Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՐԲՈՔ ՊԱՀԵԼՈՎ ՀԱՅՈՑ ԶԻՆԱՎԱՌ ՈԳԻՆ



ԲՈՐԲՈՔ ՊԱՀԵԼՈՎ ՀԱՅՈՑ ԶԻՆԱՎԱՌ ՈԳԻՆՀունվարի 25-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ Հայոց բանակին նվիրված 2018 թ. մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը, որը Հայաստանի գրողների միության և ՀՀ պաշտպանության նախարարության Հայոց բանակի միջև սերտ համագործակցության վկայություններից է, նպաստում է մեր ժողովրդի ազատագրական պայքարին, պաշտպանությանն ու անվտանգությանը նվիրված բարձրարժեք գրական գործերի ստեղծմանը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում նշեց, որ ժամանակակից գրողները մասնակցել են և՛ բանակաշինությանը, և՛ պետականաշինությանը և այսօր էլ իրենց գործերով բորբոք են պահում հայոց զինավառ ոգին»: Անդրադառնալով արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությանը՝ Էդ. Միլիտոնյանն ուրախությամբ փաստեց, որ այն աստիճանաբար ընդգրկուն է դառնում՝ մասնակից դարձնելով գրողների և նաև բանակում ծառայողների, քանի որ մրցանակակիրների մեջ նաև զինծառայողներ կան: ՀԳՄ նախագահը հպարտությամբ նշեց, որ Գրողների միությունից է սկիզբ առել Երկրապահ կամավորականների «Երկրապահ» կազմակերպությունը, որը հիմնադրել է Վազգեն Սարգսյանը:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի հավաստմամբ՝ հանձնաժողովի մեջ ընդգրկված մարդիկ իրոք իրենց գործը գիտեն, պատկերացնում են գրականությունը և իրենց գնահատականների մեջ չեն սխալվել, ուրախությամբ փաստելով, որ այս տարի ընդլայնվել է մասնակիցների շրջանակը, ընդգրկվել են նաև գրողներ Սփյուռքից: Շ. Մկրտչյանը շեշտեց, որ անցյալ տարվա համեմատ այս տարի ավելի հետաքրքիր աշխատանքներ են ներկայացվել, և բոլոր գործերն էլ արժանացել են հանձնաժողովի ուշադրությանը:

ԲՈՐԲՈՔ ՊԱՀԵԼՈՎ ՀԱՅՈՑ ԶԻՆԱՎԱՌ ՈԳԻՆ«Բանակին նվիրված գործերի ժանրը հնուց է գալիս՝ Ավարայրի ճակատամարտի պատմիչներից և շարունակվում է մեր ամբողջ գրականության մեջ: Դերենիկ Դեմիրճյանը 1942-43 թթ. գրեց «Վարդանանք» վեպը, որը կարդում էին զինվորները և նետվում մարտի: Սա սրբազան թեմա է մեր գրականության մեջ և պիտի շարունակություն ունենա»,- ասաց մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, արձակագիր, դրամատուրգ Նորայր Ադալյանը և առաջարկեց մրցանակաբաշխությանը ներկայացված նյութերին ընդարձակ հոդվածով անդրադառնալ «Գրական թերթում» կամ որևէ այլ գրական մամուլում, որովհետև այդ գործերը, նրա կարծիքով, մրցանակաբաշխությունից հետո մնում են, այսպես ասած, լուսանցքում: Մինչդեռ կան մրցանակի արժանացած, գրական-գեղարվեստական առումով լավ գործեր, որոնք արժանի են վերլուծության և վերաբերմունքի:

Այնուհետև ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հանձնեց մրցանակները:

Գեղարվեստական արձակ անվանակարգում առաջին մրցանակը հանձնվեց Գրիգոր Ջանիկյանին («Սպարտակ՝ վիպասք 80-ամյա արծիվ-մահապարտի մասին» գրքի համար):

Պոեզիայի անվանակարգում բանաստեղծական շարքերի համար առաջին մրցանակի արժանացան Նոնա Պողոսյանը և Կորյուն Առաքելյանը:

Այս տարի առաջին անգամ ՀԳՄ-ի և ԵԿՄ-ի հետ համատեղ սահմանված Վազգեն Սարգսյանի անվան մրցանակը շնորհվեց Էդուարդ Խաչիկյանին:

ԲՈՐԲՈՔ ՊԱՀԵԼՈՎ ՀԱՅՈՑ ԶԻՆԱՎԱՌ ՈԳԻՆԵԿՄ վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արա Կետիկյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, ընդգծեց, որ բոլոր ժամանակներում հայ գրողները ունեցել են մեկ հիմնական առաքելություն՝ սերունդներ կրթել: «Մեր սերունդը ժամանակին հայրենասիրության դասեր ստանալով մեր հայ դասականներից մինչև Մուշեղ Գալշոյան, Խաչիկ Դաշտենց, Հրանտ Մաթևոսյան և մյուսներ՝ կարողացավ ոչ միայն անկախություն կերտել մեր ժողովրդի համար, այլև պահպանել, պաշտպանել ու զարգացնել՝ հաղթանակ տանելով պատերազմում: Ես վստահ եմ, որ դուք ևս ունեք այդ առաքելությունը՝ այսօրվա, վաղվա սերնդին կրթելու հայրենասիրության դասերով, որպեսզի անհրաժեշտության դեպքում պահպանեն մեր փոքր, բայց հզոր հայրենիքը»,- ասաց նա և ԵԿՄ «Եռասերունդ երկրապահ» մեդալով պարգևատրեց Էդվարդ Միլիտոնյանին, Էդուարդ Խաչիկյանին, Վահագն Մուղնեցյանին, Սամվել Բեգլարյանին, Արա Նազարեթյանին և Հովիկ Վարդումյանին:

ՇԱՔԵ ԵՐԻՑՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ


29/01/2019