ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ…
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցած միջոցառում-հանդիպմանը ուսանողները ակնածալի խոնարհումով ու հպարտությամբ էին սպասում: ՀՀ զինված ուժերի մայոր, Բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, ‹‹Դյուցազնագրքի›› հերոս Սարգիս Ստեփանյանը սպասված հյուր է ամենուր՝ հատկապես երիտասարդների շրջանում… այն երիտասարդների, որոնք մերօրյա պատմության քառուղիներում փնտրում են իրենց ժամանակների հերոսին. … ու այսօր հանդիպեցին ՆՐԱՆ:
ՀՖԿՍՊԻ-ի ՖԴԱՏ ֆակուլտետի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաև զինհաշմանդամներ Ռոման Գևորգյանը, Արշակ Հովհաննիսյանը, Լիպարիտ Մելքոնյանը, Նարեկ Հովեյանը, ողջույնի խոսք ասաց ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը: Շնորհակալություն հայտնելով հայրենիքի նվիրյալներին միջոցառմանը ներկա լինելու համար: Վ. Առաքելյանը իր խոսքում նշեց, որ նրանք այն մարդկանցից են, որոնք կարողացել են կերտել հայի զինվորի, հայրենքի պաշտպանի հզոր կերպար, որ մեզնից յուրաքանչյուրին պարտավորեցնում է երբևէ չմոռանալ մեր հերոսական ակունքները: Վ. Առաքելյանի խոսքով՝ ինստիտուտը իր գործունեության տիրույթում մշտապես ձգտում է մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած ուսանողներին առնել իր հոգածության տակ: ‹‹Զինվոր-մարզիկները հոգածության ու աջակցության պակաս երբևէ չպետք է զգան: Մենք էլ մեր գործով փորձում ենք փոխադարձել այն նվիրումը, որը տղաները ցուցաբերեցին իրենց հայրենիքին ու ժողովրդին››,- շեշտեց ռեկտոր Առաքելյանը:
Այնուհետև ԶՈՒ մայոր Սարգիս Ստեփանյանի առաջարկով հանդիպումը անցկացվեց հարց ու պատասխանի միջոցով:
ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մեդալներով պարգևատրված Սարգիս Ստեփանյանը պատմեց իր անցած ուղու, մարզական ու ռազմական կարիերայի մասին, ներկայացրեց հերոսացման ու հայրենասիրության իր բանաձևը:
Ապրող ու ապրեցնող Սարգիսը ներկաների խնդրանքով պատմեց սահմանային մարտերին իր հետ պատահած դեպքի մասին: «2014 թվականի հուլիս ամիսն էր, իրավիճակը սահմանում բավականին լարված էր: Պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն խումբը հարձակում էր իրականացրել մեր դիրքապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Չնայած մեր ստորաբաժանումները հետ էին մղել թշնամուն, բայց չեզոք գոտում վիրավոր զինընկեր ունեինք: Ես իմ խմբի հետ ստացա նրան չեզոք գոտուց դուրս բերելու հանձնարարություն: Ամեն ինչ շատ բարդ էր: Տարածքն ականապատված էր, սակայն հետադարձ ճամփա չկա, երբ վիրավոր ընկեր ունես: Ռազմական խնդիրը կատարելու ժամանակ ոտքերիս տակ պայթեց ականը, վիրավորվեցի, կորցրի երկու ոտքս և աջ ձեռքս»- պատմեց մայորը:
Խոսելով իրեն չընկճած բարդությունների մասին՝ Սարգիսն ասաց. «Աննկուն հավատքն է, որ օգնել է վերագտնելու ուժն ու տոկունությունը, ընտանիքն ու զավակներն են ապավեն եղել ծանր օրերին, անծանոթ մարդկանց ուշադրությունն ու ջերմ վերաբերմունքն են ուժ ու կյանք տվել ամեն վայրկյան»:
Զինվորականի աչքերն էլ են պատմում իր ապրումների և դժվարությունների մասին ու ասում՝ թուլանալու իրավունք չկա:
Սարգիս Ստեփանյանի օրինակը ապրիլյան պատերազմում վերջույթներ կորցրած շատ երիտասարդների համար ոգեշնչող ու հուսադրող է։ Միգուցե դժվարություններից մի պահ ընկրկած զինընկերը մի պահ մի բուռ կդառնա, բայց հետո կասի՝ տե´ս ինչպես է քայլում… ե´ս էլ կարող եմ:
Սպորտը կյանքի կարևորագույն ուղիներից մեկը դարձրած մայորը պատմեց նաև, որ ժամանակին լուրջ, պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է ծանրամարտով: Վիրավորում ստանալուց հետո, սակայն, սկսվեց կյանքի մի ուրիշ փուլ, մի նոր ճանապարհ ավելացավ, որը մայորի մարզական կյանքը կապեց բազկամարտի հետ: Սկսվեցին աննահանջ մարզումներ, մասնակցություններ տարբեր առաջնությունների, մինչև որ աշխարհի գավաթը նվաճված կլիներ:
Նպատակադրվելով շարունակել հաջողություններ ու հաղթանակներ գրանցել սպորտում՝ բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոնը վերջերս հիմնել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա, որտեղ կամավորության սկզբունքով ամեն ինչ արվել է զարգացնելու հաշմանդամային սպորտը՝ չառանձնացնելով որևէ մարզաձև։
Հանդիպման ավարտին մայոր Ստեփանյանը ներկաներին, մասնավորապես՝ երիտասարդներին, մաղթեց՝ լավ ու պիտանի մարդ լինել, ներդրում ունենալ հայրենիքի բարօրությանը՝ չվհատվել դժվարություններից, լինել հոգով ուժեղ: Վստահ է՝ ցանկացած խոչընդոտ հնարավոր է հաղթահարել:
Գոհար Մուրադյան
Լուսանկարները՝ Լիլիթ Մկրտչյանի