Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱԺԻՆ ՀՈՂԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ



ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱԺԻՆ ՀՈՂԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒՁմեռային զորակոչի առաջին օրն է: Նոր տարվա ուրախ ու հագեցած տոներից անմիջապես հետո տղաները ներկայացել են զինկոմիսարիատներ, որտեղ վերջին անգամ ստուգելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և  կրկնակի բուժզննում անցկացնելուց հետո՝ նրանց կճանապարհեն ՀՀ կենտրոնական հավաքակայան: Իսկ մինչև այդ, Շենգավիթի զինկոմիսարիատում ենք, զրուցում ենք նորակոչիկներից  մի քանիսի հետ:

Արմանը եկել է Թուրքիայից, որտեղ վերջին վեց տարիների ընթացքում ոսկերչություն է սովորել իրենց ոսկերիչ բարեկամի մոտ. «Մի ուղղություն էի ընտրել, որը արտասահմանցի մասնագետներն են ուսուցանում: Մատչելի պայմաններով մեր բարեկամն առաջարկեց  իր ձեռնարկությունում աշխատել, նաև՝ սովորել: Ե՛վ վարպետացա, և՛ աշխատում էի՝ մայրիկիս ու իմ կեցությունն ապահովելով օտար երկրում: Իհարկե, Թուրքիայի հանդեպ հակասական զգացումներ ունեմ, բայց այնտեղ անցկացրածս տարիներին փորձում եմ վերաբերվել ընդամենը որպես կյանքիս փորձառության մի շրջանի: Այժմ արդեն իտալական «Ռոբերտո Բրավոյի» հավաստագրված ոսկերիչ եմ: Ծառայությունից հետո, հնարավոր է, Իտալիայում կամ Գերմանիայում պայմանագրով շարունակեմ աշխատել: Բայց, հավանական է նաև, որ որոշեմ մնալ ու աշխատել Հայաստանում: Իրավիճակ է փոխվել մեր երկրում. մեծ հույսեր ունեմ, որ այսուհետև մեր երկիրը արագ տեմպերով միայն առաջ է ընթանալու»:

Արմանը որոշ ժամանակ նաև «Ութանկյուն» («Մարտեր առանց կանոնների») է պարապել ուկրաինացի մարզիչի մոտ:  «Ֆիզիկապես շատ կոփված եմ,- ասում է հպարտությամբ:- Ժամանակն է, իմ հերթն է. հատուկ եկել եմ, որ ծառայեմ իմ երկրին»:

Հայկն էլ Ռուսաստանից է եկել իր պարտքը կատարելու: Տասը տարի է, ինչ ընտանիքով այնտեղ են բնակվում: Այժմ հայրը, մայրը, քույրը, ամբողջ ընտանիքով նրա հետ Հայաստան են եկել` բանակ ճանապարհելու: «Սովորում եմ Սոչիի պետական համալսարանում, երրորդ կուրսում եմ: Միշտ էլ ցանկություն եմ ունեցել գալու, ծառայելու: Կծառայեմ ու կվերադառնամ շարունակելու ուսումս: Ամեն դեպքում, որտեղ էլ լինեմ, որտեղ էլ աշխատեմ, սա իմ հայրենիքն է, իմ հողն է, ու անհրաժեշտության դեպքում` միշտ պատրաստ եմ պաշտպանելու: Երբ ապրիլյան քառօրյա պատերազմն սկսվեց, հայրս ընկերոջ հետ պատրաստվում էր գալ, ես էլ` նրանց հետ, բայց չհասցրինք, իրավիճակն սկսեց կարգավորվել»: «Մերը սա է, այն մերը չի,- ասում է Հայկի հայրը` Ալեքսանը:-Պարզապես աշխատում ենք այնտեղ: Այս զգացողությունը միշտ էլ կա հայրենիքից հեռու ապրող մարդու մեջ: Ժամանակին մտքովս էլ չէր անցնում, որ որդուս կուղարկեմ Հայաստանում ծառայելու,- անկեղծանում է զորակոչիկի հայրը:- Հայկը հնարավորություն ուներ Ռուսաստանում ծառայելու: Բայց տեսնելով մեր երկրում տեղի ունեցող վերջին փոփոխությունները` հույս է արթնացել բոլորիս հոգում, որ ամեն ինչ լավ է լինելու: Որդուս մի քանի ընկերներ նույնպես Ռուսաստանից եկել են այստեղ ծառայելու: Մեր բոլոր տղաներին մաղթում եմ, որ տղամարդու պես ծառայեն ու վերադառնան: Ամենակարևորը` ուզում եմ, որ մեր որդիները՝ որպես մարդ բանակում է՛լ ավելի ամրապնդվեն ու կայանան»:

ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱԺԻՆ ՀՈՂԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒԱյսօրվա կարևոր խորհուրդներից մեկն է. տղաները եկեղեցում օրհնություն են ստանալու, որն իրենց կուղեկցի ամենուր` որտեղ էլ նրանց հետագայում վիճակվի ծառայել: Այստեղ արդեն տոնական տրամադրություն է. եկեղեցու մուտքի երկու կողմում տեղադրված բարձրախոսներից ռազմահայրենասիրական երգեր են հնչում. ներսում դրանք նույնպես յուրահատուկ, եկեղեցու խոհական լռությունից շատ տարբերվող մի մթնոլորտ են ստեղծել: Մտնում եմ եկեղեցի, վառում մոմերը. իհարկե, այսօրվա աղոթքը մեկն է` տղաներին խաղաղ ու պատվաբեր ծառայություն, բարի վերադարձ իրենց ընտանիքներ:

Դուրս գալով եկեղեցուց` տեսնում եմ, որ դեռ շատ քիչ մարդ կա բակում. ծնողներից շատերն ու զորակոչիկները կժամանեն րոպեներ անց: Իսկ մինչև այդ, մի պատկեր գրավում է ուշադրությունս. մանկահասակ մի տղա եկեղեցու դիմաց շատ եռանդուն պարում է հայրենասիրական երգի հնչյունների հանգույն և ուրախ բացականչություններ անում, իսկ մայրիկը հեռախոսով նկարահանում է: Կողքից ուրախ ժպիտով հետևող տիկինն էլ, իհարկե, երեխայի տատիկն է:  Մոտենում եմ. «Եկել եք զինակոչիկի՞ ճանապարհելու,-հարցնում եմ նրան:-Այո՛, փոքր որդուս` Գոռին,- պատասխանում է տիկին Անահիտը: «Իսկ այս համովիկ տղան Գոռի ի՞նչն է»: «Եղբորորդին է` մեր ուրախություն Էդուարդը: Չնայած փոքրիկ է, բայց բացատրել ենք, թե ուր է գնում հորեղբայրը: Հորը` Կիմին, տասը տարի առաջ եմ բանակ ուղարկել: Իսկ հիմա ընտանիքով եկել ենք ճանապարհելու կրտսեր որդուս: Որպես մայր, իհարկե, այսօր հուզված եմ, բայց և հպարտ եմ շատ, որ մեր երկրին զինվոր եմ պարգևել: Թող միայն խաղաղություն լինի: Կանաչ ճանապարհ բոլոր մեր զինվորներին ու բարի վերադարձ»:

Քիչ անց մոտենում է զորակոչիկներով ավտոբուսը: Եկեղեցու ներսում` խորանի առջև խմբված տղաների համար Տեր Հրաչյան կարդում է զինվորների պահպանիչ աղոթքը և հորդորում հարազատ եղբոր պես լինել միմյանց հանդեպ: Տղաներն իրենց մոմերով առանձնանում են աղոթքի:

Եկեղեցու բակում տոնական տրամադրություն է: Թաղապետարանի ներկայացուցիչները, Շենգավիթի զինվորական կոմիսար, գնդապետ Աշոտ Հակոբջանյանը զինվորացող տղաներին իրենց բարեմաղթանքները, ոգևորիչ խոսքն են ուղղում:

ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱԺԻՆ ՀՈՂԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒԹվում է` ձմեռային ցրտաշունչ օրը պետք է կաշկանդի տղաներին: Բայց, ո՛չ, եկեղեցու բակում իսկական տոնախմբություն է: Ռազմահայրենասիրական երգուպարին են միացել բոլոր նորակոչիկներն ու նրանց ճանապարհելու եկած ընկերները: Պարային համույթի աղջիկներն էլ առանձնահատուկ ոգևորությամբ ու սիրով են պարում իրենց նազելի պարերը: Այդ օրը եկեղեցու` սովորաբար լուռ ու խոհական առօրյային յուրահատուկ աշխուժություն էին հաղորդում նորակոչիկներն ու նրանց ընկերների կենսուրախ «Տղե՛րք ջան, դուխո՛վ» բացականչությունները: Քաշվել, ամոթխածություն չկա. այսօր տոն է, և շուտով նորակոչիկների մեծ մասը պարի է բռնվում եկեղեցու դիմացի հարթակին: Տղաներին այս ու այն կողմում  վեր-վեր են թռցնում: Ծափողջույնները, բարեմաղթանքները ամեն կողմից ողողում են նրանց: Մայրիկները թաքցնում են արցունքները և փորձում ամեն կերպ ոգևորել տղաներին: Իսկ տղաները գիտեն՝ սա իրենց կյանքի ամենակարևոր օրերից է. անհոգ կյանքն այլևս անցյալում է. առջևում պատասխանատու ու զգոն ծառայությունն է:

Քիչ անց հավաքվածների մեջ նկատում եմ Գոռին` հարազատներով շրջապատված: Նա ամուր գրկել է եղբորորդուն: «Վստահ եմ, այս պահին գիտակցում ես, թե հատկապես ում համար ես մեկնում ծառայելու»,- ասում եմ երիտասարդին: «Իհա՛րկե: Առաջին հերթին հենց այս գանձիս համար, որ առողջ ու ուրախ մեծանա»,- պատասխանում է երիտասարդը` ավելի ամուր գրկելով ու համբուրելով փոքրիկ  Էդուարդի թշիկը, իսկ վերջինս ավելի  պինդ է փարվում  հորեղբորը:

Եկեղեցու բակն այնքան մարդաշատ է, որ չեմ կարողանում գտնել բոլոր այն տղաներին, որոնց հետ այսօր զրուցել եմ: «Արմանին չե՞ս տեսել,- հարցնում եմ մեր լուսանկարիչ Արեգին»: Նա անհույս թոթվում է ուսերը:  Բարձրանում եմ աստիճաններով, որ վերևից հայացքով ավելի լավ ընդգրկեմ եկեղեցու բակը: Տղաները բոլորն էլ հաղթ, ժպտերես ու գեղեցկադեմ են, հպարտ ու տոկուն: Հարազատները շրջապատել են նրանց, խրախուսում են, խորհուրդներ տալիս, օրհնության խոսքեր ասում: Եվ ահա վերևից հայացքս մի գեղեցիկ պատկեր է գրավում. հաղթանդամ զորակոչիկը գիրկն է առել մորը. մոր գլուխը ճիշտ իր կզակի տակ` կրծքին է, իսկ իր աչքերը փակ են՝ ասես մտովի խոսի հետը. «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ կլինի, չմտածե՛ս»: Ու նոր միայն գիտակցում եմ, որ դա հենց Արմանն է: Հետո արդեն շատ լուսանկարներ ենք փորձում անել, բայց հիշողությանս մեջ դրոշմվում է այն պատկերը, որը տեսել էի սկզբում` վսեմ, նուրբ, գեղեցիկ… Այն միայն ցանկությամբ ու հրահանգներով այլևս չենք կարող վերարտադրել…

ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱԺԻՆ ՀՈՂԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒԱվտոբուսները կրկին պատրաստվում են տեղափոխել զորակոչիկներին, այս անգամ արդեն` դեպի կենտրոնական հավաքակայան, որտեղ տղաները վերջնական բուժզննում կանցնեն, կստանան տարբերանշաններն ու վիճակահանությամբ իրենց ծառայության վայրերը որոշելուց հետո կուղևորվեն զորամասեր: Հարազատների ու բարեկամների մի մասն էլ այստեղ է բաժանվում զորակոչիկներից. գրկախառնումներ, արցունքախառն ժպիտներ ու բարի ծառայության մաղթանքներ: Ավտոբուսի պատուհաններից մեկի մոտ էլ փոքրիկ Անդրանիկն է հրաժեշտ տալիս հորեղբորը. նա թաթիկը հպել է պատուհանին, որից այն կողմ ավտոբուսում նստած Գոռի ձեռքն է:

«Սա՛ է ՄԵՐԸ»,- հիշում եմ Հայկի հոր խոսքերը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #1 (1272) 16.01.2019 - 22.01.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/01/2019