ԶՈՐԱԿՈՉԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ
Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատում եռուզեռ էր: 2019թ. առաջին զորակոչն էր, և շրջանի տարբեր բնակավայրերից զորակոչիկները տեղ էին հասել: Զորակոչային բաժանմունքի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը, աշխատակիցները վերջնական տեսքի էին բերում զինվորացող տղաների փաստաթղթերը: Նրանք մեկ անգամ ևս բուժզննում են անցնում, պատվաստվում գրիպի դեմ: Շրջանային բուժմիավորման բժիշկ Գնել Մադաթյանը հերթական զինվորին է զննում, ուրախ է՝ առողջական որևէ խնդիր չունի: Բժշկուհի Վիոլետա Ասոյանն էլ գոհ է. ամեն ինչ կարգին է: Խորհուրդներ է տալիս, մաղթում բարի ծառայություն: Շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը նշեց, որ կան առողջական թեթև խնդիրներ ունեցող տղաներ և լրացուցիչ բուժզննման, հետազոտման և բուժման պատճառով օրեր հետո են զորակոչվելու: Գոհ է զորակոչային բաժանմունքի աշխատանքից:
Զորակոչիկ Արտաշես Ավետյանը շրջանի Արտաշավի գյուղի բնակիչ է, սակայն արդեն 2 տարի է՝ ընտանիքով տեղափոխվել են ՌԴ Կալուգա քաղաք: Հետ է եկել, որ ծառայության մեկնի: Տրամադրությունը բարձր է: Հայոց բանակի բոլոր զինվորներին մաղթեց բարի ծառայություն: Հերիկ գյուղից Արթուր Առաքելյանը եկել է մոր, փոքր եղբոր՝ Արմանի, դպրոցի տնօրենի, ընկերների ուղեկցությամբ: Ավագ եղբայր Ռազմիկն արդեն մեկ տարի է՝ զինվոր է: Արթուրն իրավունք ունի ծառայելու եղբոր զորամասում, սակայն հրաժարվում է՝ ցանկանալով դառնալ դիրքապահ զինվոր: Մայրը՝ Անուշ Առաքելյանը, հուզված է, սակայն հպարտ. 2 որդիներն են Հայոց երկիրը պաշտպանելու: Փաստաթղթերը վերջնական տեսքի բերելուց հետո զորակոչիկները շարվեցին զինկոմիսարիատի միջանցքում: Զինկոմ Ստ. Օհանջանյանը տղաներին հորդորեց լինել զգոն ու կարգապահ, լսել հրամանատարներին, միմյանց հետ լինել հարազատի պես: Ընդունված սովորույթի համաձայն՝ Ստեփանակերտ մեկնելուց առաջ զորակոչիկներն այցելեցին Բերձորի Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված Փառքի հուշահամալիր, որտեղ նրանց համար ելույթ ունեցավ «Բերձոր» ժողգործիքների համույթը: Այնուհետև շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը շնորհավորեց տղաներին զինվոր դառնալու առթիվ և մաղթեց բարի ճանապարհ ու բարի վերադարձ: Ասաց. «Միշտ հպարտությամբ ենք մեր շրջանից տղաներին ուղարկում բանակ, և բոլոր ժամանակներում մեր տղաներն իրենց պարտականությունը փառքով են կատարել: Նույնը եղավ ապրիլյան պատերազմի ժամանակ. հրամանատարներն ասում էին՝ քաշաթաղցիներն իրենց արծվի պես են պահում»: Դիմելով նորակոչիկներին՝ հույս հայտնեց, որ նրանք ևս հուսախաբ չեն անի: Ուրախ երաժշտության հնչյունների ներքո պարեցին հուշահամալիրի հրապարակում զինվորացող տղաներն ու նրանց հարազատ-բարեկամները: Եկավ հրաժեշտի պահը, և տղաներն ուրախ տրամադրությամբ մեկնեցին՝ դառնալու Հայոց տան պահապանը:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #1 (1272) 16.01.2019 - 22.01.2019, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն