Language:

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ



ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ

Մեզ եւ Ձեզ Մեծ Աւետիս»

Սիրելի՛ սպաներ և զինվորներ Հայոց հաղթական  բանակի

ՀՀ ԶՈՒ հոգևորականաց ողջ դասի անունից մեր շնորհավորանքներն ու օրհնությունն ենք բերում Ձեզ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ծննդյամբ իմաստավորվող  տարեմուտի  առթիվ:

Մի  սուրբ գիշեր բացվեցին Երկնքի ողորմության դռները, և իմանալի լույսը հորդառատ գետի պես հեղվեց երկիր ու ողողեց աստվածարար երկրագունդը: Կատարվեց անճառելի մի իրադարձություն, իրականացավ անմեկնելի աստվածային տնօրենություն՝  մեծ և սքանչելի խորհուրդ. Աստված մարդացավ: Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդով օծուն նոր տարին կրկին հուշում է մեզ 2019 տարի առաջ Բեթղեհեմ քաղաքում կատարված մեծախորհուրդ իրադարձությունը: Մեր հոգու  բաց աչքերով տեսնենք Աստծո ներկայությունը մեր կողքին և նախախնամական տնօրինությունը Տիրոջ, քանի որ արդար հոգիները փնտրում և մտնում են Քրիստոսի Լույս Ծնունդի մեջ: Մտնենք Քրիստոսի ծննդյան լույս խորհրդի մեջ, և կծաղկի  մեր անկախ Հայաստանը և Հայոց Ազգային բանակը:

Նոր տարվա սկզբին, երբ կանգնած ենք հին և նոր տարիները շաղկապող ժամանակի մեջ, պիտի վերագնահատենք և վերարժևորենք կյանքի այն ուղին, որով անցել ենք, և որը մեզ դեռ սպասում է: Մարդու համար կարևորը ոչ թէ ժամանակի փոփոխությունն է կյանքում, այլ կյանքի և մարդու փոփոխությունը ժամանակի մեջ, քանզի տարին նորանում է մարդու նոր հույսերով, նոր խոհերով և նոր գործերով. «Մինչդեռ ժամանակ ունենք, բարիք գործենք ամենքին» (Գաղ. 6:10): Ուստի մեր կոչումն ու պարտականությունն է գալիք տարում ընձեռված ժամանակը լցնել ազնիվ գործերով և նվիրյալ ծառայությամբ` հույսը վերածելով կյանքի, գործի, իրականության:

Մանուկ Հիսուսի հովանին ու օրհնությունն ենք հայցում Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության երաշխիք Բանակի` հայոց զորաց և զորականաց համար՝ ավետելով.

«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ

Օրհնեալ է Հայտնությունը Քրիստոսի»:

Խորագիր՝ #24 (1271) 14.12.2018 - 25.12.2018, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


30/12/2018