Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՄՈՒՆ ՀԱԿԱՌԱԿ



ՔԱՄՈՒՆ ՀԱԿԱՌԱԿՀրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Միքայել Բրսոյան

 

ԹԱՎՇՈՒՏ

Աշխեն տատս այսպես էր պատմում. «Էս գյուղը քո պապերն են հիմնել: Քո Միքայել մեծ պապն ու քո Ներսես մեծ պապը: Մենք գաղթական ենք: Ամբողջ գյուղով գաղթական ենք: Գիտես՝ գաղթականն ի՞նչ է: Քո տունը մնաց Ալաշկերտում, քո գյուղի անունը Խաստուր էր: Քո Միքայել պապը Խաստուրի գյուղապետն էր: Ջարդի ժամանակ ամբողջ գյուղը՝ բոլորը միասին փախան գիշերով: Բայց չցրվեցին: Ու գյուղից էլ շատ չհեռացան: Ամեն մեկը մի ծածկ գտավ, որ գլուխը բարձին դնելու տեղ ունենա: Ու սպասեց Միքայել մեծ պապիդ խոսքին: Պապդ փնտրեց-փնտրեց ու գտավ Թավշուտը: Տեսավ՝ սարերը ծաղկած, կանաչը՝ խիտ: Ու ամենակարեւորը՝ Էրգրին մոտ, որ հենց վտանգն անցնի, դառնան-գնան Խաստուր՝ իրենց տները»:

Ամեն անգամ, երբ Աշխեն տատը պատմում էր, Աստղիկ մեծ տատը գործը թողնում, հուշիկ գալիս-նստում էր բազմոցի ծայրին: Ու լսում էր գլուխն օրորելով: Հետո աչքերը փակում էր, սուզվում ինքն իր մեջ, ու գունատ շուրթերը ինչ-որ անհասկանալի բառեր էին մրմջնում:

«Թավշուտում 670 բուսատեսակ կա, գիտե՞ս»,- հանկարծ տարօրինակ առույգ ձայնով ասում էր Աշխեն տատը ու քաշում Աստղիկ մեծ տատի թեւից: «Ճիշտ եմ ասում, չէ՞, մամ»:  Աստղիկ տատը տագնապած բացում էր աչքերը, ասես՝  արթնանում խոր քնից ու  գլխով անում. «Ամեն մեկը մի ցավի դեղ է»:

 

ԳՈՒՅՆԶԳՈՒՅՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ձմեռը գալիս էր միանգամից ու անսպասելի: Ծառերը՝ կանաչ, արտերը՝ ծաղկած, ձյունը գալիս, տակով էր անում ամեն ինչ:  Ձմեռը  ձգվում էր մինչեւ ապրիլ: Մի օր էլ, ասես հրաշքով, լուսաբացի հետ սպիտակը ցնդում էր, ու կիսահալ ձյան տակից փոքրիկ, գույնզգույն ծաղիկներ էին երեւում: Աշխարհը նորից դառնում էր գունավոր: Փոքրիկ երեխաները գառներին խառնված վազվզում էին խոտերի մեջ առավոտից իրիկուն: Ու գառների հետ էլ տուն էին գալիս իրիկնամուտին: Նախ լսվում էր մեծ դարպասի ճռռոցը, հետո կովերի, ոչխարների բառաչը, ու ձիերի խրխնջյունն էր լսվում: Հետո բոլոր ձայները մարում էին, ու ընտանիքը հավաքվում էր մեծ սեղանի շուրջ՝ լամպի թրթռուն լույսի տակ: Գալիս էր Գեղամ պապը, կանգնում սեղանի գլխին ու սպասում, որ Աստղիկ մեծ տատը նստի: Հետո հայրս էր սպասում Աշխեն տատի նստելուն, հետո մայրս սեղանի շուրջ տեղավորում էր երեխաներին, ու սենյակը լցվում էր ճաշի բույրով: Մի քանի գդալ ուտելուց հետո հայրն ու պապը խոսում էին բարձր ու ծիծաղում էին թավ ձայնով… : «Որ մեծանաս, դու էլ պիտի բամբ ձայնով  խոսես Գեղամ պապիդ ու հորդ պես, որովհետեւ դու լեռանական ես»,- ասում էր Աշխեն տատը:

Մի օր (տանը լիքը մարդ կար) ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք էին գոռում: Բոլորն ասում էին՝ հաղթանակ: Տղամարդիկ զինվորական համազգեստով էին: Դեղին: Կամ գուցե դեղին չէր, այլ էլեկտրական լույսի արտացոլանքից էր դեղին դարձել: Հա, այդ  օրը լույս տվեցին: Ամեն ինչ լուսավոր էր՝ տները, փողոցները, մարդիկ: Աշխեն տատն ասում էր, որ լույսը իր հոր ու «հաղթանակ» գոռացող քեռիների պատվին են տվել: «Հերդ էլ կռիվ չի գնալու»,- ասում էր Աշխեն տատն ու ծիծաղում մեծ-մեծ արցունքներով:

 

ՁԻԵՐԸ

ՔԱՄՈՒՆ ՀԱԿԱՌԱԿՁիերը մեծ էին, պիրկ ու ողորկ մաշկով, որի տակից երեւում էին ամուր մկանները: Ձիերը փայլուն բաշ ունեին՝ սպիտակ, սեւ, կարմիր, ու գյուղի փոշոտ փողոցներով քառատրոփ վազում էին դեպի սարերը: Ու երբ տների շարքերն ավարտվում էին, ձիերը մի պահ կանգ էին առնում ու նայում շուրջը: Ասես՝ ուզում էին չափել մինչեւ հորիզոնը ձգվող ազատության սահմանը: Հետո սկսում էին վարգել՝ անհավանական ձիգ ու սլացիկ թռիչքներով, բաշը քամուն տված…

Երբ ռազմական համալսարանում ընդունելության քննության ժամանակ հարցրին՝ ինչո՞ւ ես ընտրել զինվորականի մասնագիտությունը, ես չգիտես ինչու հիշեցի ձիերին: …Ձիերը հաղթահարում էին դժվարին վերելքը, ու  երբ  քարը փախչում էր սմբակների տակից, սահում էին ցած, բայց  չէին նահանջում, նորից ոտքը պնդում ու շարժվում էին առաջ: Հետո, երբ հասնում էին գագաթին, սկսում էին սլանալ քամուն հակառակ:

– Ազատություն եմ սիրում,- ասացի:

Հարցնողը տարակուսած նայեց կողքինին:

– Ազատություն՝ բանակո՞ւմ:

Ուզում էի ասել՝  բոլոր պատերազմները ազատության համար են, բայց ասացի.

-Սիրում եմ  գնալ քամուն հակառակ:

Հարցնողը տարակուսած  շարժեց գլուխը:

-Բանակում  բոլորս պիտի մի ուղղությամբ գնանք: Դեպի հակառակորդը:

-Ոչ թե դեպի հակառակորդը, այլ նրան հակառակ,- ասացի:

Ու հարցնողը վերջապես ժպտաց:

 

ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԲԱՆԱԼԻՆ

«Ռեակտիվ հրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար»՝ գրված էր հրամանում: Դա իմ առաջին զինվորական պաշտոնն էր: Ռազմական համալսարանը մի քանի տարի առաջ ավարտած ու ծառայության փորձ ունեցող ընկերս ասաց. «Քո հրամանատարությամբ գործող դասակի զինվորները քեզանից մեծ են: Բախտդ չի բերել՝ քո դասակում տարիքով ամենակրտսերը դասակի հրամանատարն է, իսկ զինվորները  բարձրագույն կրթություն ունեն: Տե՛ս, պիտի գտնես ոսկե միջինը: Եթե շատ ընկերական լինես, կդառնաս իրենցից մեկը, չես կարող ղեկավարել: Եթե շատ խիստ լինես,  կհեռանաք իրարից, կոլեկտիվ չեք դառնա»: Ոսկե միջինը: Դե, արի ու գտիր այն: Իմ ութ տարիների ծառայության ամենածանր շրջանն էր: Գիշեր-ցերեկ ուղեղս լարված էր: Ամեն բառն արտաբերելիս տասն անգամ մտածում էի հետեւանքների ու զինվորներիս հնարավոր արձագանքի մասին: …Բայց  ես գտա հնարը՝ կրտսեր հրամանատարի բանալին: Ո՛չ ես, ո՛չ իմ անձնակազմը մի վայրկյան պարապ ժամանակ չունեինք: Ուղղակի իրար վերլուծելու ու հարաբերություններ պարզելու ժամանակ չկար, ուստի՝ նման միտք չէր էլ ծնվում: Մենք միայն քնած ժամանակ ծառայության մեջ չէինք, միասին արթնանում էինք, միասին նախաճաշում, միասին սովորում էինք, մարզվում, վարժվում, էլի սովորում…Աշխատանք ու սրտացավություն, և հրետանային մարտկոցի կառավարման իմ դասակը դարձավ գործուն, համերաշխ ու ապահով ընտանիք: Այսօր իմ ծննդյան օրն է, ու առաջին շնորհավորողները զինվորներս են: Հեռախոսս ոչ մի վայրկյան չի լռում:

 

ԻՄ ԶՈՐԱՄԱՍԸ

ՔԱՄՈՒՆ ՀԱԿԱՌԱԿՍյունիքի տարածաշրջանի գյուղերից մեկում հրետանային դիվիզիոն կազմակերպելու հրաման ստացանք: Սկզբում հինգ հոգով էինք: Փոխգնդապետ Արթուր Մկրտչյանի հրամանատարությամբ, պատսպարվելով փայտաշեն փոքրիկ զորանոցում, սկսեցինք աշխատել: Քիչ հեռու օր օրի բարձրանում էին զորամասի նորակառույց շենքի պատերը, իսկ փայտաշեն տնակում «ծնվում էր» նոր զորամասը՝ առաջին փաստաթղթերը, ստորաբաժանումները, անձնակազմը… Էքզյուպերին  ասում է. «Որպեսզի մարդիկ նավ  կառուցեն, ընդամենը հարկավոր է նրանց վարակել անծայրածիր ծովը տեսնելու երազանքով»: Մենք բառացիորեն վարակված էինք նոր զորամասի երազանքով, մեր խանդավառությանը չափ ու սահման չկար: Ամեն ինչ մոռացած՝ առավոտից իրիկուն աշխատում էինք: Երբ զորամասն արդեն պատրաստ էր, ու զինվորական ղեկավարությունը եկավ ստուգելու, իմ սիրտը դուրս էր թռչում կրծքավանդակից: Ի՞նչ կասեն, ի՞նչ գնահատական կտան մեր տքնանքին: Երբ ասացին, որ այս կարճ ժամանակամիջոցում մեր կազմավորված զորամասը լավագույններից մեկն է ու իր մարտավարությամբ չի զիջում մյուս առաջավոր զորամասերին, երջանկությանս չափ ու սահման չկար: Ես դրոշակակիրն էի: Երբ զորամասի դրոշը հանձնում էի նորանշանակ հրամանատարին, հազիվ էի զսպում ուրախության արցունքներս:  Հետո զորամասի կազմավորման աշխատանքներին հաջող մասնակցելու համար ինձ արժանացրին «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալի: Անունս գրեցին զորամասի Պատվո գրքում:

Հիմա ուր էլ գնամ, որտեղ էլ ծառայեմ, իմ զորամասը այն զորամասն է, որ զինակիցներիս հետ կազմավորեցինք: Այդ զորամասը իմ զավակն է: Առիթը բաց չեմ թողնում, որ գնամ զորամաս: Միշտ հետաքրքրվում եմ զորամասի վիճակով, հաջողություններով, խնդիրներով: Ու եթե պետք է, ամեն ինչ թողած վազում եմ այնտեղ, որ օգնեմ, ինչով կարող եմ:

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎՈՒՄ Է ԼԵՌՆԵՐՈՒՄ

Իմ կյանքը փոխվեց ապրիլյան պատերազմից հետո: Ամեն ինչ փոխվեց: Համակուրսեցիներս՝ Արմենակ Ուրֆանյանը, Հրաչ Գալստյանը զոհվեցին: Երբ Հայաստան եմ գալիս, ավելի շատ զոհված ընկերներիս տանն եմ լինում, քան մեր: Ապրիլյան պատերազմից հետո ես թողեցի իմ զորամասը ու գնացի այնտեղ, որտեղ զոհվել էին ընկերներս: Գնացի դիրքեր: Ու որոշ ժամանակ անց սրտիս մեջ «իմ զորամասի» կողքին ամուր տեղավորվեց «իմ դիրքը»:

Լուսաբացի հետ հայ ու ադրբեջանցի գյուղացիները մտնում են այգի ու սկսում են մշակել հողը: Իրար նման են մշակում՝ ժամերով հակված  հողին: Ասես՝ հողը գրկած: Արևն այրում է, բայց նրանք շարունակում են աշխատել, անձրևը թափվում է դույլերով, բայց նրանք ասես մարմնով պաշտպանում են հողը…

Երբ օրն սկսում է մթնել, փոքրիկ, ցաքուցիր լույսեր են վառվում երկու գյուղերում էլ: Հետո լույսերը շատանում են, տարածվում: Իսկ արանքում մենք ենք՝ ես ու իմ տղաները: «Մենք խաղաղության ժամապահներ ենք: Եթե մենք ուժեղ չլինենք, լուսաբացին մարդիկ չեն հակվի հողին, ու գիշերը լույսեր չեն վառվի տներում»,- ասում եմ զինվորներիս: Նրանք գիտեն, որ խաղաղությունը դիրքում է ծնվում, բարձր լեռների վրա: Հետո արևի պես տարածվում է երկրով մեկ:Ու խաղաղությունը թանկ է ամեն ինչից: Ես նրանց պատմել եմ Ալաշկերտում մնացած իմ Խաստուր գյուղի մասին: Ու նաեւ ասել եմ, որ Միքայել պապս Թավշուտ գյուղը հիմնել է Էրգրին մոտիկ, որ հենց վտանգն անցնի, մարդիկ արագ հասնեն իրենց տները:

 

ՆԱՏԱԼԻՆ

ՔԱՄՈՒՆ ՀԱԿԱՌԱԿՆատալին իմ աղջիկն է: Նա հինգ տարեկան է: Նատալին սեւուկ աչքեր ունի, փափուկ, երկար մազեր, ու ծիծաղն ասես առվակի կարկաչ լինի: Ես աշխարհում ամենից շատ Նատալիին եմ սիրում ու անչափ կարոտում եմ, որովհետեւ ամիսներով չեմ տեսնում նրան: Ես չեմ կարող բառերով նկարագրել այն տեսարանը, երբ մտնում եմ տուն զինվորական համազգեստով, ու Նատալին տեսնում է ինձ: Նա մի պահ աչքերին չի հավատում, հետո սկսում է ցնծագին ճիչեր արձակել: Իսկ որոշ ժամանակ անց, երբ խաղաղվում է, մենք սկսում ենք զրուցել: Նատալին ամեն ինչ գիտի իմ ծառայության ու դիրքերի մասին: Նա գիտի՝ ինչպես են խրամատ փորում, ինչ է դիտակետը, եւ ինչ կա բլինդաժում: Եթե Նատալին մի բան է հարցնում, չես կարող չպատասխանել նրան: Հիմա Նատալին գլուխը մտցրել է՝  ուզում է գալ դիրքեր: Նա ամուր գրկում է վիզս ու ռիթմիկ կրկնում՝ ինձ տար դիրքեր, ինձ տար դիրքեր:

-Գալու եմ սպանեմ ադրբեջանցիներին  ավտոմատով: Զինվորի նման:

-Զինվորը չի սպանում,- ասում եմ,- զինվորը կանգնած է սահմանին, որ մարդիկ չսպանեն իրար:

Ասում եմ ու հիշում սահմանի երկու կողմում հողին հակված մարդկանց: Նրանց ընտանիքներում երեւի Նատալիի պես փոքրիկ աղջիկներ կան:

Երբ  շատ եմ կարոտում Նատալիին, բանաստեղծություն եմ գրում նրա համար.

 

-Միշտ թռչում են իմ մտքերը,

Փախչում ինձինց, հասնում քեզ,

Գալիս, այտիդ դառնում համբույր,

Քնքուշ ու տաք՝ սրտիս պես:

 

Դու անուշ ես, այնքան փոքրիկ,

Դու նման ես արեւի,

Խենթանում եմ ամեն անգամ,

Երբ ասում ես ինձ՝ հայրիկ:

 

Շատ կուզեի լինել կողքիդ,

Տանել դպրոց, բերել տուն,

Ներիր հորդ, որ հեռվում է,

Հեռու, բարձր սարերում:

 

Ինձ միշտ սպասիր, ես գալու եմ,

Միշտ գալու եմ դիրքից տուն,

Ամուր-ամուր գրկելու եմ,

Քեզ, ի՛մ աղջիկ, ի՛մ սիրուն:

 

Դու իմ կյանքն ես, իմ արևը ,

Դու իմ աշխարհն ես, փոքրիկ,

Դու իմ ուժն ես ոսոխի դեմ,

Իմ հաղթանակ՝ իմ աղջիկ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (1270) 5.12.2018 - 11.12.2018, Ազգային բանակ


10/12/2018