Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵՐԺԵ՞Լ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ



ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵՐԺԵ՞Լ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆՌուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիր վաճառել, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:

Ըստ պարբերականի՝ գործարքը տապալվել է ռուսական կողմի որոշմամբ: Չեղարկման առաջին պատճառը հետեւյալն է՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ի դեմս Ադրբեջանի պոտենցիալ վտանգ է տեսել և եզրակացրել՝ զինատեսակի անգամ արտահանման համար նախատեսված տարբերակը կարող է սպառնալիք դառնալ Ռուսաստանի տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի համար:

Հակառակորդի նավերը խոցելու համար նախատեսված այդ համալիրով Ադրբեջանը սկսել էր հետաքրքրվել դեռեւս չորս տարի առաջ՝ Կասպից ծովի իր հատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ Մոսկվան և Բաքուն նախաստորագրել էին մատակարարումների պայմանագիրը, սակայն փաստաթղթի վերջնական հաստատմանը գործն այդպես էլ չէր հասել: Ռուսաստանի պաշտպանության նախարարության փորձագետները առարկել էին՝ համալիրը կարող է օգտագործվել հենց ռուսական նավերի դեմ: «Մեր այդ փաստարկների հետ վիճելն անիմաստ էր, այդ իսկ պատճառով, նախաստորագրված համաձայնագիրը բանակցություններից դուրս բերվեց»,-ասել է նախարարության բարձրաստիճան զինվորականներից մեկը:

«Կոմերսանտ»-ի բարձրաստիճան աղբյուրները միաժամանակ հայտնել են, որ մերժման պատճառներից մյուսն էլ ղարաբաղյան խնդիրն է: «Այստեղ մի շատ նուրբ աշխարհաքաղաքական հարց կա»,- «Կոմերսանտ»-ին ասել է ռուսական պաշտպանական գերատեսչության աղբյուրը, մանրամասնելով՝ վերջին տարիներին համալիրի Խ-35 դասի հրթիռները, որոնք ունակ են խոցելու հակառակորդի թիրախները մինչև 120 կմ հեռավորության վրա, արդիականացվել են. դրանք կարող են կիրառվել  ոչ միայն ջրում, այլև՝ ցամաքում: «Մենք չէինք ցանկանա, որ այս զենքը գործադրվեր ղարաբաղյան հակամարտությունում»,-նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան: Պարբերականը փաստում է, որ ռուսական առափնյա հրթիռները ցամաքում մեկ անգամ արդեն օգտագործվել են Սիրիայում իսլամիստ ծայրահեղականների ցամաքային հենակետերն ու արդյունաբերական օբյեկտները ոչնչացնելու համար: Ռուսական կողմը միաժամանակ ընդգծում է, որ մերժումը չպետք է խնդիրներ առաջացնի Ադրբեջանի հետ հարաբերություններում:

«Կոմերսանտ»-ը դիմել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել Բաքվի հետ գործարքը տապալելու տեղեկությունները: Պաշտոնական կառույցը, սակայն, չի արձագանքել: Մեկնաբանություններից խուսափել են նաեւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունն ու «Ռոսօբորոնէքսպորտը»:

Ադրբեջանական մի շարք պարբերականներ  արտատպել են հոդվածը, սակայն պաշտոնական Բաքուն արձագանքել է միայն հաջորդ օրը: Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ վերոնշյալ համալիրները ձեռք բերելու մտադրություն չեն ունեցել:

Խորագիր՝ #23 (1270) 5.12.2018 - 11.12.2018, Ռազմաքաղաքական


10/12/2018