Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ



ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՎԻՏՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ծնվել է 1955թ. դեկտեմբերի 29-ին, Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում։ 1962-ին ընդունվել է Երեւանի թիվ 71 դպրոցը։ 8-րդ դասարանից տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցը։ 1972թ. ընդունվել է նույն համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետի մեխանիկայի բաժինը։ 1977-79 թթ. որպես ավագ տնտեսագետ աշխատանքի է անցել ԽՍՀՄ Հայշինբանկի կենտրոնական գրասենյակում, 1979-81թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Բելառուսում, ստրատեգիական նշանակության զենիթահրթիռային զորամասում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Աբովյանի «Սիրիուս» գործարանում, այնուհետեւ 1983-ին տեղափոխվել է Երեւանի էլեկտրալամպերի գործարան, հատուկ նախագծային բյուրոյում աշխատել որպես ինժեներ-նախագծող, ապա՝ ինժեներ-տեխնոլոգ։ Մասնագիտության մեջ խորանալու նպատակով 1983թ. ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը։ 1988թ. վերջերին աշխատանքի է անցել «Լազուր» արտադրական միավորումում։ 1990թ. Լենինյան շրջանի թիվ 8 տեղամասում ընտրվել է պատգամավոր։ 1990թ. օգոստոսին, երբ ներքին անկայունությունը սպառնում էր վերածվել եղբայրասպան կռիվների, Վիտյան խաղաղության եւ եղբայրության կոչով առաջին շարքերում էր։ Օգոստոսի 29-ը Վիտյա Այվազյանի երկրային կյանքի վերջին օրը եղավ…

 

Սկիզբն

 

Դարասկզբի թուրքական մղձավանջներից փրկվելու հույսը տոհմիկ ալաշկերտցի Այվազյանների մի ճյուղին բերել էր Արթիկ։ Գրիգոր Այվազյանը օջախ էր հիմնել նոր օրրանում, բարձրագույն կրթություն ստացել, Անիի եւ Արթիկի շրջանների դպրոցներում մանկավարժ աշխատել, Սպանդարյան գյուղի կոլտնտեսության վարչությունը ղեկավարել, Հայրենական պատերազմին սկզբից մինչեւ վերջ մասնակցել, չորս անգամ վիրավորվել, արիության համար արժանացել շքանշանների եւ պատվոգրերի։ Նրա որդու՝ մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ Վորոշ Այվազյանի եւ մանկավարժ Կիմա Ավագյանի առաջնեկը՝ Վիտյան, ծնվեց 1955թ.։ 1957թ.-ին աշխարհ եկավ Վահանը, 1959թ.-ին՝ Տիրուհին։ 1960թ. ընտանիքը տեղափոխվեց Երեւան։ Վիտյան հպարտանում էր իր ծագումով, ալաշկերտցի հերոսական պապով, սիրում էր գյուղի բառ ու բանը պահպանած տատին։ Արմատներին հավատարիմ մնալու, անցյալի հետ կապն ամուր պահելու ինքնաբուխ պահանջ էր դա, քան պարզապես տարեցներին հարգելու ավանդապահ ձեւ։ Դեռ մանկուց զուսպ, սակավախոս, հավասարակշռված Վիտյան իր հոգու խորքում երազող էր։ Առաջին հայացքից ամեն ինչի հետ հաշտվող եւ մեղմաբարո՝ նա անարդարությանը եւ կեղծիքին դեմ առ դեմ կերպարանափոխվում էր… Մայրը հիշում է… Դպրոցից ծնող էին կանչել, որ Վիտյային պատժեն. ծեծել էր այն ժամանակների հզորների երես առած տղաներին, որովհետեւ փորձել էին մյուսներին ճնշել։ Տիկին Կիման, ինքն էլ բազմափորձ մանկավարժ, ստիպված էր եղել որդուն սաստել։

Վիտյային հետո ճանաչած քչերը կարող են հավատալ, որ մաթեմատիկական ակնառու օժտվածությամբ պատանին երազել է… դերասան դառնալ։ Ղ.Ղուկասյանի անվան պիոներ-պալատում պարի խմբակ է հաճախել։ Մի ելույթի ժամանակ սայթաքել է, պարընկերուհու կողքին վայր ընկել եւ.. պարին հրաժեշտ տվել։ Նա մեծացել է՝ փայփայելով հերոսի իր կերպարը. «Երեք հրացանակիրները» սիրած գիրքն էր, դ’Արտանյանը՝ հերոսը։ Վիտյայի պատկերացրած հերոսը ասպետ էր, քաջ, անձնազոհ, մեծահոգի, ազնիվ եւ հնարամիտ՝ այնպիսին, ինչպիսին դառնալու էր ինքը։ Լայն էր նրա հետաքրքրությունների շրջանակը՝ բռնցքամարտ, շախմատ։ Շախմատը ե՛ւ Վիտյայի, ե՛ւ Վահանի, ե՛ւ Տիրուհու սերն էր, երեքն էլ հաճախում էին շախմատի նորաբաց դպրոցը։ Լ. Շանթի անվան դպրոցում մինչեւ այսօր պահպանվում են Վիտյայի եւ Տիրուհու լուսանկարները. Վիտյան հասավ սպորտի վարպետության աստիճանի, Տիրուհին 1974թ. մայրաքաղաքի դպրոցականների սպարտակիադայի շախմատի չեմպիոնն էր։ Համալսարանական տարիներին Վիտյան լրջորեն զբաղվեց նաեւ լեռնագնացությամբ եւ ռեգբիով։ Ընդգրկված էր համալսարանի, Հայաստանի ռեգբիի հավաքականներում։ Հաշվի առնելով նրա նպաստը այդ մարզաձեւի զարգացման գործում՝ 1993թ. ի վեր Երեւանում կազմակերպվում է նրա հիշատակին նվիրված ռեգբիի ամենամյա միջազգային մրցաշար։ Սակայն, Վիտյան մեծ հրապուրանք ուներ նաեւ գրքի, ընթերցանության հանդեպ։ Սիրում էր կարդալ գիտահանրամատչելի գրականություն, պատմավեպեր, բայց հատկապես՝ բառարաններ եւ հանրագիտարան։ Ուզում էր ամեն ինչ եւ ըստ ամենայնի իմանալ, «Խորհրդային մեծ հանրագիտարանի» ստվար հատորները սեղանի գրքերն էին։

Մայրը՝ տիկին Կիման, այսօր էլ զբաղված է իր սիրած աշխատանքով՝ մանկավարժությամբ, Երեւանի էլեկտրատեխնիկական քոլեջի տնօրենն է, Վիտյային կորցնելուց հետո երկար ժամանակ ուշքի չէր գալիս, ամեն ինչ անիմաստ ու անհեթեթ էր թվում, եւ հենց մանկավարժի աշխատանքին վերադառնալը օգնեց նրան ապրել, իր սուգը կրել հերոսի մորը վայել արժանապատվությամբ։ Երբ ես հյուր էի Այվազյանների օջախում, նախ մոտեցա գրապահարանին։ Քանի անգամ եմ համոզվել՝ տունը, որտեղ գոնե փոքրիկ գրադարան չկա, տուն է առանց ոգու, առանց պահապան հրեշտակի։ Վիտյայենց տանը պատկառելի գրադարան կա։ Տիկին Կիման կարծես գլխի է ընկնում, թե ինչ եմ մտածում, ասում է. «Մեր տանն ամենաշատը գրքերն եմ սիրում, հասկանո՞ւմ ես»։ Իհարկե, հասկանում եմ. Վիտյայի մատնադրոշմները պահպանում են գրքերի հարյուր հազարավոր էջերը։

 

Զարթոնքի մեջ

 

Երբ սկսվեց համակ հայությանն ալեկոծած պայքարը, բոլորի նման Այվազյաններն էլ էին մասնակցում հանրահավաքներին եւ ցույցերին, նրանց տանն էլ ամենօրյա բուռն քննարկումներ էին լինում, որոնց ամենաքիչը… Վիտյան էր խառնվում։ Հարազատները նույնիսկ չգիտեին, որ էլեկտրալամպերի գործարանում նա կազմակերպել եւ ղեկավարում է «Ղարաբաղ» կոմիտեն, որ ընդհատակյա լուրջ գործունեություն է ծավալել, որ իրենց ամառանոցը թաքստարանի է վերածվել՝ արգելված գրականությամբ, թռուցիկներով, պայթուցիկ նյութերով ու զենքերով։ Միայն Վահան եղբայրն էր տեղյակ։ Վահանի մասին չի կարելի լռել. Վահանի, Վիտյայի ճանապարհները խաչվում են ոչ միայն հարազատ եղբայրներ, այլեւ համախոհներ լինելու պարագայով եւ նույնիսկ… տարաժամ մահվամբ։ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, բռնցքամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ Վահանը ծառայել է խորհրդային բանակում, ապա ծառայությունը շարունակել Լեհաստանում՝ մնալով բանակային սպորտում, միաժամանակ սովորել Պետերբուրգի զինվորական ակադեմիայի սպորտի բաժնում, ապա՝ ասպիրանտուրայում։ Հասցրել էր ամուսնանալ, դուստր ունենալ։ Փոխգնդապետի կոչում ուներ եւ անվերապահորեն ընդունում էր ավագ եղբոր՝ կոչումով լեյտենանտ Վիտյայի հեղինակությունը։ Այն դժվար ժամանակներում Վահանը քանիցս կազմակերպել է մեծաքանակ զենքի առաքումը Հայաստան։ Դաժան նախախնամությո՞ւն էր, թե՞ անհեթեթ պատահար. 1993թ. մայիսի 4-ին, չպարզված հանգամանքներում, Վահանը սպանվեց Պետերբուրգում… Ընտանիքից, ուրեմն, միայն Վահանն էր լավատեղյակ եղբոր գործունեությանը։ «Զվարթնոցի» դեպքերից հետո մյուսներն էլ իմացան։ «Ազատության» հրապարակում հանրահավաքի ժամանակ բարձրախոսով հայտարարեցին, որ անմիջական մասնակիցները եւ ականատեսները մոտենան Կոմիտասի արձանին եւ դիմեն Վիտյա Այվազյանին։ Ճեղքելով բազմությունը՝ հայրն ու քույրն էլ մոտեցան եւ տեսան, որ մեկ ուրիշը չէ, անվանակիցը չէ, հենց իրենց Վիտյան է։ Այդպես նա «բացահայտվեց»։ Բարեխղճորեն կազմակերպեց անհրաժեշտ նյութերի հավաքումը եւ այնուհետեւ դատավարությանը մասնակցեց որպես հասարակական փայլուն պաշտպան։ Ե՛վ իր, ե՛ւ հայրական տանն աստիճանաբար սովորեցին, որ Վիտյան հաճախակի եւ ամենաանսպասելի ժամերի դուրս է գալու, ուշանալու է, բացակայելու է… Կինը՝ Կարինեն, հաշտվեց, որ սիրող եւ սիրված ամուսին, հոգատար հայր լինելուց առաջ Վիտյան գաղափարի մարդ է, առաջամարտիկ։ Երկրաշարժի լուրն առնելուն պես մեկնեց աղետյալներին օգնելու։ Իր ձեռքերով փլատակներից մարդկային դեռ ողջ եւ արդեն անշնչացած մարմիններ հանեց, կազմակերպեց ծնողազուրկ երեխաներին հանգստյան տներում տեղավորելու եւ հարազատներին որոնելու ծանր աշխատանքները։ «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունից հետո աշխատեց կրկնապատիկ եռանդով, խնդիրը ե՛ւ պայքարի ոգին չթուլացնելն էր, ե՛ւ առաջնորդներին բանտից ազատելը։ Այդ օրերին նա հույժ կարեւոր առաջադրանքով եղավ Մոսկվայում, հանդիպեց մեծ մարդասեր եւ իրավապաշտպան Ա. Սախարովին։ Կարճ ժամանակ անց, 1989թ. հունվարի 12-ին, Վիտյան նույնպես ձերբակալվեց եւ Նուբարաշենի բանտում մնաց շուրջ մեկ ամիս։ ՀՀՇ առաջին համագումարում ընտրվեց վարչության անդամ՝ տնտեսական մասի պատասխանատու։ Միաժամանակ Հայաստանի երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի առաջին անդամներից էր, ծանրակշիռ մասնակցություն ունեցավ կամավորական շարժումը նպատակային դարձնելու գործում։ Կամավորականներին հագուստով, պարենով, զենքով եւ զինամթերքով ապահովելը, մասնավորապես` վառելիքի հայթայթումը եւ բաշխումը իր պատասխանատվությամբ էր կատարվում։ Երբ ձեռնարկվեցին անկախացող մեր հայրենիքի առաջին ազատ ընտրությունները, Վիտյան թեկնածությունը որոշեց դնել ծննդավայր Արթիկում, բայց դեռեւս իշխող կուսակցական գործիչների թղթարարությունը նրան վերադարձրեց Երեւան, նա գրանցվեց Լենինյան (այժմ՝ Շենգավիթի) ընտրատարածքում։ Նախընտրական արշավի շրջանակներում կազմակերպվեց Վիտյայի եւ ՀԱԲ-ի ղեկավար Վարդան Վարդանյանի հեռուստաերկխոսությունը։ Վիտյան առաջին անգամ էր եթերում, եւ ովքեր տեսել են այդ հանդիպումը, անշուշտ հիշում են, թե ինչ նրբանկատությամբ եւ համոզմունքով էր հերքում ՀԱԲ-ի փաստարկումները, եղբայրության ինչ անկեղծ մղում կար ընդդիմանալու կերպի մեջ։ Ձայների բացարձակ առավելությամբ պատգամավոր ընտրվեց, իրեն հատուկ ոգեւորվածությամբ ու նվիրումով ներգրավվեց իր նախընտրած՝ պաշտպանության հանձնաժողովի աշխատանքներում։ Այդ ժամանակ ԳԽ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը մի առիթով տիկին Կիմային պատմել է. «Երբ ես նախագահությունից տեսնում էի, որ Վիտյան բեղերն է ոլորում, խնդրում էի, որ մեկնումեկը դահլիճից զգուշորեն դուրս տանի, գիտեի, որ ափերից դուրս գալու նրա նշանն է»։ Տիրուհին խոստովանում է, որ իր եղբոր խոսքն ամենաշատն այդ ընթացքում՝ նստաշրջաններին է լսել։ Թե որքան սիրված պատգամավոր է եղել Վիտյան իր ընտրատարածքում, վկայում է այն փաստը, որ հինգ տարի նրա տեղը թափուր մնաց, ինչպես խորհրդարանում՝ զբաղեցրած աթոռը։

 

«Ես չեմ նահանջելու»

 

1990թ. օգոստոսը սովորականից շոգ էր. քաղաքական կրքերը շիկացրել էին մթնոլորտը, անկառավարելի զինյալ ջոկատներ ու առանձին մորուքավոր մարդիկ էին շրջում ֆիդայու անվան տակ, վարկաբեկելով ֆիդայու բարձր անունը՝ ալան-թալանով զբաղվում, թանկ գնով ձեռք բերված, թշնամու համար նախատեսված փամփուշտներն աննպատակ կամ չարանպատակ պարպում։ Հայաստանի ամբողջ զինուժը որպես մի հզոր բռունցք միավորելը, կասկածելի, ոչ ոքի առաջ հաշվետու չլինող խմբերին եւ մարդկանց զինաթափելը, մեկ միասնական ռազմական ուղղորդիչ կենտրոնի ստեղծումը օրախնդիր էր դարձել, մանավանդ, որ պատերազմի ուրվականը թանձրանում, թանձրանում էր։ Ժամանակն էր ճշտելու՝ ովքե՛ր են «Արդյոք ովքե՞ր են» երգողները։ Այլապես Հայաստանը չէր խուսափի հարեւաններին պատուհասած քաղաքացիական բախումներից, եւ ներքին պատերազմը այնպիսի իրողություն կդառնար, որ ազգակործան ատելության մեջ չէինք էլ հիշի, թե ուր պիտի գնանք, եւ ո՛վ է մեր իրական թշնամին։ Որ վտանգ կար, բոլորս գիտեինք։ Որ վտանգը ժամ առաջ կանխել էր պետք՝ շատերս գիտեինք։ Բայց այդ գիտակցումով, անձնազոհության պատրաստ՝ վտանգի կիզակետում հայտնվելու համար պետք էր լինել այն քչերից, որոնց մասին է ասված. «Երանի նրանց, որոնց ձեռքով խաղաղություն կգա»։ Եվ երիցս երանի նրանց, ում կյանքի գնով եկավ այդ խաղաղությունը։

Մերձավորները հիշում են, որ այդ ընթացքում Վիտյան մտածում էր պարետային ժամ մտցնելու անխուսափելիության մասին։ Արյունահեղությունը կանխելու, մարդկանց զգաստացնելու այդ ելքն էր գտել Վիտյան եւ առաջարկել էր չուշացնել՝ չերկնչելով թյուրըմբռնումներից եւ քաղաքական շահարկումներից: Վիտյան ամբողջ խորությամբ գիտակցում էր դրության լրջությունը։ Օգոստոսի 28-ին տիկին Կիման մայրական տագնապով հարցրել էր. «Վիտյա, չե՞ս վախենում։ Ախր, կարող են գալ, հենց դռան առաջ խփել։ Չե՞ս տեսնում՝ շուրջդ ինչ է կատարվում։ Ես սարսափում եմ, տղաս, գուցե հեռո՞ւ մնաս, հա՞, Վիտյա»։ Վիտյան մի բառով էր պատասխանել՝ երբե՛ք։ Մտահոգ, լարված, բայց մորը հանգստացնելու համար ուժ էր գտել եւ կատակել՝ վրացերեն իր սիրած նախադասությունն ասել. «Վարիանտի արարիսա»։ Նորից լրջացել էր եւ ավելացրել. «Ես ճիշտ տեղում եմ եւ չեմ նահանջելու»։ Իսկ կինը հիշում է, թե Վիտյան, որ նոր էր տուն եկել, ահազանգն ստանալուն պես ինչ արագությամբ կրկին դուրս թռավ եւ ինչ վճռականությամբ փակեց դուռը, որ երբեք էլ չէր բանալու։ Զինյալներին մոտենալուց առաջ Վիտյան կամեցել էր թողնել իր ինքնաձիգը. «Ես ինչ գործ ունեմ սրա հետ, հո հայի վրա չե՞մ կրակելու»։ Եթե նույնիսկ նրա՝ մանկան աչքերի նման մաքուր աչքերի առաջ երեւար էլ հրազենի դավադիր փողը, Վիտյայի ձեռքը ձգանը չէր սեղմելու, նա գնացել էր՝ համերաշխության կոչով, գնացել էր հայ մարդուն հայերեն խոսք ասելու։ Կրակոցները, սակայն, հնչել էին… Վիտյա Այվազյանի եւ Գեղազնիկ Միքայելյանի մահվան լուրը կայծակնային արագությամբ տարածվեց, եւ ամենքը հանկարծ սթափվեցին եւ իրենք իրենց հարց տվեցին. «Էս ի՞նչ ենք անում, տղերք»։ Պարետային ժամ հայտարարվեց, ձեւավորվող մեր պետությունը հնարավոր դարձավ փրկել կործանարար ալեբախումներից։

 

Հիշողություն

 

ՄԱՅՐԸ. -Վիտյայիս համար ամենաշատն ուրախացել եմ այն օրը, երբ բանակից վերադարձավ՝ գեղեցիկ, բարետես, սպայի համազգեստով։ Դավիթ Շահնազարյանի հետ դեռեւս ուսանողական տարիներից մտերիմ էր, Դավիթն ինձ հիշեցնում է Վիտյային, այնքան, որ թվում է՝ արտաքինով էլ իրար շատ նման են։ Երեւի ճիշտ է, որ մանկավարժի ընտանիքում գաղափարապաշտ զավակներ են մեծանում, Վիտյան գաղափարի մարդ էր, աննահանջ, սկզբունքային։ Չեմ հիշում, որ երբեւէ սուտ ասած լինի։ Ինքը շատ բարձր էր գնահատում Լ. Տեր-Պետրոսյանին։ Հիշում եմ՝ մի օր գնացի ՀՀՇ վարչություն, չգիտեի՝ Վիտյան որ սենյակում է։ Միջանցքում Լեւոնն ինչ-որ մեկի հետ կանգնած էր, մոտեցա, հարցրի։ Երեւի, նմանեցրեց մեզ եւ ասաց. «Դուք մա՞յրն եք։ Գիտե՞ք, հրաշալի որդի ունեք»։ Որպես մայր, իհարկե, պիտի ուզենայի, որ նա թեկուզեւ իբր սովորական մարդ, այսօր ողջ լիներ, բայց մխիթարվում եմ, որ ոչ թե պատահարի է զոհ գնացել, ոչ թե բանտում է մահացել, այլ նպատակի համար եւ գիտակցված։ Նա ինքն իրեն մատաղ արեց, որ մյուսները զգաստանան, որ հարյուրների կյանքը փրկվի։

ՅՈՒՐԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ. -էլեկտրալամպերի գործարանում աշխատել ենք միասին։ Նրա աչքերին գոնե մի անգամ նայած մարդը չէր կարող կասկածել, որ Վիտյան հերոս է՝ ճանապարհ բացող, ոչ մի դժվարության եւ նույնիսկ մահվան վտանգի առաջ չընկրկող։ Դաստիարակված եւ կիրթ երիտասարդի տիպար էր։

ՀՐԱՀԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ. -Վիտյային ճանաչում եմ նույն՝ էլեկտրալամպերի գործարանից։ Չեմ կարող մատնանշել նրա նման մաքուր, ազգասեր, նվիրյալ մեկ ուրիշի։ Անսահման համբերատար էր, ուրիշի կարծիքը հանդուրժող։ Մարդն ինչքան ստոր պետք է լիներ, որ Վիտյան նրան չսիրեր։

ԿԱՐԻՆԵ ՎԱՍԻԼՅԱՆ. -Չգիտեմ՝ կարո՞ղ է հերոսի զավակներ լինելու հպարտությունը փոխարինել հայրական սիրուն, գուրգուրանքին, դաստիարակությանը։ Վիտյան ավելորդ զգացմունքայնություն չէր սիրում, եւ ես էլ ուզում եմ, որ մեր հիշողություններն անկողոպտելի մնան։ Ապրելու եմ այդ հիշողություններով, որպեսզի հերոսի զավակներ լինելու բարձր գիտակցությունը Հայկն ու Հասմիկը երբեք չկորցնեն՝ բոլոր արարքների, խոսքերի, բոլոր պահերի մեջ արժանի մնան իրենց հայրանվանը։

 

Վիտյա Այվազյանի կենսագրությունը հայ մտավորականի կենսագրություն է, մարդ, որն ընթանալու էր սովորական ուղեգծով, եթե նրան ժառանգված եւ ապա խորացած հերոսանալու մղումը չլիներ։ Այդ դեպքում Կիմա Ավագյանը եւ Վորոշ Այվազյանը որդեկորույս չէին դառնա, Կարինե Վասիլյանը չէր այրիանա, Հայկն ու Հասմիկն անհայր չէին մնա… Բայց Վիտյա Այվազյանի կենսագրության մեջ նրան սովորականից բարձրացնող մղումը կար, որ ուղեգծից հզոր մի պոռթկումով պոկելու էր նրան։ Ճանապարհը, որով ընթանում էր նա, կարող էր ավարտվել միայն հերոսությամբ։ Եթե օգոստոսի 29-ին կրակոցները վրիպեին, հետո որտե՞ղ էր լինելու Վիտյան եւ ի՞նչ էր անելու։ Անպայման՝ ամենամահավտանգ, ամենաթեժ տեղերում՝ միշտ ազնիվ, միշտ աննահանջ։ Գնդակը նրա զգայուն սիրտը կարող էր խոցել Արցախ աշխարհի ազատագրության, Հայաստանի սահմանների պաշտպանության բախտորոշ պահերին։ Ճակատագիրը կարող էր նաեւ խնայել նրան, եւ նա այսօր անպայման մեր ամենաթանկ նվաճման՝ ազգային բանակի սյուներից մեկը կլիներ։ Բայց գուցե նախանշվա՞ծ էր նրա առաքելությունը, եւ իր մահվամբ սթափեցնելով մյուսներին՝ նա ներկա եղավ մեր պարտությունների եւ հաղթանակների մեջ, ինչպես հին եւ նոր մեր բոլոր հերոսների ներկայությունը կա մեր ընթացքի մեջ, պարտությունների մեջ՝ որպեսզի այլեւս չկրկնվեն եւ հաղթանակների մեջ՝ որպեսզի շարունակ գերազանցեն մեկը մյուսին։ Հայ ժողովուրդը հերոսներ շատ է ունեցել, սրբությամբ պահել նրանց հիշատակը եւ դժվար պահերին ոգեկոչել։ Բայց դարեր շարունակ պետականությունից զրկված՝ հնարավոր չի եղել պետական մակարդակով նրանց գնահատել եւ մեծարել։ Այսօր, ահա, մեր պետականությունը վերածնվել է, եւ հավերժացրել է հանուն իր կայացման, հանուն բոլորիս հաղթանակի եւ ապագայի անմահացած հերոսների անունները։ Եվ սխրանք գործած առաջին ընտրյալների թվում է Հայաստանի Ազգային հերոս Վիտյա Այվազյանը։

 

ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

Խորագիր՝ #1 (1272) 16.01.2019 - 22.01.2019, Ճակատագրեր


17/01/2019