ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ԹԵԺ ԿԵՏԵՐԻՑ
Անցնող տարվա ընթացքում «Հայ զինվորը» ուշիուշով հետևել է մեր խաղաղապահ զորքերի ծառայությանը: Նրանք բարի համբավ են վայելում այն բոլոր վայրերում, որտեղ ընդգրկված են խաղաղապահ առաքելություններում: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորքերը շարունակում են պատվով ներկայացնել մեր երկրի զինված ուժերը՝ ցուցաբերելով բարձր արհեստավարժություն ու փոխգործակցելու հմտություններ:
Ամանորի նախօրեին մեզ հաջողվեց կապ հաստատել ներկայումս Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում ծառայություն իրականացնող մեր խաղաղապահ զորախմբերի հրամանատարների հետ, որոնք ներկայացրին իրենց ընթացիկ ծառայությունը:
ԿԱՐԵՆ ԲԱՂԻՅԱՆ
Աֆղանստանում հայկական զորախմբի հրամանատար,
փոխգնդապետ
-Աֆղանստանում մեր զորախմբի ստորաբաժանումներից մեկն այս պահին ծառայություն է իրականացնում այստեղ՝ Մազարի Շարիֆ քաղաքի ռազմաբազայում, իսկ մյուս դասակը սեպտեմբեր ամսից ներգրավված է Կունդուզ քաղաքի ռազմաբազայի ծառայությունում: Այստեղ մեր առջև դրված խնդիրը բազմազգ ռազմաբազայի անվտանգության ապահովումն է: Ունենք նաև փոխհամագործակցության սպաներ, որոնք ապահովում են կապը զորախմբի ծառայությունների ու շտաբի միջև: Ապահովում ենք նաև օդանավակայան մուտք գործող մեքենաների և անձնակազմի ստուգումը հսկիչ-անցագրային կետում և գլխավոր շտաբի մուտքի հսկողությունը: Ծառայում ենք 24 ժամ 7 օր անընդմեջ ռեժիմով: Մեզ հետ այստեղ ծառայում են 21 երկրներից ժամանած զինվորականներ: Մեր ազգային տոներին անպայման հրավիրում ենք մասնակցելու մեր այլազգի ընկերներին: Վերջին անգամ հյուրասիրություն էինք կազմակերպել սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Հիմա պատրաստվում ենք Նոր տարին դիմավորելու: Տոնածառն արդեն զարդարված է: Նոր տարվա գիշերը խորոված ենք պատրաստելու:
Բոլորիս համար դժվար է Նոր տարվա տոներին ընտանիքից, երեխաներից հեռու լինելը: Բայց, ինչ արած, ծառայություն է:
Իմ ու մեր զորախմբի անձնակազմի անունից ընտանեկան կարևոր այս տոների առթիվ ուզում եմ շնորհավորել ինչպես մեր ընտանիքներին, այնպես և ամբողջ հայ ժողովրդին, բոլորի օջախներին հաջողություն ու բարօրություն ցանկանալ: Ուզում եմ ջերմ բարեմաղթանքներ հղել հատկապես այն զինծառայողներին, ովքեր այս օրերին պաշտպանում են մեր երկրի սահմանները՝ դիրքերում կանգնած կամ էլ բացակայում են երկրից՝ տարբեր առաքելությունների մասնակցության պատճառով: Բոլորի ընտանիքներին մաղթում եմ ամենակարևորը՝ խաղաղություն, առողջություն, նպատակների իրականացում, երջանկություն և իհարկե՝ համբերություն:
ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լիբանանում խաղաղապահ առաքելություն
իրականացնող զորախմբի հրամանատար, կապիտան
-Մեր զորախումբն իրականացնում է կոալիցիոն ուժերի «Շամա» ռազմաբազայի պահպանության խնդիրը: Պահպանությունն իրականացնում ենք կենտրոնական հսկիչ-անցագրային կետում: Այստեղ ենք դեկտեմբերի 5-ից: Ընդունել ենք ծառայությունը, արդեն հունի մեջ ենք ընկել: Մեր զորախմբի մարտական ոգին, բարոյահոգեբանական վիճակը բարձր է, տրամադրությունը լավ, մի ընտանիքի պես ենք այստեղ: Գալիք տոների օրերին ծառայության մեջ ենք լինելու, բայց, իհարկե, կփորձենք ինչ-որ կերպ նշել: Կարոտը միակ «դժվարությունն է» խաղաղապահ առաքելություններում: Այնպես որ՝ մեր հարազատներին կասեմ՝ պի՛նդ եղեք, լա՛վ կացեք, այս վեց ամիսներն արագ կանցնեն, կվերադառնանք:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ: Առաջին շնորհավորանքը, ավանդաբար, մեր սահմանին կանգնած տղերքին է վերաբերում. անփորձանք ծառայություն եմ մաղթում, տղանե՛ր: Ամենակարևորը՝ 2019-ին ամբողջ հայ ազգին, բոլորիս խաղաղություն, առողջություն եմ ցանկանում, և որ միշտ միասնական լինենք, միշտ կանգնած զինվորի թիկունքին:
ԱՐՏԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կոսովոյում հայկական զորախմբի հրամանատար, կապիտան
-Մեր զորախումբն այժմ տեղակայված է «Ֆիլմ Սիթի» ռազմաբազայում: Այստեղ է գտնվում Կոսովոյի գլխավոր շտաբը: Մեր հիմնական գործառույթը Պրիշտինայի օդանավակայանի անվտանգության ապահովումն է. երկու գլխավոր մուտքերը հսկում են հայ զինվորականները: Մեր առջև, ինչպես միշտ, խնդիր ենք դնում այնպես իրականացնել առաքելությունը, որ մնացած ազգերի ներկայացուցիչների համար ճանաչելի դարձնենք մեր բանակը, մեր պետությունը, ազգային խորհրդանիշները: Մեծ հպարտություն է մեզ համար, որ օդանավակայանում վայրէջք կատարողներն առաջին հերթին մեր դրոշն են տեսնում: Մեզ հետ այստեղ 31 այլ պետության ներկայացուցիչներ են ծառայում: Բոլոր ազգերի հետ հարաբերությունները, համագործակցությունը ամենաբարձր մակարդակի են:
Հերթափոխը առաքելության վայրերում մեզ համար ասես էստաֆետի դրոշ լինի. մեկս մյուսին փորձում ենք փոխանցել ծառայողական անբիծ վարկանիշ, ամենաբարձր արդյունքներ, որպեսզի մեզ փոխարինելու եկող զորախմբի անձնակազմը գլուխը բարձր, հպարտորեն կարողանա շարունակել առաքելությունը:
Նոր տարվա կապակցությամբ անպայման հայկական ուտեստներ կպատրաստենք, ինչպես տանն ենք պատրաստում, որպեսզի բարձրացնենք մեր տրամադրությունը և այդ օրերին զգանք ընտանեկան տոնի ջերմության մի փոքր բաժինը գոնե:
Գալիք տոների առթիվ առաջին հերթին կուզենայի շնորհավորել մեր ամբողջ խաղաղապահ բրիգադի անձնակազմին՝ հրամանատարից մինչև շարքայինները ու առաքելություններում ընդգրկված մեր մյուս ստորաբաժանումների անձնակազմերին: Ջերմ բարևներ ու շնորհավորանքներ եմ ուզում հղել հատկապես հայրենիքի սահմանին հերթապահող մեր զինծառայողներին: Մեզ՝ բոլորիս, ցանկանում եմ խաղաղություն 2019 թվականին: Թող բոլորի ընտանիքներում միայն խինդ ու ուրախություն լինի, սեր ու ծիծաղ:
ԱՐՏԵՄ ԱՎԴԱԼՅԱՆ
Խաղաղապահ բրիգադի շտաբի պետ, գնդապետ
-2018թ. խաղաղապահ զորախմբերը մի քանի հերթափոխ են իրականացրել. ամռանը՝ Աֆղանստանում, իսկ վերջերս՝ դեկտեմբեր ամսին, նաև Լիբանանում և Կոսովոյում: Ծառայությունը առաքելություններում բավականին բարդ է, ծանրաբեռնված և մեծ պատասխանատվություն է պահանջում մեր զինծառայողներից: Տարեցտարի մեր խաղաղապահ ստորաբաժանումները շարունակում են նույն բարձր մակարդակով ծառայությունը՝ արժանանալով մասնակից և համագործակցող ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարության բարձր գնահատականին:
2018թ. խաղաղապահ առաքելություններում ընդգրկվել են նաև կին խաղաղապահները: Հայրենիքում խստագույն պատրաստություն անցած մեր չորս կին զինծառայողները զորախմբի կազմում դեկտեմբերին մեկնեցին Կոսովո և այժմ Պրիշտինայի ռազմաբազայում են ծառայում: Մենք մեծապես կարևորում ենք մեր կին զինծառայողների ներգրավումը այս առաքելություններում:
Օգտվելով առիթից՝ զորատեսակի հրամանատարության անունից գալիք տոների առթիվ շնորհավորում եմ առաքելություններում ներգրավված մեր բոլոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին: Ուզում եմ հավաստիացնել, որ, անկախ հեռավորությունից, մենք ձեր կողքին ենք՝ պատրաստ սատարելու ամեն հարցում: Խաղաղ ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ ձեր օջախները:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #24 (1271) 14.12.2018 - 25.12.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական