ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ԷՐ
Նոյեմբերի 27-ից 29-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի տեղակալի գլխավորությամբ, ճանաչողական այցով մեկնել էր Բելգրադ:
Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը ծանոթացել է Սերբիայի ազգային պաշտպանական համալսարանի և ռազմական ակադեմիայի կառուցվածքին, գործառույթներին, ուսումնական գործընթացին, դասավանդվող ծրագրերին և առարկաներին, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրությանն ու վերապատրաստման գործընթացին:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները Սերբիայի գործընկերներին ներկայացրել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կառուցվածքն ու գործունեությանն առնչվող խնդիրները:
Այցի արդյունքներով երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Խորագիր՝ Նորություններ