ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում ամփոփվել են 2018թ. զինված ուժերի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի և շտաբների մարտական պատրաստության արդյունքները, զինվորական կարգապահության վիճակը: Առաջադրվել են 2019թ. ուսումնական տարվա հիմնական խնդիրները: Բանակային տարին ամփոփել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ներկայացնելով պաշտպանության համակարգում գրանցած ձեռքբերումները: Նա իր ելույթում արձանագրել է, որ նախորդ տարիների համեմատ բավական հանգիստ առաջնագիծ ենք ունեցել՝ պայմանավորված մեր քաղաքական ղեկավարության ջանքերով և ամրագրված մեր զինված ուժերի հստակ մարտավարությամբ ու գործողություններով: Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ հարաբերական կայունությունը չպետք է բթացնի մեր զգոնությունը: Նա հիշեցրել է, որ թևակոխում ենք մեզ համար շրջադարձային մի ժամանակաշրջան՝ քաղաքական նոր իրողություններով, տարածաշրջանային անվտանգության միջավայրի լարվածությամբ ու ժամանակակից մարտահրավերներով: Եվ շատ կարևոր է, որ սահմանների անվտանգության գլխավոր երաշխավոր բանակը ամրապնդվի և հզորանա ամենօրյա աշխատանքով:
Զինված ուժերում իրականացված ստուգումների, զորավարժությունների և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Նա նշել է, որ ՀՀ ԶՈՒ գերակա խնդիրներ են եղել ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը, զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը, նոր սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրումը, հակառակորդի գործողություններին արագ արձագանքելը: Գեներալ-լեյտենանտը ներկայացրել է անցած տարվա ընթացքում բանակում գրանցված միջադեպերի վիճակագրությունը, դրանց վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ապա հավելել է, որ զինված ուժերում հաջողության հասնելու հիմնական գրավականներից է ուժերի և միջոցների նպատակային և ճիշտ բաշխումը, տեսական գիտելիքների, մարտավարության գրագետ կիրառումը, զորքերի նպատակային ուսուցումը:
Նիստի երկրորդ հատվածում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը գերատեսչական մեդալներով, խորհրդանշական նվերներով և անվանական դաշույններով պարգևատրել են 2018թ. ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների հրամանատարներին և զինծառայողներին:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ Նորություններ