Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐՃՇԳՐԻՏ ԽՈՑՈՒՄ



ԳԵՐՃՇԳՐԻՏ ԽՈՑՈՒՄ«Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի խոր թիկունքում տեղակայված թիրախների, այդ թվում՝ հետախուզական համակարգերի, զորքերի կառավարման կետերի, ինքնաթիռների և ուղղաթիռների կայանատեղիների խոցման համար: Առավելագույն հեռահարությունը 70  կմ է, հրթիռի արագությունը՝ 300-500 մ/վ: Անձնակազմը 4 հոգի է: Հրթիռի տեղ հասնելու առավելագույն ժամանակը՝ 136 վայրկյան:

Գերճշգրիտ, զսպող, սթափեցնող՝ նման բնութագրմամբ զինատեսակներ ՀՀ զինված ուժերի զինանոցում շատ կան: Հատկապես վերջին տարիներին մեր բանակի սպառազինության թարմացման և արդիականացման ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել: Սակայն նոր զինտեխնիկայի, խոցման նոր միջոցների ձեռքբերումը միայն գործի կեսն է: Զուգահեռ անցկացվում են մարտական պատրաստության տարաբնույթ տեսական և գործնական միջոցառումներ, որոնց նպատակը տվյալ ստորաբաժանումների զինծառայողների մարտունակությունն ամրապնդելն է, մարտական կարողությունների կատարելագործումը: ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված գործնական վարժանքների ակտիվ փուլում մասնագիտական արհեստավարժության նոր աստիճան յուրացրին նաև հրթիռահրետանային զորքերի զինծառայողները: ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի զորամասերից մեկն իրականացրեց «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրի մարտական արձակում: Հրթիռը ճշգրիտ խոցեց  պայմանական թիրախը 65 կմ հեռավորությունից:

…Հրթիռահրետանային ստորաբաժանումն ստանում է «Տագնապ» ազդանշան և ռազմերթ կատարում դեպի նախորոշված շրջան: Տեխնիկան երթայինից բերվում է մարտական  վիճակի և քողարկվում: Անձնակազմին առաջադրվում են տարբեր ուսումնական խնդիրներ, մարտական հաշվարկները պատրաստվում են հակառակորդի ռազմավարական նշանակության օբյեկտների խոցմանը: Այս փուլից հրամանատարական կազմը գոհ է. հրթիռային համալիրները ապացուցեցին հարյուրավոր կիլոմետր ռազմերթ կատարելու և սեղմ ժամկետում կիրառման շրջանում մարտական խնդրի կատարմանն անցնելու իրենց կարողությունը:

ԳԵՐՃՇԳՐԻՏ ԽՈՑՈՒՄՄարտավարական զորավարժության հաջորդ՝ առավել պատասխանատու փուլին հետևում էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը: Մարտական տեխնիկան մեկնարկային դիրքերում է: Հրամանատարական կետում հետախուզական և դիտարկման տվյալներն ստանալուն պես կրակային դիրք են փոխանցվում հակառակորդի կոորդինատները: Տեղում հաշվարկներ են կատարվում, և տվյալները ներմուծվում են արձակման կայանք: Անձնակազմի գործողությունները հստակ են ու վարժ, թեև առաջին անգամ են կրակելու, ու որոշակի լարվածություն կա: Համալիրի հենոցներն իջեցված են, բոլոր հաշվարկները կատարված են, հրթիռը պատրաստ է թռիչքի: Մեկնարկային դիրքում է կապիտան Ծառուկյանի հաշվարկը: Գործում է վստահ, համոզված է, որ ամեն ինչ հաջող է ընթանալու, քանի որ հաշվարկի տղաների հետ շատ պարապմունքներ է անցկացրել, պատրաստ են հնարավոր բոլոր իրավիճակներին:

 

Սահմանված պահին տրվում է «Մեկնարկ» հրամանը, և կոճակի սեղմումով սկսվում է հետհաշվարկը՝ 120 վայրկյան անց հրթիռը պետք է արձակվի: Բոլորն անհամբեր սպասում են, և ահա բացվում է խցիկը, հրթիռը բարձրանում, «ուղղում է մեջքը» և ճիշտ ժամանակին հռնդյունով վեր է թռչում: Րոպեներ անց այն ճշգրիտ խոցում է նշանակետը զորավարժարաններից մեկում: Ուրախություն, ոգևորություն, փոխադարձ շնորհավորանքներ, ապա նաև հրետանավորների յուրատեսակ մկրտության արարողություն  է տեղի ունենում. հրթիռի վառելիքի մրով մրոտում են հրթիռարձակումը գերազանց կատարած հաշվարկի անձնակազմին: Նաև զինգրքույկի մեջ են մրով հատուկ նշագրում կատարում:

Ոգևորությունն իրոք տեղին էր. հաշվարկը կատարվել էր ճիշտ, հրթիռը շեղում չէր ունեցել, հարվածել էր ուղիղ նշանակետին:

Մի պահ «թուլանալուց» հետո անձնակազմն անցնում է մյուս խնդիրների կատարմանը: Զորավարժությունը դեռ չի վերջացել: Այն հնարավորինս մոտեցված է իրական մարտական պայմաններին, սակայն իրական մարտի ժամանակ հրթիռարձակումից հետո մարտկոցը հաշված րոպեներ ունի կրակային դիրքը փոխելու համար մինչև հայտնաբերվելը: Տղաները արագ զբաղեցնում են իրենց տեղերը մեքենայում և արագ հեռանում՝ նոր կրակային դիրք զբաղեցնելու:

Ստորաբաժանումն առաջադրված խնդիրները լիարժեք կատարեց և գերազանց խոցեց բավական բարդ նշանակետը: ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանավորների կողմից շահագործվող գերճշգրիտ խոցման միջոցներից մեկը հակառակորդի ամրացված շրջանների, ռազմավարական ենթակառուցվածքների ոչնչացման ամենաարդյունավետ զինատեսակներից է: Եվ ՀՀ զինված ուժերը մարտական կիրառման մեջ ցուցադրեցին լայնածավալ պատերազմը կանխող սպառազինությանը գերազանց տիրապետելու իրենց կարողությունը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #23 (1270) 5.12.2018 - 11.12.2018, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


10/12/2018