչատարածքային միավորի մեջ: Պատմամշակութային և հնագիտական արժեքները հիմք են տալիս հետևյալ եզրահանգմանը` Կոտայքի ներկայիս մարզի տարածքը մարդկային քաղաքակրթության զարգացման օրրաններից է: Ըստ որոշ վարկածների` Կոտայք անվանումն առաջացել է Խոսրով Կոտակի անունից, իսկ շատ ավելի հեղինակավոր մասնագետներ ու պատմագրական աղբյուրներ Կոտայք անվանը վերագրում են էթնիկական ծագում: Ըստ ուրարտական արձանագրությունների` մարզի տարածքն ընդգրկվում էր Էթիունի (Էթիունե) խոշոր ցեղային միության տիրապետության մեջ: Արշակունիների ժամանակ մարզի հիմնական տարածքը հանդիսացել է արքայական ոստան: Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու` Կոտայքի Արամոնս գյուղը եղել է կաթողիկոսական կալվածք: Բագրատունիների ժամանակ մարզի տարածքի մի մասը շնորհվել է Պահլավունիներին: Հետո այն պատկանել է Իվանե Զաքարյանին և նրան ենթակա հայ իշխաններին: 591թ. բաժանմամբ, Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև է բաժանվել նաև Կոտայքի գավառը: 7-րդ դարի երկրորդ կեսից այն եղել է Գրիգոր Մամիկոնյան իշխանի իրավասության տակ: Սելջուկ-թուրքերի տիրապետությունից հետո` (12-րդ դարի վերջից 13-րդ դարի 30-ական թվականները), այն եղել է Զաքարյանների իշխանության ներքո: 13-րդ դարից մինչև 15-րդ դարի սկիզբը այստեղ տիրել են Պռոշյան-Խաղբակյան իշխանները, իսկ որոշ տարածքներ պատկանել են Օրբելյան ընտանիքին, մասնավորապես` Էլարի շրջանը: Այնուհետև Կոտայքում տիրել են թուրքմենական ակ-կոյունլու, կարա-կոյունլու ցեղերը, որից հետո այն եղել է Պարսկաստանի տիրապետության տակ: 1604թ. Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի ժամանակ հազարավոր ընտանիքներ են տեղահանվել նաև Կոտայքի տարածքից: Պարսկաթուրքական տիրապետության ժամանակ Կոտայքի մարզի տարածքն ընդգրկել է Երևանի խանության Դարաչիչակի, Կըրխ-Բուլաղի, Գառնի-Բասարի (Կարբի-Բասարի) մահալների մեջ: Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, մինչեւ ՀԽՍՀ վարչատարածքային բաժանումը (1930թ.), մարզի տարածքը Նոր Բայազետի, Էջմիածնի և Երևանի գավառների մեջ էր: Կոտայքի մարզը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է: Հելլենիստական ճարտարապետության անկրկնելի մարգարիտն է արեւի աստված Միհրի պատվին կառուցված Գառնիի տաճարը (1-ին դար): Հայկական վիմափոր ճարտարապետության եզակի ու բարձրարվեստ կոթող է Այրիվանք-Գեղարդը: Բազիլիկ և ուշ շրջանի քրիստոնեական գեղեցիկ տաճարներ կան Ողջաբերդում, Եղվարդում, Արամուսում, Պտղնիում, Ծաղկաձորում, Բջնիում և Մեղրաձորում: Մարզի մի շարք տեղանուններ կապված են հայկական հնագույն ավանդապատումների հետ:
Մարզը հարուստ է օգտակար հանածոների` ոսկու, ալյումինի, երկաթի, պերլիտի, մարմարի, գրանիտի, լիտոիդային պեմզայի, նեֆելենային սիենիտների, անդեզիտի, հրաբխային խարամների, բազալտի, քարաղի, զանազան շինարարական նյութերի և հանքային ջրերի 3 խոշոր հանքավայրերով (Հանքավան, Բջնի, Արզնի): Երկրաբանական աշխատանքներ են կատարվում բազմամետաղային, ոսկու, պղինձ-մոլիբդենի, բազալտի, լիտոիդային պեմզայի պաշարների հաստատման և վերագնահատման ուղղությամբ: Զգալի են ջրային ռեսուրսների պաշարները (Գառնիի, Կաթնաղբյուրի, Սոլակի, Ալափարսի, Նուռնուսի, Արզականի, Գյումուշի, Մաքրավանի քաղցրահամ ջրերի աղբյուրներ), որոնք խմելու ջրով ապահովում են ոչ միայն մարզի բնակավայրերը, այլ նաև Երևան քաղաքը:
Մարզում գրանցված են ավելի քան 2024 պատմամշակութային արժեքներ և հուշարձաններ:
ԳԱՌՆԻԻ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՏԱՃԱՐ
Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը: Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով:
Կորբուլոնի ավերած Արտաշատը վերականգնելու համար Ներոնը Տրդատին նվիրում է 50 միլիոն դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 40 միլիոն ոսկու ռուբլի, ինչպես նաև Արտաշատը վերականգնելու համար հռոմեացի բազմաթիվ արհեստավորներ: Տրդատ Ա-ն 66թ. վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր: Նա վերակառուցում է նաև Գառնիի բերդը և նրա ներսում կառուցում նոր շենքեր, այդ թվում՝ Գառնիի տաճարը:
Ենթադրվում է, որ տաճարը նվիրվել է արևի աստված Արեգ-Միհրին: Միհրը իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս:
1679թ. Գառնիի տաճարը խոնարհվեց ուժեղ երկրաշարժից: Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորները և պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը. դա հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումն իր նախնական տեսքով: Մինչ այդ, հարկ է հիշատակել, որ տաճարի վերականգնման հարցը բարձրացվել է դեռևս 1880-ական թվականներին, երբ հնագետ կոմս Ա. Ա. Ուվարովի առաջարկությամբ նախատեսվում էր տաճարի քարերը տեղափոխել Թիֆլիս և վերականգնել այնտեղ: Քարերի տեղափոխումը հանձնարարված էր Երևանի նահանգապետին, որը, բարեբախտաբար, չկատարեց այդ հանձնարարականը՝ հիմնավորելով տեխնիկական անհնարինությամբ:
1949թ. ԳԱԱ հնագիտական արշավախումբը ձեռնարկեց Գառնիի պեղումները Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ: Հենց այդ արշավախմբի հետ էլ Գառնիի ճարտարապետական կառույցի իր ուսումնասիրությունն սկսեց Ալեքսանդր Սահինյանը:
Տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատեց 1968թ. դեկտեմբերի 10-ին: 1969թ. հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները: Այստեղ ևս աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը: Վերականգնումն ավարտվեց 1975թ.՝ տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց:
Տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ): Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք: Եռանկյուն ճակտոնը (հյուսիսային ճակատ) եզերված է ատամնաշարի և բուսական ու երկրաչափական քանդակների հարուստ համադրությամբ: Երկթեք տանիքը ծածկված է բազալտե սալիկներով՝ միացված արճճով ամրացված գամերով: Վիմագրական, մատենագիտական ու հնագիտական նյութերի համատեղումով արդեն պարզված է, որ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորն իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թվականին:
Գառնիի ամրոցն Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մատույցների պաշտպանական համակարգի հենակետն էր: Անտիկ շրջանում բնական անանցանելի ժայռի շարունակության վրա ստեղծվել է ժամանակի համար անառիկ ամրաշինական հզոր կառուցվածք: Ամրոցի եռանկյունաձև տարածքը հարավից, հարավ-արևմուտքից, մասամբ արևելքից երիզված լինելով մինչև 300մ բարձրություն ունեցող ժայռերով, հյուսիսից, հյուսիս-արևմուտքից և արևելքից շրջապատված է 14 աշտարակների հաջորդականությամբ ստեղծված պարսպապատով, որի ամբողջ պարագիծը (աշտարակների հետ) 314,28մ է:
ԱՅՐԻՎԱՆՔ – ԳԵՂԱՐԴ
Գեղարդի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին: Այստեղ է պահվել հայտնի Գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է խաչված Քրիստոսի կողը: Այն Հայաստան էր բերել Թադեոս առաքյալը: Այժմ այն Վաղարշապատի պատմության թանգարանում է:
Ըստ ավանդության` առաջին վանքը հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն: Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»: Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439): Ավելի ուշ վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա:
Վանական համալիրի «Այրիվանք» անվանումը տրվել է կառույցին 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով:
Գեղարդի վանական համալիրի ամենահին պահպանված կառույցը եռահարկ, կիսավիմափոր սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Զաքարյանների նախաձեռնությամբ: Գտնվում է վանքի կենտրոնական մուտքին չհասած՝ արևմտյան կողմում: 1240-ական թվականներին, Պռոշ Պռոշյան իշխանը Իվանե աթաբեկի որդի Ավագից գնում է վանական համալիրը՝ տոհմական տապանատուն դարձնելու նպատակով:
Գեղարդի վանքը մասնակիորեն ավերվել է 1127, 1679, 1840 թվականի երկրաշարժերից, ապա վերակառուցվել ու վերականգնվել հետագա դարերի ընթացքում` ծառայելով որպես ամենայն հայոց կաթողիկոսների ամառային ոստան (նստավայր):
1932թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարած արշավախումբը Գեղարդի վանքի արևմտյան կողմում, ժայռի թեք լանջին, պեղումներով բացել և ուսումնասիրել է վիմափոր խոշոր դահլիճ՝ ուղղանկյուն հատակագծով, քանդակազարդ որմնասյուներով, 5 մ բարձրությամբ և մոտ 140 մ2 մակերեսով (1967 թվականին դահլիճը փլվել է): Գեղարդավանքը նորոգվել և վերականգնվել է 1958-1987թթ.՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ:
1215թ. կառուցվել է համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, որն իր հորինվածքով Հայաստանի խաչաձև գմբեթակիր կառույցների՝ 12-13-րդ դարերի հանրահայտ օրինակներից է:
1215-1225թթ. Կաթողիկեի արևմտյան կողմին կից կառուցվել է կենտրոնակազմ, քառասյուն, շթաքարային մշակումով գմբեթավոր գավիթը: Հորինվածքի կենտրոնում՝ հավասար հեռավորության վրա, ազատ կանգնած են չորս զանգվածեղ սյուներ:
Ժայռը, որը հյուսիսային պատ է ծառայում վանական համալիրի համար, հարուստ է ներքին քանդակներով: Նրա խցերից մեկում, որը հայտնի է որպես «ավազան», բխում է սառնորակ աղբյուր, որի արևելյան կողմում խուց է փորված, իսկ արևմտյան կողմում՝ ավազան մկրտությունների համար:
Պաշտամունքային համալիրը (եռահարկ Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ) ժողովրդի կողմից կոչվել է «Յոթ եկեղեցիների վանք», որն ունի նաև քառասուն մատուռ և պատարագի համար նախատեսված խորան:
1283թ. փորվել է ժայռակոփ երկրորդ եկեղեցին և նրա գավիթը, վերջինը, հավանաբար, եղել է Պռոշյանների տոհմական դամբարանը: Գավթի մուտքի առանցքի ուղղությամբ ստեղծված կամարների մեջ քանդակված է եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծների, նրանցից մի փոքր ներքև պատկերված է թևերը պարզած արծիվ՝ ճիրաններում գառ: Ենթադրվում է, որ դա Պռոշյանների տոհմական զինանշանն է:
Ժամատնից դեպի արևելք գտնվում է մեկ այլ սրահ-եկեղեցի, որը հայտնի է Աստվածածին անվանումով: Մուտքը դեպի եկեղեցի կամարակապ է, որի վերևում Պողոս և Պետրոս առաքյալների քանդակներն են:
Ժայռի վերին մասում 1288թ. կառուցվել է Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կին Ռուզուքանի ժամատուն-դամբարանը, որը չորս անջատ սյուներով կենտրոնակազմ հորինվածք է:
Գեղարդի համալիրի հյուսիսային պատի մեջ գտնվող քարայրային վանքում, ավանդության համաձայն, թանկարժեք գանձ է պահվել: Իրականում ժամանակի ճարտարապետները, օգտագործելով երդիկից եկեղեցի մտնող լուսային էֆեկտները, կարողացել են լույսին տալ կլորավուն՝ ադամանդի տեսք: Լենկթեմուրը, իմանալով այդ, ցանկացել էր վերցնել գանձը, սակայն մոտենալով՝ փակել էր լույսի ճանապարհը սեփական ստվերով, ինչի արդյունքում` գանձն «անհետացել էր»: Հեռանալով՝ նա կրկին տեսնում է գանձը. այդպես նա մոտենում է երեք անգամ: Այնուհետև Լենկթեմուրը որոշում է չավերել վանքը և հեռանում է: 1679թ. երկրաշարժից հետո գանձ-ադամանդն անհետանում է:
Գեղարդի վանական համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:
ԲՋՆԻԻ ԲԵՐԴ
Հոգևոր-մշակութային նշանավոր կառույց է Բջնիի բերդը. այն կառուցել են սարահարթի վրա Պահլավունի իշխանները (Գրիգոր Պահլավունին) 10-11-րդ դարերում (առկա է 1031թ. Գրիգոր Մագիստրոսի արձանագրությունը), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները: Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է: Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներ ու հետքեր են մնացել: Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին:
ԿԵՉԱՌԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Կեչառիսի վանական համալիրը, կառուցված 11-13-րդ դարերում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից է:
Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ՝ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ:
Կեչառիսի վանական համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որոնցից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցել է 1033թ. Գրիգոր Մագիստրոսը. այդ մասին վկայում է հարավային մուտքի արձանագրությունը:
Հիմնական հուշարձանախմբից արևմուտք, 120 մ հեռու, կանգուն է վանքի չորրորդ՝ Սուրբ Հարություն փոքրիկ եկեղեցին, որը, ըստ արձանագրության, կառուցվել է 1220թ.:
Գլխավոր եկեղեցուց հարավ գտնվում է սլացիկ համաչափություններով գմբեթավոր Սուրբ Նշան ոչ մեծ եկեղեցին, որը գլխավոր եկեղեցուց բաժանվում է մի քանի խաչքարերով: Այն թվագրված չէ, սակայն ելնելով XI դարի ճարտարապետության բնորոշ ձևերից և այն պատմական տեղեկությունից, որ Գրիգոր Մագիստրոսը Կեչառիսում 1051 թվականին ևս մեկ եկեղեցի է կառուցել, ենթադրվում է, որ վերջինս Սուրբ Նշանն է:
Երրորդ՝ Կաթողիկե եկեղեցին համալիրի հարավային մասում է, Սուրբ Նշանի կողքին, որը կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը 1203-1214թթ.: Մի խաչքար էլ պահպանվել է վանական համալիրի հարավային մասում գտնվող Կաթողիկե եկեղեցում, որը եկեղեցիներից ամենաշքեղն է: Փորագիր արձանագրության համաձայն՝ այս եկեղեցին կառուցել է Վեցիկ ճարտարապետը՝ Վասակ Խաղբակյան իշխանի հրամանով:
Կեչառիսի տարածքում կան 12-13-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր, որոնցից աչքի է ընկնում Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դար), որը կանգնեցրել են նրա ճարտարապետ եղբայրները:
Կեչառիսը եղել է գրչության կենտրոն: Պահպանվել և մեզ են հասել այնտեղ գրված և ընդօրինակված հայերեն ձեռագրեր:
Վանքը դարերի ընթացքում բազմիցս ավերվել ու նորոգվել է: 1223թ. Պատրոն Վաչեն նորոգել է Սուրբ Նշան եկեղեցին, 1248թ. Խաչենի Խոյախան բերդի տեր Վախթանգի որդի Հասան իշխանն իր կնոջ՝ Բաղաց թագավորի դուստր Մամքանի հետ նորոգել է թաթար-մոնղոլների ավերած Կեչառիսի շենքերը: 1947-1949թթ. վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալիկներով:
1998-2001թթ. ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով Կեչառիսի վանքն ամբողջովին վերականգնվել է:
ԵՂՎԱՐԴԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1301 թվականին՝ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման հազարամյակի առթիվ:
Կառուցել է Ազիզբեկ իշխանն իր կնոջ՝ Վախախի երազի հիման վրա:
Եկեղեցին ունի երկու հարկ: Եկեղեցու չորս կողմը կենդանակերպ քանդակներ են: Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է խաչ: Խաչի ձախ կողմում Աստվածամայրն է՝ մանուկ Հիսուսով, իսկ աջ մասում՝ Հովսեփը: Ներքևի մասում ցլի և առյուծի քանդակներ են: Եկեղեցու հյուսիսային ճակատին արծիվն է՝ ճանկած ավանակին: Արծվի քանդակի տակ՝ կամարաձև պատի վրա, ճարտարապետի անունն է՝ Շահիկ Վարդապետ: Արևմտյան ճակատին քանդակված է կյանքի ծառը:
Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին նման է Մոմիկ Վարդապետի կառուցած Նորավանքին: Եկեղեցու հյուսիսային կողմում՝ պատուհանի վերևում, եղնիկի պատկեր է: Եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է չորս անուն՝ Սուրբ Առաքելոց, Սուրբ Խաչ, Սուրբ Նշան և վերջում` Սուրբ Աստվածածին: Ի տարբերություն Նորավանքի՝ Եղվարդի եկեղեցու երկրորդ հարկը բարձրացել են ոչ թե քարե աստիճաններով՝ այլ շարժական փայտե աստիճաններով՝ մասնակցելու Սուրբ պատարագին:
Եկեղեցին վերանորոգվել է 1960-ական թվականներին:
ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Խորագիր՝ #21 (1268) 21.11.2018 - 27.11.2018, Հոգևոր-մշակութային