Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԱյդ օրը Լեւոնը ժամապահ էր: Լուսադեմին տագնապի ազդանշանը, ինչպես շան ոռնոցն անորոշ տեղից, խաթարեց զորամասի հավասարակշռությունը: Վերեւից տեսավ, թե ինչպես են զինվորներն արագ ներս ու դուրս անում, բեռնատարներում տեղավորում զինամթերքի տուփերը, ինչպես են զրահամեքենաները, մեկը մյուսին հերթ չտալով, դուրս գալիս զորամասից: «Երեւի զորավարժություն է»,- փորձեց ցրել վերահաս աղետի կանխազգացումը: Այդպես անհանգիստ մեկ էլ զորակոչի օրն էր եղել, ո՞ւթ, թե՞ ինը ամիս առաջ, երբ թմբուկից քաշել-հանել էր անծանոթ թվերը:  Այն ժամանակ Ջեբրայիլ տեղանունը մեծ անորոշություն էր հստակ որոշակիությունից առաջ:

Տեղավորվեցին բեռնատարի թափքում՝ բոլորը նույն դիրքով: Հարցեր էին տալիս՝ առանց պատասխաններ ակնկալելու: Շփոթված էին, մինչեւ այն պահը, երբ մեքենան կանգնեց նստեցման շրջանում` Լալա-Իլյագի բարձունքի դեմ դիմաց: Կրակը թափով պոկում էր թաց հողն ու թռցնում-շփում իրենց դեմքին, խանձում նոր բուսած կանաչը: Պատերազմ էր: Նախ՝ պիտի քողարկեին իրենց  ու իրենց զենքը՝ Դ-30 հաուբիցը: Սկսեցին քանդել հողը՝  արագ, արագ, արագ: Հրետակոծությունը չէր դադարում՝ շրջակայքն ասես կաշեհան լիներ: Երբ կիսով չափ արդեն նորափոր խրամատի մեջ էին` գործի անցան: Դ-30-ը կրակում էր՝ աջակցելով հրաձգային ստորաբաժանումներին: Լեւոնը հաշվարկող էր. թիրախների անկյուններն ու հեռավորություններն էր չափում: Հետո արկերը հրարձակ սլանում էին՝ ոչնչացնելով թշնամու ավտոտեխնիկայի շարասյուները…

Հակառակորդի հրետանին էլ չէր լռում: Մի քանի մետր այն կողմ արկ ընկավ: Լեւոնին թվաց՝ տաք ալիքը մշրեց գիտակցությունը: Քաշվեցին, դարան մտան՝ միջատի պես ցեխի մեջ զմռսվելով: Մարմնով մեկ սառնություն անցավ: Պատերազմը, կարծես, տարրալուծել էր ամեն լավ բան, գունաթափ արել իրականությունը, վիթխարի ստվեր տարածել կյանքի վրա: «Էսքան բան տեսնելուց հետո մեր ապրելը քանի՞ կոպեկ արժի»,-մի պահ հուսահատվեց:

Լեւոնին թվում էր՝ քնած է, ուր որ է՝ կհնչի «վերկաց» հրահանգը, կնստի մահճակալին, աչքերը կտրորի` կփնտրի համազգեստը: Բայց այդպես չեղավ:

Երբ հրետանին մի քանի ժամով լռեց, զինվորական մեքենան իրենց դիրք ծանրոցներ բերեց: Լեւոնը բացեց փոքրիկ արկղը: Իրար վրա շարված քաղցրավենիքի տուփերի արանքում ծրար գտավ, միջից մի նամակ հանեց ու կարդաց.

«Նամակ զինվորին

Բարեւ, սիրելի՛ զինվոր: Ես քեզ շատ շնորհակալ եմ, որ պահում, պաշտպանում ես մեր Հայրենիքը:

Միշտ այդպես ուժեղ եւ առնական եղիր: Ես հավատում եմ, որ այս ամենը բարի ավարտ է ունենալու:

Եվս մեկ անգամ շնորհակալություն, որ պաշտպանում ես մեր խաղաղությունը, անվտանգությունը եւ անհոգ մանկությունը:

Բոլորիդ մաղթում եմ բարի ծառայություն:

Նարե Խաչատրյան

Երեւանի թիվ 74 դպրոց, IV դասարան»:

ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸնդարձակ չէր Նարեի նամակը, բայց մանկական ձեռագիրը, մանրիկ տառերը, ամեն բառը, ամեն նախադասությունը հուսադրում էին՝ ինքը զինվորագրվել է սիրո ու բարու հավատին: «Աստված տա՝ ինձ բան չպատահի, գտնելու եմ Նարեին…»,-խոստացավ ինքն իրեն: Նամակը խնամքով երեքտակ ծալեց ու տեղավորեց համազգեստի գրպանում: Այն դարձավ կռվելու, ապրելու, հաղթելու իր հավաստագիրը: Մոռացավ արկերի ճարճատյունը, դժվարությունները… կասկածներն անհետացան սրտի խորքերում: Զգաց, թե ինչպես է ընդարձակվում շունչը, թե ինչպես է ցրվում անհայտությունը. կարծես վերագտել էր շրջապատը տեսնելու, զգալու զգացողությունը:

Յոթանասուներեքերորդ օրն էր՝ Լեւոնը վերջապես դիրքերից զորամաս իջավ: Համազգեստն ընկղմեց ջրի մեջ: «Նամակը».-տաշտից քաշեց-հանեց բաճկոնը: Ուշ էր. թուղթը վեց կտոր էր եղել: Դրեց արեւի տակ: Հետո թափանցիկ «սկոչով» միացրեց պատառիկները: Եվ պահեց աչքի լույսի պես: Նամակն ու ինքը միասին զորացրվեցին:

Երեկոյան հնչեց հեռախոսի զանգը: Տիկին Լարիսան վերցրեց լսափողը: Դստեր՝ Նարեի դասղեկի ձայնն էր. «Այսօր մի բարետես զինվոր է եկել մեր դպրոց: Նարեի ապրիլյան նամակի հասցեատերն է: Ուզում է անպայման ծանոթանալ հեղինակին»: Ամբողջ ընտանիքը հուզվեց-ոգեւորվեց:  Բոլորով կգնան զինվորի հետ հանդիպմանը՝ որոշեցին: Անգամ Ելենա տատիկը, որ վաղուց բակ դուրս չէր եկել, ոտքի կանգնեց: Փոքրիկ Նարեն անակնկալի եկավ: Հիշեց, թե ինչպես էր երկու տարի առաջ գրասեղանի մոտ նստած միտք անում՝ ի՞նչ բառեր ընտրի, որ կռվող զինվորին գոնե մի քիչ ոգեւորի: Ե՛վ գրում էր, ե՛ւ ցածրաձայն աղոթում. «Աստված ջան, այնպես արա, որ պատերազմը շուտ ավարտվի»:

Հանդիպումը դպրոցում էր: Հավաքվել էին Նարեի դասընկերները, ուսուցիչները, տնեցիներն ու հարազատները: Լեւոնը փոքր-ինչ շփոթված էր, Նարեն՝ հուզված: Հետո բոլորը սրբում էին արցունքները՝ լսելով ծանոթ նամակի անծանոթ պատմությունը: Լեւոնը դեռ դիրքերում էր որոշել՝ երկտողը վերադարձնելու է հեղինակին: Չկարողացավ. այն չափազանց հարազատ էր դարձել իրեն: Փոխարենը Նարեին հանձնեց իր նոթատետրը, որ բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարից էր ստացել: «Թող բոլոր գրառումներդ խաղաղության մասին լինեն»,-ժպտաց: «Եվ թող բոլոր զինվորներն անպայման տուն վերադառնան»,-փոքրիկ Նարեի սրտի խոսքն էր:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (1268) 21.11.2018 - 27.11.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


22/11/2018