Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՕԳՆԵԼ ՍՊԱՆ ԵՎ ԶԻՆՂԵԿԸ



«Ուսումնական հաստատությունները եւ բանակի ստորաբաժանումները ի՞նչ խնդիրներ պետք է համատեղ լուծեն զորամասերում» հարցի պատասխանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ԱՀՏԱ գծով տեղակալ գնդապետ Մ. Հակոբյանը սեպտեմբերի 14-ին ներկայացրեց Նոր Նորքի եւ Ավան Առինջ վարչական շրջանների թվով 33 կրթական հաստատությունների տնօրեններին եւ զինղեկներին:

Անելիքը շատ է. նախազորակոչային տարիքի պատանիներին պատրաստել զինվորական ծառայության, կարեւորել նախնական զինվորական պատրաստության դասավանդման նշանակությունը, հարստացնել ու ամրապնդել ուսումնանյութական բազան, պարզաբանել դպրոցականներին զինված ուժերի խնդիրները, առանձնահատկություններն ու նշանակությունը, ծանոթացնել հայոց բանակի պատմական ավանդույթներին, զորամասերի մարտական ուղուն, առօրյային, կենցաղին, զենքին եւ ռազմական տեխնիկային, զինվորական երդմանն ու այլ արարողակարգերին, համազորային կանոնադրությունների դրույթներին, ձեւավորել երիտասարդ սերնդի` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, զինվորական պարտքն անմնացորդ նվիրումով կատարելու գիտակցությունը, ըստ նախասիրությունների` պաշտպանական բնույթի ռազմատեխնիկական կազմակերպություններում ուսանելու եւ ՌՈՒՀ ընդունվելու նպատակով աշակերտների մասնագիտական կողմնորոշման աշխատանք իրականացնել, հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ավանդույթների նկատմամբ հարգալից վերաբերմունք արմատավորել, դաստիարակել ֆիզիկապես եւ բարոյապես առողջ, բազմակողմանի զարգացած երիտասարդներ:

2007 թ ՀՀ նախագահի կողմից հաստատվել է ՀՀ անվտանգության ռազմավարությունը, որտեղ սահմանվում են մեր երկրի արտաքին ու ներքին մարտահրավերները: Ներքին սպառնալիքներից են գիտակրթական համակարգի արդյունավետության ցածր մակարդակը` գիտակրթական համակարգի կառավարման անարդյունավետությունը, միջազգային ներգրավվածության ոչ բավարար մակարդակը, նաեւ մասնագիտության ոչ լիարժեք մատչելիությունը:

«Մյուս սպառնալիքը բարոյահոգեբանական եւ հայրենասիրական դաստիարակության թերի վիճակն է: Դաստիարակությունը պետք է սկսվի ընտանիքում եւ շարունակվի կրթության բոլոր մակարդակներում: Պետականության հանդեպ պատշաճ հարգանքի, առողջ ապրելակերպի, ընտանիքի ավանդական դերի նկատմամբ վերաբերմունքի, դաստիարակության ոչ բավարար մակարդակը եւ ազգային ինքնության աղավաղումը սպառնալիքներ են ազգային անվտանգության համար»,-ներկայացրեց գնդապետ Հակոբյանը:

Ելնելով վերոնշյալից` Պաշտպանության եւ Կրթության ու գիտության նախարարությունները որոշել են համատեղ միջոցառումներ իրականացնել: Այդ նպատակով արձակվել է ՀՀ Պաշտպանության եւԿրթության ու գիտության նախարարների համատեղ հրաման` Զինված ուժերի զորամասերի եւ ուսումնական հաստատությունների կապերը ամրապնդելու, դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությունը եւ նախազորակոչային պատրաստությունը բարելավելու մասին:

«Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` մինչեւ հաջորդ ամսվա 15-ը, զորմասերում եւ ուսումնական հաստատություններում պետք է վերլուծել եւ ընդհանրացնել համատեղ աշխատանքների արդյունքները եւ դրանց հիման վրա ներկայացնել հաշվետվություններ ՊՆ եւ ԿԳՆ, իսկ յուրաքանչյուր տարվա վերջին եռամսյակում զորմասերի եւ ուսումնական հաստատությունների համատեղ աշխատանքների արդյունքները կամփոփվեն ՀՀ ՊՆ եւ ԿԳՆ ընդլայնված խորհրդակցություններում, ինչը վերջին երեք տարիներին արդեն ավանդույթ է դարձել: Խորհրդակցությանը մասնակցում են նաև մյուս նախարարությունների ղեկավարներ»,-նշեց գնդապետ Հակոբյանը:

Հրամանի համաձայն` ռազմական ինստիտուտին են կցվել ոչ միայն Նոր Նորքի, այլեւ Ավան Առինջ համայնքի ուսումնական հաստատությունները` թվով 33-ը: «Երրորդ տարին է` աշխատում ենք, իրականացնում ենք համատեղ միջոցառումներ, կազմակերպում էքսկուրսիաներ: Այս տարի էլ սպաները, որոնք կցված են ուսումնական հաստատություններին, սեպտեմբերի 1-ին եղել են դպրոցներում, ծանոթացել եւ մասնակցել միջոցառումներին»,- ասում է Մ.Հակոբյանը:

Ռազմական ինստիտուտը մշակել է համատեղ միջոցառումների պլան` յուրաքանչյուր կրթական հաստատության համար առանձին, որը բաժանեցին դպրոցների ներկայացուցիչներին եւ նշեցին, որ սահմանված ժամկետում կարող են ներկայացնել լրացումներ եւ առաջարկություններ:

Համազորային ֆակուլտետի պետ գնդապետ Գաբրիելյանը նշեց` այն առաջարկությունները, որոնք կունենան ֆինանսական հիմք, կքննարկվեն լրացուցիչ. «Մեզ, օրինակ, նախկինում կցված էր 16 դպրոց, այժմ քանակը ավելացել է, բայց հրաձգության համար նախատեսված զինամթերքի քանակությունը չի ավելացել: Այս տարի այդ խնդիրը զգացնել կտա, քանի որ լրացուցիչ միջոցներ չկան, իսկ ֆինանսական ծախսերը կատարված են»:

Այս փաստը մտահոգիչ էր զինղեկների համար, քանի որ նրանք առաջարկում էին աշակերտներին հաճախ տանել հրաձգարաններ, ավելացնել գործնական պարապմունքների ժամաքանակը` մեկօրյա պրակտիկան արդյունավետ չէ: Դպրոցի զինղեկ մայոր Ֆռանկյանը նշեց, որ նաեւ ՆԶՊ առարկայի ժամաքանակը` շաբաթական մեկ դասաժամ, բավարար չէ ցանկալի արդյունքի հասնելու համար: Սակայն, ինչպես նշեց գնդապետ Հակոբյանը, ոչ թե պաշտպանության նախարարությունը, այլ ԿԳՆ է պատասխանատու ժամաքանակի եւ ուսումնական ծրագրի համար: Նա առաջարկեց մտահոգությունները ներկայացնել համապատասխան վարչություն:

Կարգապահության ցածր մակարդակն էլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները պայմանավորեցին արական սեռի ուսուցիչների թվի կտրուկ նվազմամբ: Գնդապետ Հակոբյանն առաջարկեց իրենց օգնությունը. «Ավելի նպատակահարմար է, որ մեր սպան գա դպրոց եւ վարի ՆԶՊ-ի որևէ դասաժամ: Օրինակ` ուսումնական պլանով նախատեսված է AK-74 ինքնաձիգի հետ ծանոթություն, և մեր ինստիտուտի կրակային ամբիոնի դասախոսները կարող են շատ հետաքրքիր դաս վարել»:

Գնդապետ Մ. Հակոբյանը ընդգծեց, որ աշակերտները բանակի մասին պատկերացում են կազմում զինղեկների միջոցով, ուստի կարեւորեց նրանց աշխատանքը:

Խորհրդակցության ավարտին ուսումնակրթական հաստատությունների ներկայացուցիչները եղան ինստիտուտի ուսումնական մասում եւ թանգարանում:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն


15/09/2011