ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ
Ճոպանուղի բառը լսելիս թերեւս շատերի մտապատկերում բացվեն անհավանական տպավորիչ բնապատկերներ թռչնի թռիչքի բարձրությունից, ոմանք էլ գուցե անմիջապես պատկերացնեն զբոսանք երկնային մայրուղիով դեպի պատմական հարստություններ: Սակայն այս մի ճոպանուղին յուրահատուկ է: Այն բեռնատար է եւ կոչված է թեթեւացնելու ժայռապատ սարերում մարտական հերթապահություն իրականացնող տղաների հոգսը, բարելավելու քարակարկառ խորշերում կանգնած դիրքերի կենցաղային պայմանները: Հայկական բանակի առաջին ճոպանուղու կառուցումը ստանձնել է ՀԱԿՈԲ ՃԱՂԱՐՅԱՆԸ:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում եմ, որ ավելի շատ տաք օջախ է հիշեցնում: Իսկ թե ինչու ենք այստեղ հանդիպել, հետո պիտի իմանամ: Հակոբ Ճաղարյանն իր արածի մասին միանգամից չի պատմում, երեւի որովհետեւ սովոր է լուռ ու աննկատ գործել: Խուսափում է տեսախցիկներից, չի ուզում նկատվել, պատվոգիր կամ մեդալ էլ չի ակնկալում: Տարին մի քանի անգամ հարյուրավոր կիլոմետրեր է կտրում-անցնում` դիրքապահ զինվորին սատարելու, բանակի մարտունակությունն ամրապնդելու նպատակով: Պաշտոնյա չէ, ո՛չ էլ քաղաքական նկրտումներ ունի: Ասում է՝ պարզապես ընտանիքով սիրահարված են հայրենիքին: Օդաչու է, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանում առաջին սեփական ավիաընկերություններից մեկի հիմնադիրը: Աշխարհի տարբեր կետերից, տարբեր բարձրություններից է նայել երկրին, բայց ամենահիշվող թռիչքները պատերազմական տարիներին է կատարել՝ որպես օդանավի հրամանատար: Ինչպես «Էրեբունի» օդանավակայանում աշխատող ցանկացած օդաչուական անձնակազմ՝ նա էլ Յակ-40-ով մոտ հազար անգամ ուղղություն է բռնել դեպի Ստեփանակերտ, երբեմն էլ օրական երեք-չորս անգամ: Արցախի սար ու ձորին այդ ժամանակներից է ընկեր դարձել: «1988 թվականին սկսեցինք Երևանից Արցախ հատուկ բեռներ տեղափոխել՝ զենք-զինամթերք եւ պայքարի համար անհրաժեշտ այլ պարագաներ, ինչն օրենքով արգելված էր եւ խիստ էր պատժվում: Սակայն մենք բեռը պահելու եւ տեղափոխելու ձեւ էինք մշակել: Ինձ էր վստահված նաեւ համակարգողի պարտականությունները»,-վերհիշում է Հակոբ Ճաղարյանը: Կնոջ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի դստեր՝ Զարուհու հետ էլ այդ օրերին է ծանոթացել: Նա «Էրեբունի» օդանավակայան էր բերում անհրաժեշտ իրեր՝ Արցախ ուղարկելու: Երկու զավակ ունեն: Արան օդաչու է, մյուս որդին՝ Միքայելը, ավարտել է Դիլիջանի միջազգային դպրոցը, ընդունվել ԱՄՆ-ի համալսարաններից մեկը, բայց իր դիմումի համաձայն ծառայության է անցել Արցախում եւ երկու տարի պատվով կատարել զինվորի պարտականությունները: Հիմա ընտանիքը լծված է ճոպանուղու կառուցման աշխատանքին:
Ապրիլյան կռիվների օրերին մարդիկ ձգտում էին ինչ-որ կերպ օգտակար լինել երկրին ու սահմանը պահող տղաներին: Եվ չնայած Հակոբ Ճաղարյանը երկու ծանր վիրահատություններից հետո հենակների օգնությամբ էր տեղաշարժվում, անտարբեր մնալ չէր կարող: Որոշեց՝ անձամբ կայցելի առաջնագիծը պահող տղաներին: Երկու մեքենա բեռ հավաքեցին՝ վերմակներ, գուլպաներ, ծխախոտ, էլեկտրական լապտերներ, շարժիչներ, եւ ապրիլի 15-ին տիկին Զարուհու հետ հասան Թալիշ: Դիրքեր տանող ճանապարհների կավահողը անձրևի պատճառով վերածվել էր ցեխի, անգամ մեքենաները չէին կարողանում տեղաշարժվել: Անդադար տեղացող անձրեւները դժվարացնում էին տղաների ծառայությունը: Վերադարձան Երեւան եւ կարի ֆաբրիկաներից մեկում 330 անձրեւանոց պատվիրեցին: Տիկին Զարուհին ֆեյսբուքում գրառում կատարեց. մյուս օրը պատկերասրահում շարժվելու տեղ չկար: Մեկը տուփով ծխախոտ էր բերում, մյուսը՝ քաղցրավենիք, երրորդը՝ հիգիենայի պարագաներ: Ցուցասրահը շտաբի էր վերածվել, իսկ տիկին Զարուհին մշտարթուն հերթապահն էր, որ հավաքագրում էր օգնությունը: Այսպես այցերն առաջնագիծ հաճախակիացան, իսկ փոխադրվող բեռների պարունակությունը դարձավ բազմազան՝ ռետինե երկարաճիտք կոշիկներ, վրաններ, ջրակայուն տանիքածածկեր, քողարկիչ ցանցեր, ձեռնոցներ, գլխարկներ եւ շատ ու շատ անհրաժեշտ այլ իրեր: Մարդիկ համախմբվեցին, կապը բանակի հետ ամրապնդվեց, նախաձեռնությունը թափ առավ: «Կարելի է ասել՝ շարժում սկսվեց: Մեր՝ սովորական մարդկանց ուսերին շատ մեծ առաքելություն էր դրված՝ զինվորին մենակ չթողնել: 2016թ. ապրիլից մինչ օրս մեր ընտանիքի ուժերով, անհատների, հովանավորների աջակցությամբ կինս եւ ես 59 այց ենք կազմակերպել սահմանները պահող զորամասեր: Մատաղիս, Թալիշ, «Եղնիկներ», Օմար՝ ամեն անգամ մի նոր ուղղություն ենք ընտրում»,-ասում է Հակոբ Ճաղարյանը: Բարձր լեռնային գոտիներում ծառայության դժվարություններին ծանոթանալուց հետո որոշեցին զորամասերին հատկացնել լեռնագնացության գործիքներ, լեռնամագլցման ճոպաններ, կոշիկների երկաթե ամրաններ՝ «կատվիկներ», լեռնամագլցման կախիչ համակարգեր: Բայց որ ամենակարեւորն է` նախաձեռնեցին դիրքեր տանող դժվարամատչելի արահետների կահավորումը անվտանգության ճոպաններով: «Լեռնային տուրիզմի եւ ալպինիզմի հայկական ֆեդերացիան մեզ շատ օգնեց: Լեռնագնացային երկու խմբեր կամավոր եւ մեծ ոգեւորությամբ օրերով աշխատեցին սարերում: Քարերին պողպատյա ամրաններ ամրացրին, ապա ժայռի երկայնքով կիլոմետրերով ճոպաններ ձգեցին: Եվ բավականին վտանգավոր զառիվեր ճանապարհները, որոնք հատկապես ձմռան ամիսներին հաղթահարելը քաջություն էր պահանջում, զինվորների համար դարձան անվտանգ»,-պատմում է Հակոբ Ճաղարյանը: Այո, հիմա զինվորները կարող էին բռնվել շղթայից եւ առանց սայթաքելու վտանգի մարտական հենակետ հասնել, սակայն երբ տեսավ, թե ուժերի ինչպիսի գերլարում է պահանջվում օրվա սնունդը, ջուրը, զինամթերքը կամ ինչ-ինչ աշխատանքների համար նախատեսված շինանյութը բլինդաժ հասցնելը, ծնվեց բեռնատար ճոպանուղի կառուցելու գաղափարը:
Հակոբ Ճաղարյանը փոխադրիչ նախագծեց, Չարենցավանի գործարանում այն պատրաստեցին: «Գետնի վրա հոյակապ աշխատեց, հենց դրեցինք սարին, չմիացավ: Գործարանային արտադրանք բերեցինք դրսից, որը, սակայն, դանդաղ էր աշխատում: Կողքը էլեկտրական շարժիչ դրեցինք, համակցեցինք»: Եվ 2017 թ. առաջնագծում գործարկվեց առաջին բեռնատար ճոպանուղին, որը 300 կգ բեռը րոպեների ընթացքում մի կետից մյուսը տեղափոխեց՝ խնայելով զինվորի ուժն ու ժամանակը: Բեռնատար ճոպանուղին նաեւ մի քանի անգամ կրճատեց զինվորականների շարժը դիտարկվող տարածքներում: Ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով գործարկումը դադարեցված է: Հակոբ Ճաղարյանը որոշել է՝ բանակի ճոպանուղին պետք է անթերի լինի: «Արդեն պատվիրել եւ տեղ ենք հասցրել էլեկտրական 3 քարշակներից 2-ը, շուտով կստանանք երրորդը: Կառուցել ենք նոր՝ մոտ 600 մ երկարությամբ հոսքագիծ: Հիմա, երբ գետինը սառած է, փորելը՝ գրեթե անհնար, նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում նաև երկրորդ սարի վրա հաջորդ գիծը կառուցելու եւ նախորդը նորովի վերագործարկելու համար»,-պատմում է նախաձեռնության հեղինակը:
Ճոպանուղիների կառուցման գործին են միացել Հայաստանի միակ մասնագիտացված խմբի՝ Ենոքավանի «Ապագա ռեզորտ» եւ «Յելլ էքստրիմ պարկի» անձնակազմը՝ Արտակ եւ Տիգրան Չիբուխչյանների գլխավորությամբ: Լեռնագնաց-մոնտաժողներ Արսենը, Հարությունը, Վահեն, Արկադին անցյալ տարվա ընթացքում 10-ից ավելի անգամներ Իջևանի Ենոքավան գյուղից ընկերության կամ իրենց սեփական մեքենաներով 300 կմ են անցել, բարձրացել սարի գագաթը, մոտ 1,5 ամիս գործիքներով աշխատել դիտարկվող և գնդակոծվող տարածքներում: Ճոպանուղու կառուցման ֆինանսական աջակիցները բարեգործական հիմնադրամներից մեկն է եւ ԱՄՆ «Հայրենիքիս» խումբը: Հակոբ Ճաղարյանը վստահ է՝ բանակի ճոպանուղին այլեւս երազանք չէ, եւ առաջիկայում այն նորովի կգործարկվի սահմանի երկու հատվածներում:
Իհարկե, ցանկացած արժեքավոր գործ զերծ չէ տարբեր դժվարություններից: Եվ այս նախաձեռնությունն էլ բացառություն չէ: «Իմ ընտանիքի հնարավորությունները եւ կառուցողների փորձը երբեմն չեն բավարարում: Մեզ արհեստավարժ ինժեներական լուծումներ են պետք: Մենք աշխատանքի ամեն փուլում բազում սխալներ ենք թույլ տալիս, հետո ստիպված ուղղում դրանք, ինչը ժամանակատար է ու ծախսատար: Մեծ ուրախությամբ կընդունեինք խելամիտ ինժեներական առաջարկներ, որոնց կազմակերպումը պետության կողմից կլիներ շատ տեղին եւ տրամաբանական»,-ասում է Հակոբ Ճաղարյանը: Հաջորդ խնդիրն էլ ներմուծած քարշակների հարկային բեռն է. «Մենք քարշակներն ընդունել ենք տեղափոխող ընկերության պահեստից եւ զորամասերի մեքենաներով միանգամից տեղափոխել: Ոչ մի կոմերցիոն գործունեություն: Զորամասերի հրամանատարների ստացականները ձեռքիս տակ են: Արժանապատվությունս, իհարկե, թույլ չի տալիս պետությունից խնդրել ազատելու հարկից: Բայց ինչքանո՞վ է ճիշտ դրսից ներմուծած մոտ 1200 եվրոյանոց քարշակների համար 20% էլ հարկ մուծել: Հրաժարվել ենք»: Բայց ոչ մի դժվարություն Հակոբ Ճաղարյանին եւ նրա ընտանիքին թեւաթափ չի անում. «Որովհետեւ այս նախագիծը սարերի գլխին ծառայող լուսավոր տղաների, նվիրյալ հրամանատարների եւ հայրենիքի անվտանգության համար է կյանքի կոչվում»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ Հակոբ Ճաղարյանի արխիվից
Խորագիր՝ #2 (1273) 23.01.2019 - 29.01.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական