Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՆՔՈՎ



ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՆՔՈՎՌազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանն ամփոփում է տարվա արդյունքները

 

Ռազմարդյունաբերության համալիրը 2018թ. աշխատել է ավելի մեծ ծավալով, քան նախորդ տարի և ամբողջությամբ բավարարել է զինված ուժերի ներկայացրած հայտերը: Նշանակալի մշակումներ ունենք, որոնք արդեն զինված ուժերի զինանոցում են՝ անօդաչուներ, նոր տեսակի կապի միջոցներ, ռադիոտեղորոշիչ կայաններ, ջերմատեսիլ սարքավորումներ, այդ թվում՝ տանկերի, հակատանկային միջոցների համար և այլն: Բացի այդ, այսօր արդեն զինված ուժերի կազմում գործում են հեռակառավարվող կրակակետեր, որոնք թույլ են տալիս առանց անմիջական կրակային ներգործության կատարել մարտական առաջադրանք, հակառակորդի կրակային խոցում:

2018թ. ռազմարդյունաբերության համալիրում էական փոփոխություններ տեղի ունեցան: Այս տարի շուրջ 80 տոկոսով ավելացավ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը: Հիմնադրվեց գիտատեխնոլոգիական վաշտը, և զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ զինակոչիկները զորակոչվեցին հենց գիտական աշխատանք կատարելու նպատակով՝ ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման ու դրանց կիրառման գործընթացում: Գիտական վաշտն այժմ համալրված է մի քանի տասնյակ զինծառայողով, որոնք գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքներ կատարող ընկերություններում իրականացնում են իրենց մասնագիտություններին համապատասխան առաջադրանքներ, նաև կատարելագործում են մասնագիտական կարողությունները:

Մյուս փոփոխությունը ռազմական գիտահետազոտական ինստիտուտի ստեղծումն էր: Այն ամբողջ ծավալով կգործի 2019թ.: Նման կառույցի ստեղծման նպատակը կիրառվող և հեռանկարային զենքի, ռազմական տեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերի, դրանց տեխնիկական առաջադրանքների կազմումն է և նոր մշակվող ռազմական տեխնիկայի կյանքի ցիկլի ուղեկցումը: Մինչ այժմ Հայաստանում մշակված զենքը, սպառազինությունը հիմնականում գիտական հիմնավորում չունեին: Ունեին ռազմական հիմնավորում, բայց ոչ գիտական: Նմուշների մարտավարատեխնիկական բնութագրերն առավելապես համապատասխանում էին նմանակների մի քիչ արդիականացված կամ փոփոխված բնութագրերին: Ամեն ինչ կախված էր նրանից, թե նախագծային կամ արտադրական ինչ հնարավորություններ ուներ մշակող ընկերությունը: Այսօր պատկերը բոլորովին այլ է: Ցանկացած մշակման հիմքում պարտադիր պահանջ է նաև տեխնիկայի կյանքի ցիկլի ուղեկցումը, այսինքն՝ արդիականացման անհրաժեշտության հիմնավորումը, անցկացումը, անձնակազմի պատրաստության կազմակերպումը և այլն: Այժմ ռազմական գիտահետազոտական ինստիտուտը անձնակազմը համալրելու փուլում է: Աշխատող կորիզը մասնագետ զինվորականներն են, որոնք ունեն տեխնիկայի հետ աշխատելու, շահագործելու և այն մշակելու փորձ:

Տարեցտարի զարգացնում ենք ռազմարդյունաբերության համալիրի տեխնոլոգիական հենքը: Այսօր արդեն որոշ ուղղություններով մրցունակ արտադրանք ենք տալիս, որը կարելի է նաև ներկայացնել միջազգային շուկայում: ՌԴ-ում անցկացված «Արմիա-2018» ցուցահանդեսում մեր տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Մյուս տարի նախատեսում ենք մասնակցել Աբու Դաբիի «IDEX» ցուցահանդեսին, որին ներկա են լինում աշխարհի բոլոր խոշոր ռազմարդյունաբերողները: Ցուցահանդեսային գործունեությունը կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս համեմատելու մեր արտադրանքը այլ պետությունների ներկայացրած նմուշների հետ, հասկանալու թերությունները, առավելությունները, դարձնելու հայկական արտադրանքն ավելի մրցունակ: Արտահանման եկամուտների շնորհիվ կկարողանանք է՛լ ավելի զարգացնել հայկական ռազմարդյունաբերությունը: Որոշակի արտադրանք արդեն վաճառվել է, կան նաև նախնական պայմանավորվածություններ: Այժմ բանակցություններ են ընթանում հայկական ռազմական արտադրանքը վաճառելու ուղղությամբ:

Մենք հետևողականորեն աշխատում ենք հայկական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի իրագործման ուղղությամբ՝ առաջնահերթություն հռչակելով գիտատար և տեխնոլոգիատար ճյուղերը: 2019թ. ակնկալիքները և պահանջների նշաձողը բարձր է՝ հաշվի առնելով նաև մեր հակառակորդի կողմից տարբեր զինատեսակների ձեռքբերումը, չթուլացող ռազմատենչ հռետորաբանությունը: Մենք հասկանում ենք, որ կանգ առնելու իրավունք չունենք, քանի ռազմարդյունաբերությունը զինված ուժերի զարգացման հենասյուներից է:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #24 (1271) 14.12.2018 - 25.12.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/12/2018