ԶՈՐԱԿՈՉ
Ընթացքի մեջ է 2018 թ. ձմեռային զորակոչը, որն առանձնանում է նորակոչիկների պատրաստակամության բարձր դրսևորումներով, ինչն էլ փոխանցվում է զորային անձնակազմներ: Զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության սպաները անհատական զրույցների միջոցով փորձում են պարզել զինակոչիկների հոգեվիճակն ու տրամադրվածությունը, ծառայության մեկնելու պատրաստակամությունը, ընտանեկան դրությունը…
Նրանց նախնական տեղեկություններ են տրվում զինծառայողների իրավունքների, իրենց հուզող հարցերով հրամանատարներին դիմելու կարգի վերաբերյալ: Ներկայացվում է նաև «Ես եմ» ծրագիրը, դրա առանձնահատկությունները, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել զորակոչիկների շրջանում:
Զորամասերում ժամկետային պարտադիր զինծառայողների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ԶՈւ-ում ներդրված է «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկը»: Գրքույկների լրացումն սկսվում է տարածքային զինկոմիսարիատներում: Ձևավորված հանձնաժողովների կազմում ԱՀՏԱ վարչության սպաները հանրապետական հավաքակայանում ստուգում են տարածքային զինվորական կոմիսարիատների կողմից «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկների» վարման կարգը, որում ներառված տեղեկություններն օգնում են զորամասի հրամանատարությանն ավելի արագ ճանաչելու զինվորին և ապահովում նորակոչիկների՝ ծառայության հարմարվելու գործընթացի արդյունավետ կազմակերպումը:
Խորագիր՝ Նորություններ