ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ
Սկսվեց ձմեռային զորակոչը: Զորակոչիկները մեկնում են ծառայության՝ իրենց հետ տանելով հարազատների խորհուրդները՝ զգոն լինել, լսել հրամանատարներին և չհուսահատվել դժվարություններից:
Հավաքակայանում սահմանված կարգով ու հաջորդականությամբ նրանք անցնում են զինվորագրման ճանապարհի առաջին ու կարևոր փուլերը: Առաջին կանգառը ընդունման և դիմավորման կետում է: Ապա զորակոչիկները լրացուցիչ բուժզննություն են անցնում, ջերմաչափում է կատարվում: Քիչ անց նրանք քայլերն ուղղում են հանդերձավորման սենյակ` զինվորական առաջին համազգեստն ստանալու: Բոլորին անհատական է հատկացվում. պահեստում առկա են բոլոր չափսերը:
Սենյակներից մեկում զորակոչվող երիտասարդներին ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովն է քննում, ստուգում յուրաքանչյուրի գիտելիքներն ու ունակությունները: Դրանց հիման վրա էլ անվանապիտակներին ավելանում են դասակարգման տարբերանշանները` տեխնիկական, հումանիտար և այլն:
Հավաքակայանում զորակոչային գործընթացի բոլոր փուլերին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անձամբ է հետևում, սենյակ առ սենյակ շրջում, պատասխանատուներին լրացուցիչ ցուցումներ տալիս: Այնուհետև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ջերմ ու անմիջական զրույցի է բռնվում զորակոչիկների հետ:
ԶՈՒ ԳՇ պետը վստահեցնում է՝ ուշադրության կենտրոնում են լինելու զորակոչի բոլոր փուլերը` բուժզննությունից մինչև անվտանգ տեղափոխում զորամասեր: Ինչպես և նախորդ զորակոչերի ժամանակ, այս անգամ ևս գործընթացի առանցքում արդարության ու թափանցիկության սկզբունքն է:
Աշխույժ եռուզեռը միայն հավաքակայանում չէ: Մուտքի մոտ զորակոչիկների ծնողներն ու հարազատներն են: Ուրախություն, տխրություն, հուզմունք՝ զգացումները խառնվել են իրար: Տղաներին ուղղված գլխավոր մաղթանքն ու հորդորն է՝ զգոն, ուշադիր ծառայեք, դարձեք հայրենիքի պաշտպան, ինչպես վայել է իսկական տղամարդուն, ամենակարևորը՝ խաղաղ պայմաններում:
Թե ով որտեղ կծառայի, այս անգամ ևս վիճակահանությամբ է որոշվում, գործընթացին նաև զորակոչիկների հարազատներն են հետևում տեսակապի միջոցով, իսկ այս զորակոչի կարևոր նորամուծություններից է նաև այն, որ զորակոչիկներն այսուհետև կարող են բջջային հեռախոս ունենալ, որը, սակայն, չպետք է ունենա տեսալուսանկարահանման, ինչպես նաև համացանցից օգտվելու հնարավորություն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #1 (1272) 16.01.2019 - 22.01.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում