Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ



ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՄասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին վերջերս շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով: Այս եւ կենտրոնի այլ գործառույթների մասին է Ալիս Ալավերդյանի հարցազրույցը կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ:

 

-Պարոն Թոփչյան, նախքան ռազմական բուհերի հավատարմագրմանն անդրադառնալը, նախ՝ կցանկանայի մեր ընթերցողներին ներկայացնեիք Ձեր ղեկավարած կառույցի առաքելությունը:

-Մասնագիտական  կրթության որակի  ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ստեղծվել է 2008թ. նոյեմբերին՝ կառավարության որոշմամբ: ՈԱԱԿ-ն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով գնահատում, հավաստում է, որ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները բավարար որակի ապահովման գործընթացներ են իրականացնում՝ շարունակաբար բարելավելով որակը:

Մեր կառույցը հետևում է մասնագիտական կրթության որակի ապահովման և շարունակական բարելավման չափորոշիչների իրականացմանը՝ նպաստելով կրթական համակարգի ինքնավարությանը և հաշվետվողականությանը Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, և աջակցում է մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի մշակույթի հիմնմանը, տարածմանը և ամրապնդմանը:

-Ինչո՞վ է կարեւորվում հավատարմագրումը, եւ ի՞նչ ժամկետներով  է տրամադրվում:

-Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանո՞վ են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում բուհի և կառավարության սահմանած նպատակներին, որքանո՞վ են դրանք համարժեք հասարակության պահանջներին և ՀՀ կառավարության կողմից  հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:

Հավատարմագրումը տրվում է որոշակի ժամանակահատվածով։ Այն  պարտադիր պարբերական գործընթաց է և ազդակ մասնագիտական ուսումնական հաստատություններին (ՄՈՒՀ), ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է  պետության կողմից: Փորձագետները, ընդհանուր առմամբ,  գնահատում են ՄՈՒՀ-ում առկա խնդիրների ռիսկայնությունը  ուսանողի շահերի տեսանկյունից։ Ըստ այդմ՝ ինստիտուցիոնալ հավատարմագրումը շնորհվում է 2, 4 և 6 տարի ժամկետով կամ մերժվում է։ Այդ լիազորություններն իրականացնում է ՈԱԱԿ-ի Հավատարմագրման հանձնաժողովը։

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ-Մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովումը ՀՀ-ում իրականացվում է պետական հավատարմագրման երկու գործընթացով՝ ինստիտուցիոնալ եւ ծրագրային:

-Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախապայման է ծրագրային հավատարմագրման համար: Ծրագրային հավատարմագրման թիրախն առանձին մասնագիտության կրթական ծրագիրն է, ոչ թե հաստատությունն ամբողջությամբ: Այս գործընթացը թույլ է տալիս պարբերաբար գնահատելու մասնագիտության կրթական ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև վերահսկելու` արդյոք այն ապահովում է ուսանողների կողմից ուսումնառության արդյունքների ձեռքբերումը ակնկալվող ամբողջ ծավալով: Դա նշանակում է, որ պետությունը ճանաչում է շնորհվող որակավորումները շնորհված հավատարմագրման ժամկետում։

Նշեմ, որ ռազմական բուհերում հավատարմագրման անհրաժեշտությունը շեշտադրել է  Դավիթ Տոնոյանը, երբ դեռ ՊՆ առաջին փոխնախարար էր։ Նա կարևորել է, որ ռազմական բուհերը  միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում անցնեն, և դրանցում ներդրվի որակի շարունակական բարելավման մշակույթ։

ՀՀ-ում գործող բուհերի մեծ մասը գոնե մեկ անգամ անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում։  Ներկայումս ընթանում է հավատարմագրման երկրորդ շրջափուլը։ Ծրագրային փորձաքննություն դեռևս միայն փորձնական մակարդակում է տեղի ունեցել, քանի որ դա կամավոր գործընթաց է, և բուհերը դիմում են, երբ համոզված են, որ պատրաստ են։

Կառավարության նախաձեռնությամբ՝ առաջիկայում նախատեսվում է մեկնարկել նաև ծրագրային հավատարմագրման լայնածավալ գործընթաց բոլոր ծրագրերի համար՝ ըստ կրթության  մասին օրենքի նորացված բովանդակության։

-Ռազմական երկու բուհերին էլ շնորհվել է ինստիտուցիոնալ  հավատարմագրում: Տվյալ գործընթացի ժամանակ ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվում:

-Հավատարմագրման գործընթացն իրականացվում է 2011 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներով և չափորոշիչներով, որոնք պարտադիր են բոլոր բուհերի համար: Ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում դիտարկվում են տասը տիրույթներ՝ առաքելություն և նպատակներ, կառավարում և վարչարարություն, մասնագիտության կրթական ծրագրեր, ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմ, հետազոտություն և զարգացում, ենթակառուցվածք և ռեսուրսներ, հասարակական պատասխանատվություն, արտաքին կապեր և միջազգայնացում, որակի ներքին ապահովման համակարգ։

Այդ չափանիշների ներքո, օրինակ, դիտարկում ենք բուհերի կառավարման արդյունավետությունը, որքանով է կառավարման համակարգը միտված բուհի առջև դրված առաքելության և նպատակների իրագործմանը: Հավատարմագրման ժամանակ դիտարկվում են երեք մասնագիտությունների կրթական ծրագրեր, անդրադառնում ենք պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմով բուհի ապահովվածությանը, նյութատեխնիկական բազայով հագեցվածությանը, ուսանողներին մատուցվող ծառայությունների արդյունավետությանը, հետազոտական գործունեության իրականացմանը, և արդյոք դա նպաստում է ուսուցման որակի բարելավմանը, միջազգայնացմանն ուղղված բուհերի գործունեության արդյունավետությանը, հասարակության առաջ հաշվետվողականության մեխանիզմների, ինչպես նաև որակի ներքին ապահովման համակարգի արդյունավետությանը:

Իհարկե, ռազմական բուհերի ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել այդ բուհերին բնորոշ առանձնահատկությունները. ֆինանսական և կառուցվածքային ինքնավարությունը, հետազոտական գործունեությունը և միջազգայնացմանն ուղղված աշխատանքները, գաղտնիության ռեժիմով պայմանավորված թափանցիկությունը շահակիցների համար և այլն:

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ-Հավատարմագրման գործընթացներն իրականացվում են բարձրակարգ փորձագետների մասնակցությամբ: Ի՞նչ հստակ աշխատանքներ են կատարվել ռազմական բուհերում:

-Փորձագետների աշխատանքի կարևորագույն փուլերից մեկը այցելությունն է բուհ։ Մինչ այդ, փորձագետներն ուսումնասիրում են բուհի կողմից իրականացված ինքնավերլուծությունը, դուրս բերում  բուհի ուժեղ և բարելավման կարիք ունեցող կողմերը, ինչպես նաև պատրաստում հարցեր, խնդիրներ՝ տարբեր թիրախային խմբերի հետ հանդիպումներում պարզաբանման համար:

Ռազմական բուհերից յուրաքանչյուրում փորձագիտական խմբի այցը տևել է 4 օր, հանդիպումներ են եղել բուհի ղեկավար կազմի, ՊՆ ներկայացուցիչների, ֆակուլտետների և ամբիոնների պետերի, շրջանավարտների, կուրսանտների, դասախոսական կազմի ներկայացուցիչների, սերժանտական խորհրդի անդամների, որակի ապահովման և վերլուծության բաժնի աշխատակիցների, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ: Այց եղել է նաև Արզնի օդանավակայան` տեղում դիտարկելու կուրսանտների պրակտիկ աշխատանքները, դիտարկվել է բուհի ռեսուրսային բազան, ուսումնասիրվել են մի շարք փաստաթղթեր: Փորձագիտական խումբը իր փակ քննարկումների ժամանակ պարբերաբար վերլուծել է ստացված տեղեկատվությունը, այնուհետև ուսումնասիրությունների, այցի արդյունքների հիման վրա կազմել է փորձագիտական զեկույցը, որը ներառում է ինչպես դուրս բերված փաստերը, այնպես էլ փորձագիտական խմբի դատողությունները և խորհրդատվությունները:

-Փորձագիտական խմբի մեջ ընդգրկված էր նաեւ Լեհաստանի ռազմածովային ակադեմիայի հրամանատարության  եւ ծովային գործողությունների ֆակուլտետի փոխդեկան Բարտոլոմեյ Պաչեկը: Հետաքրքիր է՝ ի՞նչ նկատառումներ հնչեցրեց օտարերկրացի փորձագետը:

-Հավատարմագրման գործընթացին մասնակցել է նաև Ս.Պետերբուրգի աերոտիեզերական սարքաշինության պետական համալսարանի Ռադիոտեխնիկական և օպտոէլեկտրոնային համակարգերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Կրյաչկոն։

Միջազգային փորձագետների հիմնական նկատառումները կապված էին դասախոսական կազմի խիստ ծանրաբեռնվածության, նորարարական ուսումնասիրությունների սակավության, ուսանողների և դասախոսների շրջանում օտար լեզուների մակարդակի բարձրացման,  տարածաշրջանի լեզուների (թուրքերեն, ադրբեջաներեն, վրացերեն, պարսկերեն) ուսումնասիրության, ինչպես նաև, ըստ ռազմական նպատակների՝ 21-րդ դարի պահանջներին համապատասխան սպայական կրթության ապահովման հետ։

-Նկատված ի՞նչ խնդիրներ կան, որ բնորոշ են ե՛ւ բուհերին, ե՛ւ ռուհերին:

-Այո՛, կան խնդիրներ, որոնք բնորոշ են բուհերի մեծամասնությանը՝ անկախ ուղղվածությունից։ Այդպիսիք են շահակիցների ներգրավվածության ոչ բավարար մակարդակը բուհի որոշման կայացման և կրթական ծրագրերի բարելավման գործընթացներում։

Բոլոր բուհերում  զգացվում է  նորարարական ուսումնասիրությունների, հետազոտությունների սակավություն, ինչպես նաև՝ ուսանողները ակտիվորեն չեն մասնակցում իրականացվող ուսումնասիրություններին։

Համընդհանուր խնդիր է նաև դասախոսների ծանրաբեռնվածությունը, ինչի պատճառով բավարար ժամանակ չի հատկացվում դասախոսների մասնագիտական զարգացմանը կամ հետազոտությունների իրականացմանը։

Անդրադառնալով ռազմական բուհերին՝ նշեմ, որ ոլորտային նախարարությանը՝ ՊՆ-ին անմիջական ենթակայությունն ունի և՛ դրական, և՛ խնդրահարույց կողմերը։ Լավ է, որ բուհերը հագեցած են ռեսուրսներով, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, ինչը հաճախ չենք տեսնում քաղաքացիական բուհերում,  և ունեն  պրակտիկ ուղղվածություն։  Սակայն խնդիր է, որ ռազմական բուհերը չունեն բավարար ինքնավարություն, օրինակ, քայլեր ձեռնարկելու միջազգայնացման, ուսանողների շարժունության ապահովման կամ այլ բուհերի հետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ։ Կարծում եմ նաև, որ ռազմական բուհերում  զինվորական, սպայական փոխհարաբերությունները պետք է համադրվեն ակադեմիական անկախության սկզբունքի հետ։

-Ռազմական բուհերում որակի ապահովման ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում:

-Ռազմական բուհերի դրական առանձնահատկություններից է այն, որ  անընդհատ կապի մեջ են իրենց շրջանավարտների հետ և ստանում են հետադարձ արձագանք իրենց կրթական ծրագրերի վերաբերյալ։ Այդպիսի համագործակցությունը թույլ է տալիս, պայմանականորեն ասած, աշխատաշուկայում  առկա նորամուծությունները օպերատիվ ներդրվեն նաև բուհում՝ ապահովելով կրթության պրակտիկությունը և ուսանողակենտրոնությունը։ Նշեմ նաև, որ այստեղ դասախոս-ուսանող կապը շատ դինամիկ է, դասախոսն անընդհատ հետևում է ուսանողի առաջընթացին՝ համապատասխանաբար բարելավելով կրթական գործընթացները։

-Միջազգայնացումը որակի ապահովման առաջնային բաղադրիչներից է. մեր ուսումնական հաստատությունների կրթական որակն արդյոք ճանաչելի՞ է եւ  մրցունակ: 

-Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին և համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Դրա համար կարևոր է, որ մեր կրթական չափորոշիչները  համադրելի լինեն այդ երկու համակարգերի լավագույն փորձի  հետ՝ ապահովելով մեր կրթական համակարգի ինտեգրվածությունը։

Ներկայումս այդ ուղղությամբ քայլեր արվում են, սակայն գլոբալիզացիայի պայմաններում ավելին անելու հնարավորություն կա։

-Պարոն Թոփչյան, շուտով կլրանա ՈԱԱԿ-ի գործունեության  տասը տարին, ի՞նչ հաջողություններ եք գրանցել: Անդամակցո՞ւմ եք միջազգային համանման կառույցների հետ  եւ ապագայի Ձեր տեսլականը:

-ՈԱԱԿ-ն իր գործունեության տասը տարիների ընթացքում կարողացել  է դառնալ վստահելի գործընկեր թե՛ ներքին, թե՛ արտաքին շահակիցների համար։ Մենք խրախուսում ենք բուհերի պրոակտիվ մոտեցումը և որպես գործընկեր՝ բուհերի հետ միասին ենք փնտրում լուծումներ նրանց խնդիրներին։

ՈԱԱԿ-ն  արդյունավետորեն տեղայնացնում է որակի ապահովման միջազգային փորձը, իսկ տեղական հաջողված փորձը ներկայացնում միջազգային լայն հանրությանը՝ հայաստանյան բուհերը դարձնելով ավելի ճանաչված։

Ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին շրջափուլի արդյունքում՝ բուհերում ներդրվել են որակի ապահովման մեխանիզմներ։ Հավատարմագրման երկրորդ շրջափուլի ընթացքում  ուշադրության կենտրոնում կլինեն  կրթական ծրագրերը և ուսանողներին մատուցվող ծառայությունների ռիսկերի նվազեցումը։

Նշեմ, որ մեր բոլոր հավատարմագրումներն իրականացնում ենք միջազգային հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ, որոնց  կարողանում ենք ներգրավել մեր միջազգային անդամակցությունների շնորհիվ։

ՈԱԱԿ-ը մի շարք միջազգային հեղինակավոր կառույցների է անդամակցում։ Դրանցից են Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցը (INQAAHE), Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA), Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցը (CEENQA), ԱՄՆ բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խումբը (CIQG)։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն ընդգրկված է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում։ ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրումները ճանաչելի են եվրոպական կրթական տարածքում, և արդյունքները ներկայացվում  են համաեվրոպական գրանցամատյանում։ Նշեմ նաև, որ ՈԱԱԿ-ի ջանքերով 2019թ. հոկտեմբերին Երևանում տեղի կունենա Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 10-րդ գլխավոր համաժողովը։ Հայաստան կժամանեն եվրոպական բարձրագույն կրթական տարածքի շուրջ 250  առաջատար մասնագետներ, տեղում կծանոթանան մեր կրթական համակարգին, իսկ հայաստանյան մասնագետներն էլ կկարողանան տեղում  առնչվել եվրոպական լավագույն փորձին։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #22 (1269) 28.11.2018 - 4.12.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


29/11/2018