Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՈԳՈՎ ԶԻՆՎԱԾ



ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՈԳՈՎ ԶԻՆՎԱԾՄիջազգային հարթակներում հայազգի մարզիկների տարած հաղթանակները մեր դյուցազունների ուժի, կամքի ու ոգու ցուցադրությունն են աշխարհին: 2018թ.-ը, ինչպես միշտ, հարուստ էր սպորտում հայ մարզիկների գրանցած հաղթանակներով, և ամենահիշարժաններից մեկը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանի գրանցած փայլուն հաղթանակն էր: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հայ դյուցազնը երկամարտի 435 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն: Նա պոկում վարժությունն ավարտեց 195, հրումը՝ 240 կգ արդյունքով, աշխարհի ռեկորդ սահմանեց հրում վարժությունում ու երկամարտում:

 

-Վերջին ութ տարվա մեջ դու աշխարհի չեմպիոնի առաջին  տիղոսը նվաճեցիր մեր երկրի համար: Այս հաղթանակը չափազանց կարևոր էր և՛ քեզ, և՛ բոլորիս համար:

-Իմ սպորտային կյանքում միշտ երազել էի, ու նպատակներիցս մեկն էր աշխարհի չեմպիոն դառնալը, որին հասա: Սա նաև հրաշալի միջոց էր աշխարհին ցույց տալու հայ տղամարդու ուժը, զորությունը: Հաջորդ նպատակս Օլիմպիական խաղերում նախորդից ավելի ծանրակշիռ հաղթանակ արձանագրելն է:

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՈԳՈՎ ԶԻՆՎԱԾ-Հետաքրքիր է, ի՞նչն է քեզ համար «շարժիչ ուժ» ծառայում: Եվ ի՞նչ ես զգում ծանրաձողին մոտենալիս:

-Մինչև առաջնությունը` մրցույթին պատրաստվելիս, անշուշտ, հսկայական պատասխանատվություն ես զգում, գիտակցում ես, որ բոլորն սպասում են հաղթանակիդ, որ ներկայացնելու  ես երկիրդ, ազգդ, հայկական ծանրամարտը: Իսկ երբ մոտենում ես ծանրաձողին, քեզնից մեծ կենտրոնացում է պահանջվում ու մտքի խաղաղություն, որպեսզի կարողանաս ճիշտ կատարել վարժությունն ու լավագույն արդյունքը գրանցել: Դե, իսկ երբ արդեն ծանրաձողը գլխավերևումդ է, ու գիտակցում ես, որ հաղթանակը` աշխարհի չեմպիոնի կոչումը քոնն է, աննկարագրելի զգացողություններ ես ունենում: Չէ՞ որ ուրախություն ու հպարտություն ես պարգևում նաև քո ժողովրդին:

-Վերջերս Արցախ էիր այցելել, նաև մարտական դիրքերում եղար: Կարելի է պատկերացնել դիրքապահ տղաների ոգևորությունը: Քո՞ նախաձեռնությունն էր:

-Իմ և արցախցի մարզիկ ու զինվորական ընկերներիս: Ուզում էինք այցելել այն վայրերը, որտեղ կռվել են մեր հերոսները ապրիլյան պատերազմի օրերին, հանդիպել սահմանը հսկող այսօրվա հերոս տղաներին, զրուցել հետները, ոգևորել: Եղանք կապիտան Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի,  Քյարամ Սլոյանի և մյուս հերոսների պահած հենակետում, զրուցեցինք հրամանատարների, զինվորների հետ: Համոզվեցինք, որ բոլոր առումներով դիրքերն այժմ շատ բարվոք վիճակում են, իսկ մեր զինծառայողներն այսօր հարյուր տոկոսով ապահովված են ամեն ինչով` սկսած սննդից ու հանդերձանքից, վերջացրած` զենք-զինամթերքով:

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՈԳՈՎ ԶԻՆՎԱԾԱրցախյան այցը մեկ այլ նպատակ էլ ուներ` նպաստել Արցախում սպորտի զարգացմանը: Հյուրընկալվեցինք Ստեփանակերտի ծանրամարտի մարզադպրոցում, ցուցադրական ելույթներ ունեցանք, հանդիպումներ ունեցանք ԱՀ վարչապետի, սպորտի և երիտասարդության նախարարի հետ, խոսեցինք Արցախում սպորտի զարգացման հնարավորություններից, ծրագրերից: Մեր նպատակը Արցախի մարզիկ երեխաներին խրախուսելն է, պատանիներին ոգևորելը, նրանց ավելի մեծ ու համարձակ նպատակների մղելը: Իսկ նրանք, ովքեր լուրջ հաջողությունների չեն հասնի սպորտում, կհամալրեն մեր բանակի պինդ  տղերքի  շարքերը:

-Մեր զինվորականները, կարծում եմ, սիրով կընդունեն  բարեմաղթանքներդ տոների առթիվ:

-Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ուզում եմ շնորհավորել մեր բոլոր զինվորականներին և հատկապես՝  դիրքապահներին:  Նրանք այսօրվա հերոսներն են, որ զօր ու գիշեր սահմանին կանգնած` մեր հանգիստ առօրյան են ապահովում:  Անամպ երկինք, խաղաղ օրեր եմ մաղթում նրանց: Ուզում եմ, որ մեր զինվորները իմանան՝ անչափ շնորհակալ ենք նրանց բոլորիս խաղաղություն պարգևելու համար և ցանկացած պահի պատրաստ ենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, նրանց կողքին ուս ուսի կռվելու:

Քնար Թադևոսյան

Խորագիր՝ Մարզաշխարհ, Նորություններ


27/12/2018