Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ՝ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ



ՄԵՆՔ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ՝ ԹԻԿՈՒՆՔՈՒՄԶրույց երգահան, երգիչ, թարգմանիչ ՊԵՐՃ ԹՅՈՒՐԱԲՅԱՆԻ հետ

 

-Պարոն Թյուրաբյան, Շառլ Ազնավուրի երգերի Ձեր սքանչելի հայերեն կատարումները բոլորս ենք լսել, սակայն քչերը գիտեն, որ երգերի թարգմանության հեղինակը Դուք եք: Իսկ որպես երգահանի՝ հայրենիքում Ձեզ գրեթե չեն ճանաչում ու չեն լսել Չարենցի, Մեծարենցի, Տերյանի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սեւակի, Վահան Թեքեյանի, պոլսահայ բանաստեղծների՝ Զահրատի, Խրախունու, Սարըասլանի եւ բազում այլ դասականների բանաստեղծությունների հիման վրա գրված Ձեր բարձրարվեստ երգերը: Ես, իրոք, ցավում եմ, որովհետեւ երաժշտական այս թոհուբոհում Ձեր երգերը կարող էին չափանիշներ հուշել հատկապես երիտասարդ սերնդի արվեստասերին:

-Այո՛, իմ երգերը քիչ են հնչել հայրենիքում, երեւի պատճառն այն է, որ ես ավելի քան 30 տարի Միացյալ Նահանգներում եմ ապրում: Բայց, կարծում եմ, որ ստեղծագործող մարդը իր արվեստը ժողովրդին հասցնելու խնդիր չպետք է ունենա, դրանով պիտի զբաղվեն բոլորովին ուրիշ մարդիկ ու կազմակերպություններ, որոնք թացը չորից զատելու, բարձր արվեստը խրախուսելու, գեղարվեստական ճաշակ զարգացնելու, մի խոսքով, մշակութային քաղաքականություն իրականացնելու պարտավորություն ունեն: Հանգամանքների բերումով արտերկրում ապրող հայ արվեստագետների լսարանը նաեւ Հայաստանում պիտի ձեւավորվի: Եթե լինեն հեռուստատեսային հաղորդումներ, արվեստի եւ գրականության մասին ծանուցող հաղորդաշարեր, որոնք պարբերաբար կլուսաբանեն կատարված աշխատանքը, թերեւս այդ խնդիրը մասամբ լուծվի:

-Դուք հրաշալի արեւելահայերեն եք խոսում, ճիշտ հնչերանգով, բայց Ձեր կենսագրությունն ուսումնասիրելիս իմացա, որ ծնվել եք Կահիրեում, սովորել եք տեղի Մխիթարյան վարժարանում, հետո ֆրանսիական դպրոց եք հաճախել: Պիտի որ արեւմտահայի զավակ լինեք:

-Այո՛, նախնիներս արեւմտահայեր են. ուրիշ էլ ինչպե՞ս պիտի հայկական ընտանիքը հայտնվեր Կահիրեում: Գաղթի ճանապարհները եղեռնից փրկված պապերիս հասցրել են Եգիպտոս։ Ծնողներս սովորել են «Գալուստյան» վարժարանում, այնտեղ էլ ծանոթացել են։

Այդ տարիներին Եգիպտոսի հայկական համայնքը շատ մեծ էր, համերաշխ, ամուր ու կազմակերպված։ Համայնք էր՝ բառի խոր իմաստով։ Կային բազմաթիվ ակումբներ, որտեղ մարդիկ հանդիպում էին միմյանց հետ, զանազան մշակութային միջոցառումներ էին կազմակերպվում, շատ ուժեղ ու ակտիվ էր ռամկավար կուսակցությունը, ազգային ինքնության պահպանումը յուրաքանչյուր հայի հոգու մղումն ու պարտքն էր եւ փոխանցվում էր նաեւ երիտասարդ սերնդին։ Մի՛ մոռացեք, որ Եգիպտոսում են ապրել եւ ստեղծագործել գրողներ Վ. Թեքեյանը, Ե.Օտյանը, դերասանուհի Սիրանույշը, արվեստագետներ Ա. Սարուխանն ու Հ. Հակոբյանը եւ այլք…

…Տարիներ առաջ եղա Եգիպտոսում։ Հայկական գաղութը նոսրացել էր, դարձել ցաքուցիր: Տխուր էր։ Ճիշտ է, ազգային ոգին դեռ կար, բայց առաջվա թափը չուներ: Պատճառների մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ, միեւնույն է, օտար երկրում ազգային ինքնությունը պահպանելու բոլոր ջանքերը դատապարտված են: Եվս մի քանի սերունդ՝ ու հայկականությունից ոչինչ չի մնա, եթե այդ սերունդը հայրենիքի օդը չի շնչում, եթե հայերենը նրա մայրենին չէ, եթե նրա ականջը անընդհատ հայերեն չի լսում։ Արտագաղթածների միամիտ ինքնամխիթարանքը, թե՝ մի քիչ կմնանք, կաշխատենք ու նորից կվերադառնանք հայրենիք, հեքիաթ է։ Գնացողներից քանի՞սն են վերադառնում։ Քչերը։ Երկիրը, որտեղ ապրում ու աշխատում ես, քեզ իրեն է կապում հազար ու մի թելերով, մանավանդ՝ երբ դառնում է երեխաներիդ ծննդավայրը։ Տեսեք, 30 տարի անց ես, այնուամենայնիվ, ցանկանում եմ հայրենիք վերադառնալ, որովհետեւ, թեեւ ծնվել եմ Կահիրեում, բայց Հայաստանում դպրոց եմ գնացել, համալսարան։ Ես այստեղ պատմություն ունեմ, ընկերներ, հիշողություններ։ Իսկ երեխանե՞րս, արտերկրում ծնված թոռնե՞րս… Արդյոք նրանք նո՞ւյնը կզգան…

-Այդ կապվածությունն զգացել են նաեւ Ձեր ծնողները, որոնք թողնելով Եգիպտոսի անհոգ, ապահով կյանքը, վերադարձել են Հայրենիք Եղեռնից շատ տարիներ անց:

-Մենք հրաշալի ընտանիք ու անհոգ կյանք ունեինք Կահիրեում։ Սահակ պապս ռամկավար կուսակցության ղեկավարներից էր, հայրս ոսկերչությամբ էր զբաղվում։ Մեծ հայրս զարգացած մարդ էր, հիանալի հռետոր, կարող էր նվագել ցանկացած գործիք ու սիրում էր ճոխ սեղաններ բացել պատվելի հյուրերի առաջ։ Հայաստանից Եգիպտոս եկած երեւելի մարդիկ մեր տանն էին հանգրվանում։ Մեծ հայրս նույնիսկ Կոմիտասի հետ է առնչվել, որը նրան նվիրել է իր կամերտոնը։

-Վստահ եմ՝ պահպանել եք այն։

-Պահպանել էի եւ տարիներ առաջ այն նվիրեցի Տիգրան Մանսուրյանին։

-Ինչպես հասկացա, Դուք Սահակ պապի գեներն եք ժառանգել, նկատի ունեմ՝ երգելու ու բանաստեղծելու շնորհը:

-Այո՛, ժառանգել եմ Սահակ պապիս երաժշտական հակումները (հորաքույրներս՝ Շաքեն ու Ալիսն էլ էին հրաշալի երգում), բայց, ի տարբերություն պապիս, ես տնակյաց ու ինքնամփոփ էի եւ ժամանակի մեծ մասը անցկացնում էի մորական տատիս կողքին: Սիրում էի լսել նրանից մեր ընտանեկան պատմությունները: Ի դեպ, շատ հնարավոր է, որ շուտով միլիոնատեր դառնամ, որովհետեւ մորական պապս մեծ ֆաբրիկատոր է եղել Ադանայում, եւ մենք հայց ենք ներկայացրել՝ նրան պատկանող ունեցվածքը հետ ստանալու ակնկալիքով։

-Ձեր ասածի մեջ հումոր կա, ըստ երեւույթին, փողերը հետ ստանալն անհնար է։

-Կան մարդիկ, որոնք շահել են նմանատիպ դատերը եւ փոխհատուցում են ստացել: Ի վերջո, նյութական ունեցվածքի փոխհատուցման պահանջը, եթե հիմնավորված է զորավոր փաստաթղթերով, մեր հավաքական պահանջատիրության իրավական ապացույցն է։

-Պարոն Թյուրաբյան, Ձեր ընտանիքը Հայաստան է եկել 1965 թվականին։ Փաստորեն, Դուք 60-70 ականների երիտասարդության ներկայացուցիչներից եք, որոնք այդ շրջանն անվանում են ոսկե տարիներ։ Եվ անաչառ չենք լինի, եթե չասենք, որ այս բնորոշման մեջ մեծ ճշմարտություն կա։ 60-70-ականների երիտասարդությունը տաղանդավոր էր, նրանք փոխեցին մեր արվեստի ու գիտության դիմագիծը…

-Այո՛, երեւի դրանք խորհրդային շրջանի լավագույն տարիներն էին. 60-70-ականների երիտասարդությունը տաղանդավոր էր, պայծառ, ազնիվ, ռոմանտիկ։ Աննյութական։ Զգացմունքային էր ու Էսթետ։ Դեռեւս դպրոցում սովորելու տարիներին մենք նվագախումբ ունեինք։ Եղբայրս դաշնամուր էր նվագում, ես երգում էի։ Օրը լցված էր պոեզիայով, երաժշտությամբ, գեղեցիկ երազանքներով։ Իսկ բանասիրականում սովորելու ժամանակահատվածը ամենահրաշալին էր։

-Հիմա հասկանում եմ, թե Դուք ինչո՞ւ եք այդքան մեծ ներշնչանքով երգում Շառլ Ազնավուրի «Բոհեմը»։ Այն նաեւ Ձեր կենսագրությունն է, Ձեր երիտասարդությունը…

-Այդպես էլ կա։ Երեւանը լի էր ազնվագույն ու կիրթ մարդկանցով՝ մեր դասախոսները, արվեստագետներն ու գրողները, որոնց հետ ամեն օր շփվելու բախտն ունեինք, հիանում էինք, փորձում նմանվել…

Մենք ընկերություն էինք անում անմնացորդ նվիրումով, սիրում հոգու ամբողջ տարողությամբ. օդի մեջ վեհություն կար, ազնվություն, արվեստ…

Անհավատալի է, բայց բոլորն էին տաղանդավոր, իմ բոլոր ընկերները… Բանաստեղծներ Սլավիկ Չիլոյանը, Հովհաննես Գրիգորյանը, դերասաններ Ազատ Գասպարյանը, Անդրանիկ Հարությունյանը, մյուսները… Գիշերվա կեսին կարող էինք զանգել իրար ու րոպեների ընթացքում հասնել Չարենցի կամար։ Ազատ Գասպարյանը Չարենց էր արտասանում, Անդրանիկ Հարությունյանը երգում էր, ես նվագում էի…

-Այդ տարիների՞ն եք ծանոթացել Անահիտի՝ Խաչիկ Դաշտենցի աղջկա հետ, եւ հնարավորություն ունեցե՞լ եք արդյոք շփվելու Խաչիկ Դաշտենցի հետ։

-Անահիտն իմ համակուրսեցին էր։ Ինչ վերաբերում է Խաչիկ Դաշտենցին, ապա ես եւ Ազատ Գասպարյանը նրա հետ ընկերություն էինք անում։ Նա հրաշք մարդ էր՝ ազնվության մարմնացում, երեխայի պես միամիտ ու համեստ։ …Ու շատ հզոր հումոր ուներ։ Խաչիկ Դաշտենցի կինը գերմանուհի էր. պատմում են, որ հաղթանակի օրը, երբ շուրջբոլորը ուրախ-զվարթ իրար շնորհավորում ու տոնում էին հաղթանակը, Դաշտենցը կատակել է՝ ամբողջ աշխարհը ազատագրվեց գերմանական օկուպացիայից, բացի ինձնից:

Շատ տպավորիչ էր իմ ու Անահիտի շքեղ նշանադրությունը։ Շքեղ ոչ թե նյութապես, այլ բովանդակությամբ: Այնքան տաղանդավոր մարդիկ կային այնտեղ, որ երգելու հերթը ինձ չհասավ։ Բավական է ասել, որ մեր նշանդրեքի թամադան Ժան Էլոյանն էր։

-Դուք պատմում եք, իսկ ես ափսոսանքով մտածում եմ՝ ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ փոխվեց… Հիմա ո՞վ է նշանդրեքի, հարսանիքի ժամանակ ասմունքում կամ երգում ինքնաբուխ։ Դուք Ձեր նշանդրեքը համարում եք շքեղ, որովհետեւ տաղանդավոր մարդիկ են երգել ու ասմունքել։ Հիմա շքեղը ուրիշ բնութագրիչներ ունի։

-Այդքան մի՛ նեղվեք, որովհետեւ ամբողջ աշխարհն է փոխվել։ Ես աշխատում եմ Նյու Յորքի հանրային գրադարանում ու շատ լավ տեսնում եմ, թե ինչպես է փոխվում վերաբերմունքը գրքի հանդեպ։ Մի ժամանակ Նյու Յորքի մետրոյում շատերի ձեռքին կիսաբաց գրքեր կային, հիմա հեռախոսներ են, եւ ուղեւորները պղպջակներով են խաղում։ Բայց սա չի նշանակում, որ մենք պիտի ամեն ինչ թողնենք ինքնահոսի։ Առանց բանաստեղծության, երգի, պատմվածքի, առանց թատրոնի մարդը կվերածվի անհույզ ռոբոտի, սերը, կարեկցանքը կմեռնեն, կյանքի ուրախությունները կչքանան։ Այսօր Նյու Յորքում հազարավոր մենակյացներ կան։ Մարդիկ հեռանում են իրարից: Մարդու գերխնդիրը դարձել է կշտանալն ու իր նյութական մյուս կարիքները հոգալը։ Երջանկության մոդելն է փոխվել։ Ու միայն բարձր, գեղեցիկ արվեստը կարող է հալեցնել մարդու հոգու սառույցը, հիշեցնել, որ դեպի կողքի մարդը տանող ճանապարհին են հանգրվանում կյանքի ուրախություններն ու ներշնչանքները։ Բոլոր առաքինությունները, այդ թվում եւ հայրենասիրությունն ու խիզախությունը, ինքնանվիրումն ու հերոսականությունը, որ այդքան շատ են մեզ պետք այսօր, ծնվում են միայն զգայուն, ազնիվ, զգացմունքային ու մարդասեր հոգում:

Ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ արտասվում Շառլ Ազնավուրի սրտառուչ ու ազնիվ երգերը լսելիս։ Այդ երգերը նրանց ականջին շշնջում են, որ շատ կարեւոր մի բան պակասում է իրենց կյանքից։

-Դուք երբեւէ երես առ երես հանդիպե՞լ եք Շառլ Ազնավուրին, զրուցել եք նրա հետ:

-Առաջին անգամ Շառլ Ազնավուրին տեսել եմ Միացյալ Նահանգներում՝ հայկական մի ռեստորանում, որտեղ շաբաթավերջին երգում էի։ Նա նստած էր ինչ-որ մարդկանցով շրջապատված։ Ռեստորանի տիրոջը խնդրեցի ինձ ներկայացնել Շառլ Ազնավուրին: Ես այնքան էի հուզվել, որ բարեւելիս շրջեցի բաժակը ու գինին սեղանով մեկ թափեցի։ Շառլը նայում էր դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես ասելիս լիներ՝ ի՞նչ ես խուճապի մատնվել, ես սովորական մարդ եմ։ Նա շատ անբռնազբոս, շատ ջերմ շփվեց ինձ հետ՝ հավասարը հավասարի պես։ Հետագայում հաճախ եմ եղել Շառլի համերգներին, բախտ եմ ունեցել հանդիպելու եւ զրուցելու նրա հետ: Իսկ ամենավերջինն ու ամենահիշարժանը անցյալ տարի էր: Նրա ծննդյան տոնի առիթով երեւանյան համերգից հետո Շառլը ոչ միայն մեծ գնահատանքով խոսեց իմ կատարած թարգմանությունների մասին, այլեւ դրվատեց իմ մյուս երգապնակները, որոնք ես պարբերաբար ուղարկում էի նրան:

-Պարոն Թյուրաբյան, Դուք ավելի քան 50 հեղինակային երգեր ունեք, Ձեր 6 ձայնապնակներում հավաքված են արեւելահայ ու արեւմտահայ դասականների բանաստեղծություններով գրված բազմաթիվ երգեր։ Այդ ձայնապնակները արժեքավոր են նաեւ բանաստեղծությունների անգլերեն, ֆրանսերեն թարգմանությամբ, որոնք կցված են ձայնապնակին եւ կարող են հասու լինել արտասահմանցի ունկնդրին եւս։ Հուսամ, որ երբ հաջորդ անգամ լինեք հայրենիքում, պատկան մարմինների աջակցությամբ կփորձեք այդ երգերը հասցնել հայ ունկնդրին։

-Ես, ամենայն հավանականությամբ, Հայաստան կգամ մայիսին, մասնակցելու Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակի միջոցառումներին ու նրա տարեդարձին կնվիրեմ «Ազնավուրը՝ հայերեն» երգերի նոր՝ երկրորդ ձայնապնակը։ Եվ կփորձեմ ստանձնել ինքս ինձ հայաստանցի ունկնդրին ներկայացնելու, ճանաչելի դարձնելու գործը:

-Ինչպե՞ս կամփոփեք մեր զրույցը:

-Զրույցի վերջում ուզում եմ ավելացնել, որ մեր բոլոր երազանքների ու նպատակների երաշխավորը անկախ, անվտանգ, պաշտպանված հայրենիքն է։ Այսինքն՝ ամեն ինչ կլինի անիմաստ ու ապարդյուն, եթե սահմանին հայ զինվորը չփակի մեր դարավոր ոսոխի ճանապարհը։ Հաղթելու ու հաջողելու մեր բոլոր ջանքերը կտապալվեն, եթե սահմանին մեր զինվորը չհաղթի թշնամուն։ Մենք դա գիտենք ու պիտի հիշենք ամեն օր։

-Հիշելը ի՞նչ կտա զինվորին ու բանակին։

-Ամեն մեկս մեր գործն ավելի անձնվիրաբար կանենք։ Մենք զինվորի թիկունքն ենք: Մենք զինվոր ենք՝ թիկունքում, ու որքան ամուր է թիկունքը, այնքան ինքնավստահ է զինվորը սահմանին: Ես շատ հպարտ եմ, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սասունցի Տոնեի շառավիղն է՝ Խաչիկ Դաշտենցի եղբոր թոռը: Ես մեծ հաղթանակներ եմ մաղթում նրան ու նրա ղեկավարած բանակին։

Թող 2019-ը Հայաստանի համար լինի խաղաղության, աշխատանքի ու բարեկեցության տարի: Հայ մարդը ամբողջ աշխարհում հայտնի է իր ստեղծագործ մտքով, աշխատասիրությամբ ու արարելու կամքով: Ես արժանապատիվ աշխատանք եմ մաղթում յուրաքանչյուր հայ մարդու: Իսկ հայ զինվորն ու սպան թող է՛լ ավելի հզոր լինեն, ու թող սահմանը՝ անխախտ, հողը անառիկ պահեն: Հայ մարդուն հարկավոր է խաղաղություն եւ աշխատանք, ու Հայաստանը կծաղկի, Հայաստանը կդառնա աշխարհի ամենաապահով, ամենագեղեցիկ, ամենաերջանիկ երկիրը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1271) 14.12.2018 - 25.12.2018, Հոգևոր-մշակութային


27/12/2018