Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ



ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆԴեկտեմբերի 1ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին` Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կառույցի քարտուղարի իր թեկնածուն և պատրաստ է շարունակելու ստանձնած լիազորությունների կատարումը։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հայռուսական դաշնակցային հարաբերություններին, նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։

Խոսելով արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին` Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների քանակը նվազել է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև կողմերի միջև ստեղծված օպերատիվ կապին, նշելով, որ մինչ այդ Ադրբեջանի հետ Հայաստանի կապը գործում էր միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ շրջանակներում, այժմ նոր հաստատված կապը կարող է նպաստել  սահմանային լարվածության ու հրադադարի խախտումների նվազեցմանը։

Լրագրողների խնդրանքով Դավիթ Տոնոյանը խոսել է նաև Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին՝ շեշտելով, որ Հայաստանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել հակամարտությունից տուժած բնակավայրերին ու Սիրիայի հայ համայնքին։

Խորագիր՝ Նորություններ


03/12/2018