Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՀՈՂԱԿՏՈՐԸ ԵՍ ԵՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՀՈՂԱԿՏՈՐԸ ԵՍ ԵՄ ՊԱՇՏՊԱՆԵԼԶինվորական ծառայությունը յուրաքանչյուր տղամարդու կյանքում անցնում է յուրովի։ Փորձեմ հակիրճ, բայց բովանդակալից ներկայացնել իմ ծառայության երկու տարիները։

Ինձ համար զինվորական ծառայությունն սկսվել է հայրական տնից դուրս գալու և հարազատներիս գրկախառնվելու պահից։ Րոպեներ, որոնք լի էին հույզերով և տարբեր  զգացողություններով, մոր տխրության և հպարտության արցունքներ, ալեկոծված սիրտ…. Իրավիճակ, երբ դու փորձում ես ամեն կերպ պատկերացում կազմել ապագա երկու տարիների վերաբերյալ, սակայն ինչքան ավելի ես մոտենում զինկոմիսարիատի դռներին, այնքան ավելի է պատկերացումներիդ դաշտը նեղանում։ Հայտնվում ես մի միջավայրում, որտեղ բոլորը կրում են միատեսակ հագուստ, տարբերվում են միայն զինվորական ուսադիրներով։

…Հիշում եմ այն պահը, երբ ոտք դրեցի կապի ուսումնական զորամաս։ Զորամասում այնքան նոր բան կար՝ ծառայակիցներից և զինվորական վարքուբարքից մինչև ամենափոքր դետալը։ Փորձում էի գտնել ընդհանրություններ և տարբերություններ ծառայության մասին ընկերներիս պատմածների և աչքիս տեսածի։ Ուսումնական զորամասում ծառայելու էի միայն առաջին 6 ամիսները, մնացածը պետք է անցկացնեի այլ զորամասում։ Ուսումնական այդ ամիսների ընթացքում պետք է կարողանայի սովորել կապի ջոկի հրամանատարի պարտականությունները, կոփվել որպես զինծառայող, հասկանալ զինվորական հոգեբանության հիմունքները՝ հետագայում ջոկի անձնակազմիս հետ լավ արդյունքների հասնելու համար։

Ուսումնական զորամասի բուռն և զբաղված առօրյան զերծ պահեց ինձ ձանձրույթից. այդ օրերը գնահատում եմ շատ արդյունավետ։ Տպավորություն էր, թե ամեն ինչ անում և սովորում եմ մի քանի հոգու փոխարեն, քանի որ, որպես ապագա կրտսեր հրամանատար,  պատասխանատվության գիտակցումով ես առաջնորդվում։

Անցավ վեց ամիս, ժամանակն էր վայելելու վաստակած տասնօրյա հանգիստը։ Հիշում եմ, թե ինչքան էր քիչ թվում այդ ժամանակը, որքան էի փորձում հնարավորինս արդյունավետ օգտագործել այն, ամեն կերպ լավ ժամանակ անցկացնել ընտանիքիս և ընկերներիս հետ։ Արձակուրդն այնքան արագ ավարտվեց:

Նոր զորամաս…  Ամեն ինչ ուրիշ էր՝ սկսած զորամասի չափից և տեղակայման վայրից մինչև բարբառը։ Սկզբնական օրերին ինձ թվում էր, թե ես այդպես էլ չեմ կարողանալու շփվել տեղի բարբառով, սակայն ընդամենը ամիսներ անց խոսում էի ինչպես տեղաբնակը:

Նոր զորամասը հսկայական չափերով, մեծ ներուժով, զինծառայողների հոծ բազմությամբ էր աչքի ընկնում։ Միայն այն միտքը, որ զորամասը հիմնել է Ազգային հերոս Մոնթեն, արդեն պարտավորեցնող էր և պատվաբեր։ Զորամասում ծառայող սպաներից շատերը կողք կողքի կռվել էին Մոնթեի հետ, և նրանց հայացքներում դրոշմված էր մոնթեական խիզախությունը,  հայրենիքի նկատմամբ անպարագրելի մեծ սերը։

Նրանց այդ նվիրումը փոխանցվում էր մեզ: Զորամասի սահմանային հատվածից ընդամենը մի քանի մետր այն կողմ թշնամին էր…

♦♦♦

Այն հարցին, թե որ պահերն են եղել ամենատպավորիչը ծառայության ընթացքում, ես միշտ պատասխանում եմ՝ երդման արարողությունը, զինվորական համազգեստով ծնողիդ առաջ ներկայանալը, «Հայ ասպետ» համաբանակային ինտելեկտուալ խաղին մասնակցությունը…  եւ ամենակարեւորն ու էականը՝ հայրենիքի մի փոքր հողակտորի պաշտպան լինելը։  Հիրավի, դրանք բոլորը հպարտության զգացումներ են պարգևել։ Երդվում ես պաշտպանել երկրիդ սահմանները, հողն ու ջուրը, հանուն հայրենիքի, ընտանիքի, հավատքի և եկեղեցու չխնայել անգամ կյանքդ։ Մի՞թե բառերով կարող ես արտահայտել այն հպարտությունը, որ նկատում ես ծնողիդ աչքերում, երբ քեզ տեսնում է զինվորական համազգեստով։ Մի՞թե այսքանը բավարար չէ մեծ տպավորություններ ստանալու համար։ Իսկ «Հայ ասպետը» տպավորիչ էր նաև բանակ-հասարակություն, զինվոր-գիտելիք կապի ամրապնդմամբ։ Անչափ հպարտ էի ինձ զգում, երբ իմ գլխավորած «Մոնթե» թիմը համաբանակային այդ մրցույթում ցուցաբերեց լավագույն արդյունքը։

…Ինչպես ասում են՝  ծառայեցի պատվով ու գիտակցումով, ու եկավ բաղձալի պահը՝  հաջողություն եմ մաղթում զինակից ընկերներիս, սպաներին, արցախյան բնությանը, հողին ու ջրին։ Երկու փունջ ծաղիկներով՝ մայրիկիս և քրոջս, անակնկալ մտնում եմ տուն, իսկ թե այդ պահին ինչ տեղի ունեցավ, ինչ հույզեր և ապրումներ էին… աննկարագրելի էր։ Մաղթում եմ բոլոր զինծառայողներին զգալ այդ անկրկնելի բերկրանքը…

♦♦♦

Հիմա քաղաքը տոնական լույսերի  մեջ է, իսկ իմ մտքերը, հիշողությունները հասել են զորամաս: Հիշել եմ մեր Ամանորը զորամասում…

Ամանորը զորամասում ընձեռում է հնարավորություն ապրելու նոր հույզեր և զգացողություններ։ Հարազատների, ընկերների և անգամ ընտանիքի անդամների ամենաջերմ շնորհավորանքները հենց ծառայության ընթացքում ես ստանում։ Ամենահետաքրքիրն ու ուշագրավն էլ թերեւս այն է, որ անձնական շնորհավորանքներ հնչում են շատ քիչ, և դրանց մեծ մասը  ավելի շատ վերաբերում է բոլորին: Հնչում են մաղթանքներ խաղաղության և սահմանների ամրության, զգոնության և անսպառ եռանդի, զինվորական ընկերասիրության և համերաշխության մասին։ Շնորհավորողները խնդրում են փոխանցել այդ մաղթանքները նաև զորամասի մյուս տղաներին՝ չտարանջատելով սեփական որդուն, եղբորը, ընկերոջը, արյունակցին նրա ծառայակից ընկերոջից՝ ընկալելով նրանց բոլորին որպես մի ամբողջական ընտանիք…

Ամանորի գիշերը կարճ ժամանակահատվածով վերանում են պաշտոնական դիրքի տարբերությունները, հրաման տվողը վերածվում է ընտանիքի ավագ անդամի, հրաման կատարողը՝ վայելում ընտանիքի փոքրը լինելու  բերկրանքը։ Տիրում է ծայրաստիճան  ջերմ մթնոլորտ, զինվորական խիստ կանոնադրությունից մի փոքր դուրս և կարճատև ազատություն՝ միաժամանակ ցանկացած պահի պիտի պատրաստ լինես մարտական գործողության և չմոռանաս, որ նաև դու ես Ամանորի ուրախության գլխավոր ապահովողներից մեկը…

Որպես նախկին զինծառայող, ցանկանում եմ նոր տարում հաստատուն խաղաղություն, ամուր սահմաններ, համերաշխ մթնոլորտ:

Առանձնակի ջերմությամբ կցանկանայի շնորհավորել պաշտպանական բանակի հարավարևելյան զորամասերից մեկի զինվորական անձնակազմին, որոնց հետ եմ դիմավորել իմ կյանքի երկու Ամանորը։

 

Շավարշ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Խորագիր՝ #1 (1272) 16.01.2019 - 22.01.2019, Բանակ և հասարակություն


17/01/2019