ԱՐՋՈՒԿԸ
Մի անգամ դիրքերում էինք, շատ ցուրտ էր, բայց հընթացս մենք էլ հարմարվեցինք եղանակին, ինչպես զինվորները։ Վառարա՞նն էր մեզ տաքացնում, թե՞ նրանց կարոտով հյուսած երգերի ջերմությունը:
Խտացրած կաթով տորթից մնացած կտորներից հասկացանք, որ ինչ-որ մեկի ծննդյան օրն է: Մերուժի 20-ամյակն էր: Ասաց՝ 20 տարիներիս ամենալավ տորթն է, ընկերներս են թխել:
Տորթի կտորներ էի նկատել նաև դրսում՝ խոտերի մեջ: Հարցրի՝ շուն ունե՞ք դիրքում, ձեր բաժինն իբր շատ է, մի հատ էլ շա՞նն եք տալիս: Տղաներն սկսեցին ծիծաղել ու կանչել. «Արջո՛ւկ, Արջո՛ւկ»:
Դռանը մոտեցավ մի շուն՝ ցեխոտ թաթերով ու լեզուն դուրս գցած:
«Ա՜յ, սատկես դու, հա՜, էդ ո՞ւր ես գնացել, ուզում ես անցած տարվա օրը ընկնե՞ս,-ասաց Մերուժն ու դարձավ մեզ,- էս մունդառի ծնունդն էլ է»:
Պարզվեց՝ Արջուկը տղաներին հավասար ծառայել է: Ասացին՝ հոտառությունը շատ լավ է, մի բան էլ, թե դուրը չգա, ձենը չի կտրի, մինչև իրեն «շան տեղ չդնենք»»:
Իսկ ինչո՞ւ են հենց այս օրը նշում շան ծնունդը. պարզվում է՝ անցած տարի նույն օրը Արջուկը գնացել է դիրքից, նրան երկար փնտրել են, բայց գտնել չի հաջողվել: 10 օր հետո՝ նոյեմբերի 11-ին, Արջուկն ինքն է վերադարձել՝ արնաշաղախ, ոտքը վնասված: Ենթադրել են, որ փշալարերի մեջ է մտել: Երկար ժամանակ է պահանջվել, մինչև Արջուկը նորից ոտքի է կանգնել:
«Բայց հիմա ինձնից առողջ է»,- կատակում էր Մերուժը:
Հաջորդ անգամ, երբ նորից դիրքերում տեսանք Մերուժին, ասաց. «Ինչի՞ շուտ գնացիք ծնունդից, նկարողներ էին եկել»: Զարմացա՝ ի՞նչ նկարողներ. «Դե, անoդաչու, էլի,- ասաց Մերուժը»:
ԼԻԱՆԱ ԲՐՅԱՆ
Խորագիր՝ #24 (1271) 14.12.2018 - 25.12.2018, Ազգային բանակ