ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՄՆ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի ուղեկցությամբ:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկա մակարդակը, քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ 15 տարվա համագործակցության ընթացքում ՀՀ զինված ուժերը և Կանզասի ազգային գվարդիան իրականացրել և շարունակում են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք հանդիսանում են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության կարևոր բաղադրիչներ:
Գեներալ-մայոր Լի Թաֆանելին հավաստիացրել է, որ Կանզասի ազգային գվարդիան՝ որպես նահանգային համագործակցության ծրագրով Հայաստանի գործընկեր, շարունակելու է զարգացնել համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության և այլ ավանդական դարձած ուղղություններով, միևնույն ժամանակ, դրական արձագանքելով բոլոր նոր նախաձեռնություններին:
Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին է հանձնել Կանզասի նահանգապետ Ջեֆֆրի Կոլյերի ստորագրած հռչակագիրը, որով 2018թ. դեկտեմբերի 6-ը հռչակվել է Կանզաս-Հայաստան համագործակցության օր:
Կանզասի նահանգապետ Ջեֆֆրի Կոլյերը դեկտեմբերի 7-ին կժամանի Հայաստան և Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակության ուղեկցությամբ կմասնակցի 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներին:
Խորագիր՝ Նորություններ