ԶԻՆՎՈՐԸ, ԳԵՆԵՐԱԼԸ, ՄԱՐՇԱԼԸ
Քաղաքամայր Երևանում բազում են հայ ժողովրդի մաքառող ոգին պատմության քառուղիներում ցոլացնող խորհրդանիշները: Ահա սլացքի մեջ է մեր էպոսի Դավիթը, որ կարծես շաղկապում է Ջոջանց տան պատմության բոլոր ճյուղերը: Ավելին, աներևույթ մի ուժով ձիարձանն իր շուրջն է հավաքում հայոց էպոսն ասացողներին՝ կարծես պահանջելով, հորդորելով անընդհատ արթուն պահել մեծաց փառքը, որ չկտրվի սերունդների շղթան: Իրենց վարքով նույնն են քարոզում մայրաքաղաքի անդորրը տարբեր կողմերից հսկող Հայկ Նահապետը, Նժդեհը, Անդրանիկը, Թումանյանը, Սարյանը, Կոմիտասը, Բաղրամյանը…
«Անսահման էր նրա մարդկային հմայքը»,- գրում են ժամանակակիցները: Հովհաննես Բաղրամյանի մեջ ապրում էր դյուցազնական մի ոգի, որ, անշուշտ, ժառանգել էր նախնիներից: Նրա կյանքն էլ անցավ հրի ու սրի միջով: Նրան էլ դավադիր գնդակները չդիպան ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ Համաշխարհայինի տարիներին: Նա հերոսացավ ճակատամարտից ճակատամարտ, նվաճեց զինվորական բոլոր տիտղոսներն ու մնաց իր ժողովրդի պատմության մեջ՝ որպես պանծալի մի անուն՝ մարշալ Հովհաննես Բաղրամյան: Նա իր կյանքով ցույց տվեց, թե ինչպես պետք է սովորել ու գործել, շարունակել մեծաց դասերը, աշխատել ու պայքարել, ծառայել Հայրենիքին ու ժողովրդին: Նրա կենսագրությունն արժանի է խորին հարգանքի ու սիրո: Հայ ժողովրդի քաջարի զավակը, իսկապես, տարեգրության նոր էջերով է հարստացրել մեր պատմությունը եւ պատվավոր տեղ ունի հայոց մեծերի ընտանիքում:
«Հայրս շատ ուրախացավ երկաթուղային երկդասյա դպրոց ընդունվելու համար,-պատմում է Հ.Բաղրամյանը:- Իսկույն ինձ համար գնեց համազգեստ` սև գույնի կոստյում, շինել` փայլուն կոճակներով, և բոտինկաներ, որ ես առաջին անգամ էի հագնում:
Թիֆլիսի տարիները, նոր պայմաններն ու միջավայրն իրենց կնիքը դրեցին մեր սրտի ու հոգու վրա, նոր մտքեր ու գաղափարներ մտցրին մեր գիտակցության մեջ: Թիֆլիսում մենք սովորում էինք ոչ միայն ուսումնարանի պատերի ներսում, լսարաններում, այլև դասեր էինք առնում երկաթուղային բանվորների շրջապատում, գլխավոր արհեստանոցում, վագոնային ու շոգեքարշային դեպոներում, ուր անցնում էին մեր գործնական պարապմունքներն ու տեխնիկական ուսուցումը»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
«Միշտ խորհեցեք հայրենիքի մասին»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
«Անտարակույս, տաղանդավոր զորավար է Հ.Ք.Բաղրամյանը: Նա ունի և՛ հրամանատարական, և՛ շտաբային աշխատանքի փորձ, և դա նրան օգնում էր հաջողությամբ լուծելու ինչպես զորքերի կառավարման, այնպես էլ օպերացիաների պլանների մշակման հարցերը, ընդ որում, նա անպայման աշխատում էր գտնել հաղթանակի հասնելու ամենակարճ ուղին: Հովհաննես Բաղրամյանը բնավորությամբ հաստատակամ է ու աներեր»:
Խորհրդային Միության մարշալ
Ա.Մ.ՎԱՍԻԼԵՎՍԿԻ
«Պատվախնդիր զինվորական ու մարդ: Նրա ղեկավարությամբ աշխատելը հեշտ էր: Նա երբեք նախաձեռնությունը չէր կաշկանդում, իր կարծիքը չէր պարտադրում և համոզելը գերադասում էր հարկադրելուց: Ինձ հաճախ վիճակվում էր ռազմագիտության տարբեր հարցերով բանավիճել ակադեմիայի պետի հետ, բայց մեր վեճերը երբեք չէին ազդում անձնական փոխհարաբերությունների վրա, այլ, ընդհակառակը, փոխադարձ հարգանքը մեծանում էր»:
Զրահատանկային զորքերի մարշալ
Պ.Ա.ՌՈԴՄԻՍՏՐՈՎ
«Շաուլյայի և Մեմելի գործողություններում ցայտուն դրսևորվեցին Բաղրամյանի ինքնօրինակ զորավարական տաղանդը, նրա ռազմական լայն գիտելիքները և գործնական մեծ փորձառությունը: Նրա մասին արդեն խոսվել է, սակայն Հովհաննես Բաղրամյանի բնութագիրն անավարտ կմնա, եթե այստեղ չհիշատակենք նաև մարդկանց հանդեպ նրա ուշադիր վերաբերմունքը, անձնական հմայքը, սրտաբացությունն ու հարգանքն ընկերոջ նկատմամբ: Հավանորեն այդ բոլոր հատկությունների երջանիկ զուգորդությունն էլ հենց հնարավորություն են տալիս նրան այդպես բնականորեն ձուլվել ամեն մի զինվորական կոլեկտիվի հետ, այդպես վստահ զգալ իրեն ամեն մի պոստում: Արդեն պատերազմից հետո, գլխավոր շտաբի ակադեմիայի պետ եղած ժամանակ, Հովհաննես Բաղրամյանը շատ նշանակալից աշխատանք է կատարել զինվորական ղեկավար կադրեր պատրաստելու գործում, իսկ այնուհետև գլխավորելով խորհրդային զինված ուժերի թիկունքը՝ ներդրել և շարունակում է ներդնել շատ օգտակար ավանդ մեր բանակի, ավիացիայի և նավատորմի մարտական պատրաստությունն ապահովելու գործում»
Բանակի գեներալ Ս.Մ.ՇՏԵՄԵՆԿՈ
«Հովհաննես Բաղրամյանը իր զորավարական տաղանդով փայլեց Բելոռուսիայի ազատագրման համար մղված մարտերում: Այստեղ թշնամու զորքերի ջախջախման օրերին ռազմաճակատի հրամանատարի անունը լայնորեն հայտնի դարձավ խորհրդային ժողովրդին… Արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման»:
Գեներալ-գնդապետ Լ.Մ.ՍԱՆԴԱԼՈՎ
Շարքային զինվոր և կրտսեր սպա, դասակի հեծյալ, էսկադրոնի և գնդի հրամանատար, դիվիզիայի շտաբի պետ, հրամանատար, օկրուգի ռազմաճակատի շտաբի օպերատիվ վարչության, ապա շտաբի պետ, բանակի հրամանատար և ռազմաճակատի հրամանատար: Ռազմական արվեստի խոր իմացությամբ, կազմակերպական մեծ ընդունակություններով, ռազմաքաղաքական իրադրությունների խորաթափանց, ճշգրիտ գնահատումով, ռազմավարական ճիշտ որոշումներ առաջադրելով և դրանց վճռական, հետևողական իրագործումով հայ ժողովրդի ականավոր զավակն առաջնակարգ տեղ գրավեց Մեծ հայրենականի ականավոր զորավարների փայլուն համաստեղությունում. նրա անունը հավերժ դրոշմվեց խորհրդային ժողովրդի պատմական հաղթանակը կերտողների շարքում:
Խորագիր՝ #23 (1270) 5.12.2018 - 11.12.2018, Ճակատագրեր