ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ
Կոմպոզիտոր
Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
Արեւի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման…
Սա ցեղասպանություն տեսած ու ապրող ժողովրդի պաթոս է, ծայրագույն քաջալերանք։ Երբ Արամ Խաչատրյանը աշխատում էր Լենինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ, մարդիկ նկատում էին, որ Խաչատրյանը գոռում է երաժիշտների վրա։ Բայց Լենինգրադի սիմֆոնիկի երաժիշտների վրա գոռալը, մեղմ ասած, սխալ էր, չէր կարելի։ Երբ փորձում են Խաչատրյանին բացատրել… նա պատասխանում է՝ ես չեմ գոռում, պարզապես ես բարձրաձայն եմ (я громкий)։ Խաչատրյանին ավելի լավ բնորոշում չես տա՝ громкий, ինչպես «Ջութակի կոնցերտը», «Սպարտակը»։ Մեծ, մոնումենտալ, հզոր, թափով։ Ցեղասպանություն տեսած ազգը պիտի ծներ Խաչատրյանին՝ իբրեւ հակակշիռ ոչնչացման սարսափի, վախի, նվաստացման… Ու հետո այդպես պիտի ապրեր՝ ինքնամեծար, հուժկու, բարձրաձայն։ Մենք եղել ենք արեւմտյան ու արեւելյան մշակույթների խաչմերուկում, Հայաստանը արեւելքի եւ արեւմուտքի խառնարան էր եւ, հրաշալիորեն սնվելով այդ երկու ակունքից, աշխարհին է ներկայանում ապշեցուցիչ հարուստ ու ինքնատիպորեն գեղեցիկ։ Երբ լսում ես Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», ապշում ես՝ ինչպես կարող է ջութակը այդպես միանգամից ու այդքան հայերեն խոսել։ Բայց երբ լսում ես Կոմիտասի պատարագը կամ միջնադարյան շարականները, երես առ երես հանդիպում ես գենիդ առեղծվածին, ակունքիդ հարստությանը, ազգիդ մշակութային հզոր ժառանգությանը։ Մեր հիմքերը շատ խորն են, երբեմն առեղծվածային ընդգրկուն։
Այսօր դժվարությամբ հայրենիք ենք կառուցում, դժվարությամբ սահման ենք պահում, բայց հուսավառ ենք, տոկուն, կենսալի։ Բանակը ամենակարեւորն է։ Բանակը պետականության հիմքն է ու գագաթը, բանակը մեր հավաքական բարոյականությունն է, մեր հավաքական քաջությունը, մեր հավաքական ուժը։ Հիշում եմ՝ սովետի տարիներին Շիրազը արագ-արագ մոտենում էր մարդկանց մեկ այս, մեկ այն խմբին ու ցածրաձայն մրթմրթում էր՝ բանակ չունենք, բանակ չունենք, բանակ չունենք։ Հիմա բանակ ունենք, պատերազմում հաղթած բանակ։
…Կգա մի օր, երբ մենք կխաղաղվենք։ Երբ մեր ցավերը, կարոտները, վախերը, իրոք, կդառնան անցյալ, երբ մեր պատմության սարսափները չեն շնչի մեր կողքին։ Այդ ժամանակ կգա ինքնաճանաչ, վստահ ու տաղանդավոր մի սերունդ, կբերի գիտելիք, արվեստ, ճաշակ։ Ես վստահ եմ, որ մենք փառահեղ ապագա ենք ունենալու։ Մենք այնքա~ն մեծ «բագաժով» ենք գալիս։
ՀՀ Ազգային հերոս
Ես ուզում եմ, որ 2019-ը լինի կրթության ու կրթվածության տարի: Եթե ուզում ենք մեղմ, կարեկից, խաղաղ ու հանդուրժող հասարակություն ունենալ, պետք է Հայաստանի վաղվա քաղաքացուն դաստիարակելու համակարգ ներդնենք՝ սկսած մանկապարտեզից… Առաջին հերթին պետք է կրթենք մարդու զգացմունքները, հույզերը, ապրումները… Պիտի ձևավորենք նրա բարոյական արժեհամակարգը ու տոգորենք ազնիվ ու վեհ գաղափարներով։ Բարձրացող սերնդի մեջ մերժելի սանձարձակություն ու կոպտություն կա, եսահայացություն ու նյութապաշտություն։ Ասացի ու հիշեցի Արմեն անունով ավանցի 20-ամյա զինվորին, 9 հոգանոց ջոկատով դիմակայել է թշնամու 30 հոգանոց դիվերսիոն խմբին, հետ շպրտել նրանց ու զոհվել՝ պաշտպանելով հայրենի հողը։ Սա մերն է, սա հայի ֆենոմենն է: Բայց որքան լավ կլինի, որ մեր ժառանգական առաքինություններին հավելենք ճիշտ, նպատակաուղղված դաստիարակություն։ Տեսեք, մեր երազած հասարակության մասին խոսելիս ես դիտավորյալ նրա առաքինությունների մեջ չնշեցի հայրենասիրությունը, որովհետև հայրենասիրությունը կիրթ ու զգայուն, մեղմ ու կարեկից հոգու մենաշնորհն է: Եթե մեր բանակն ուժեղ է, եթե մեր զինվորը անձնվիրաբար իր հողը պաշտպանում է թշնամուց, ուրեմն մենք հաջողել ենք կրթության ու դաստիարակության ոլորտում: Ես ուզում եմ, որ հայ մարդն իրեն պաշտպանված զգա ոչ միայն արտաքին թշնամուց, այլև ներսում, յուրայինների մեջ: Ես ուզում եմ, որ հայը հային բարեկամ ու սատար լինի, օգնական ու սրտակից: Ես ուզում եմ, որ մարդը երբեք մենակ չմնա: Ուրեմն՝ թող 2019-ը բարություն, կարեկցանք ու սեր սփռի Հայոց աշխարհում, ու թող այդ սերը որպես անհաղթ զենք, որպես մեր ուժը բազմապատկող վահան, դարեդար փակի ոսոխի ճանապարհը:
դուդուկահար
Շատ եմ սիրում մեր բանակը: Ես բազում հաջողություններ եմ ունեցել կյանքում, բայց երբեք այնքան չեմ հպարտացել, որքան՝ մեր բանակի հաղթանակները տեսնելով: Բանակը երկրի հենարանն է, մեր հողն ու ջուրը պահողը, մեզ կյանք ու պատիվ տվողը: Մեր փառքը: Մենք երբեք, ոչ մի դարում այսպիսի բանակ չենք ունեցել՝ մարտունակ, հայրենասեր, ոգեղեն, հաստատուն։ Հայրենիքն սկսվում է զինվորից, սահմանին զինվորն է կանգնած: Միայն զինվորի պաշտամունք ունեցող ազգերը տեղ ունեն այս արևի տակ:
Մի ընկեր ունեմ՝ Էդիկ Սարգսյանը։ Արցախյան պատերազմի ժամանակ արդեն տարիքով մարդ էր, բայց անասելի նեղվում էր, որ չի կարող զենք վերցնել, կռվել, պաշտպանել հողը: Այն մեծ նյութական օգնությունը, որ տրամադրում էր ազատամարտիկներին, քիչ էր համարում։ Հաճախ միասին գնում էինք զինվորների ու ռազմիկների մոտ: Հերթական հաղթական ճակատամարտից հետո ես հանպատրաստից համերգ տվեցի մեր հերոսների համար։ Աշխարհի ամենահեղինակավոր բեմերում այդպես չէի ներշնչվել, որքան հենց նոր ազատագրված հայկական հողի վրա նվագելիս, մոլորակի ոչ մի անկյունում այդպիսի հուզում ու հպարտություն չէի ապրել: Ես գիտեմ, որ մեր բանակը մի թիզ հող անգամ չի տա թշնամուն: Ու գալիք տարում ուժ ու զորություն եմ մաղթում մեր սպային ու զինվորին: Թող մեր բանակի փառքը երբեք չխամրի:
ՀՀ ժողովրդական նկարիչ
Հրաշալի երիտասարդություն ունենք՝ ազատ, անկաշկանդ, ազնիվ, համարձակ: Նրանք են կերտելու Հայաստանի ապագան, ու ես հավատում եմ նրանց: Ես վստահ եմ, որ նրանք ավելի լավ Հայրենիք են կառուցելու մեզ համար: Պարզապես պիտի ճիշտ վերաբերվել նրանց, չխանգարել, ճանապարհ տալ:
Երիտասարդության մասին խոսելիս չեմ կարող հիացմունքս ու խոնարհումս չհայտնել այն զինվորներին, որոնք պաշտպանել ու պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, որոնց գուրգուրելը, որոնց հոգսերը հոգալը բոլորիս պարտականությունն է: Անձամբ ես պատրաստ եմ կիսաքաղց ապրել, միայն թե՝ զինվորը կուշտ լինի, տաք հագուստ ունենա, լավ զինված լինի…
Վտանգի պահին միանալու ու անհավանական հերոսության գնով երկիրը թշնամուց պաշտպանելու մեր տաղանդը բոլորին է հայտնի, ես մաղթում եմ, որ յուրացնենք ամենօրյա հայրենասիության կենսակերպը: Որ մեր տան սահմանները հատվեն մեր հայրենիքի սահմանների հետ, նույնանան: Եթե երկիրն ամուր չէ ներսից, որքան էլ զենքերը հզոր լինեն սահմանաբերանին, Հայրենիքը վտանգված կլինի: Իսկ ամուր երկիրը աշխատող երկիրն է, համերաշխ երկիրը, սիրով լի երկիրը, արդար երկիրը, կուշտ երկիրը: Ամուր պահենք երկիրը ներսից, որ զինվորի ոգին չհանձնվի սահմանին: Շնորհավոր Նոր տարի:
նկարիչ
Յուրաքանչյուր հայ մարդ իր բանակի մի մասնիկն է, և ոչ միայն այն պատճառով, որ բանակը Հայաստանում ու աշխարհի որևէ ծայրում ապրող յուրաքանչյուր հայի հայրենիքն է պաշտպանում: Ամեն հայ բանակի հանդեպ տուրքի իր մեծ կամ փոքր բաժինն ունի: Ես հպարտ ու երջանիկ եմ, որ հենց ինձ վիճակվեց կերտել հայոց զինված ուժերի զինանշանը: Այն մեր՝ Արևի պես հին ու տաք երկրի, արծվի պես ուժեղ, խիզախ, հպարտ ու հաղթած զինվորականի, մեր տաղանդավոր, արարող, խաղաղասեր, բայց և հերոսական ու ազատատենչ ժողովրդի խորհրդանիշն է:
Մենք 2019 թվականը դիմավորում ենք զարթոնքի, վերելքի, հաղթանակի՝ Նոր Հայաստան կերտելու սպասելիքով: Որքան էլ առավոտից իրիկուն ռազմահայրենասիրություն քարոզենք, այն արմատ չի տա եւ չի ծլարձակի, եթե չենք գտել մշակութային մարդ դաստիարակելու մոդելը, որովհետեւ մարդկային բոլոր առաքինություններն այդ հողի վրա են ծլարձակում:
Մշակութային մարդն այն մարդն է, որը ծնված օրվանից առնչվել է մշակութային երեւույթների հետ բոլոր հարաբերություններում: Որի հույզերը, զգացմունքները, մտածելակերպը, ներաշխարհը, վարքը կրթվել ու ձեւավորվել են բառի, հնչյունի, գույնի, բարձր գաղափարների, գեղեցիկի, վեհի, բարու ազդեցությամբ: Ու զինվորական խավը պիտի լինի մեր երկրի ամենամշակութային խավը: Բանակն ու զինվորը ինձ համար բացարձակ արժեք են: Ես ուզում եմ ընկերություն անել բանակի հետ, որովհետեւ մեր բանակը` մեր սպան ու զինվորը, Արցախյան պատերազմում, բանակաշինության ամբողջ ընթացքում, ապրիլյան քառօրյա կռվի օրերին հաստատեցին մի ֆենոմենալ իրողություն` որ հայրենիքի ազատության նժարին աներկբա պատրաստ են դնելու իրենց կյանքը: Սա խիզախության, վեհության, նվիրումի գագաթնակետն է:
Երբ մեր երկրին սպառնում է դարավոր թշնամին, մենք ֆենոմենալ ենք, իսկ խաղաղ ժամանակների բանակը հղկվելու եւ ավելի մշակութային դառնալու կարիք ունի: Զինվորական խավը` նույնպես:
Շնորհավորում եմ Բանակի Ամանորը: Նրան խաղաղություն ու հաղթանակ եմ մաղթում: Թող գալիք տարում մեր հպարտություն – Ազգային բանակի հետ կապված բոլորիս սպասելիքները իրականություն դառնան:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #24 (1271) 14.12.2018 - 25.12.2018, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային