Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ



ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՀայերիս համար հունվար ամիսը բեղուն և տոնական մի ժամանակահատված է: Տարեմուտի տոնական տրամադրությամբ, Սուրբ Ծննդյան ավետիսով լուսավորված, մենք համախմբվում ենք տոնախմբելու անկախ Հայաստանի սիրելի զավակի՝ Հայոց բանակի տարեդարձը:

Եռաստիճան այս բաժանումը կարծես մարգարեական դարձավ մեր փառապանծ բանակի պատմության համար: Մեր բանակը ևս անցել է եռաստիճան ուղի: Հայոց բանակը եզակիներից է աշխարհում, որ ծնվել է պատերազմում: Համաշխարհային պատմության մեջ եզակի են դեպքերը, երբ որևէ երկիր պատերազմ է սկսում առանց բանակի: Մենք՝ հայերս, արցախյան պատերազմն սկսեցինք առանց կանոնավոր բանակ ունենալու, սակայն, ինչպես մայրն է երկունքի ցավերի մեջ ծնում իր սիրելի զավակին, ճիշտ նույն կերպ Մայր Հայաստանը պատերազմի բովում ծնունդ տվեց մեր բանակին, և դրանով հիմնվեց բանակաշինության առաջին աստիճանը: Մեր հայրերի, ավագ և կրտսեր եղբայրների արյունով սրբված և մկրտված բանակը քաջ մանուկի պես դեռ քայլել չսովորած՝ միանգամից վազեց հաղթանակին ընդառաջ և հաստատակամ հիմնեց հաղթական ուղու երկրորդ աստիճանը:

Այժմ մենք երջանկություն և պատիվ ունենք ականատեսը լինելու մեր բանակի երրորդ աստիճանի կայացմանը: Հայրերից և ավագ եղբայրներից ավանդ ստացած անկախ հողը և կանոնավոր բանակը այժմ խնամում է արժանավոր սերունդը, որը արիությամբ և հայրենասիրությամբ մազաչափ չի զիջում ավագներին:

Պատերազմում մենք տեսանք, որ հայն իրականում ունի մեկ կոչում՝ լինել ազգի պաշտպան: Բժիշկ և հոգևորական, մանկավարժ և ուսանող, կոշկակար և փականագործ բոլորը միասիրտ կանգնեցին Հայաստանի ամենաառնական և քաջ երիտասարդի՝ բանակի կողքին՝ մոռանալով ամեն տեսակի հակասություն և զանազանություն:

Այս լուսավոր և պատմական օրը ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը աղոթք է վերառաքում առ Բարձրյալն Աստված, հայրենիքի պաշտպանության սուրբ և նվիրական հանձնառությամբ զոհված մեր հայորդիների համար:

Մաղթում ենք Հայոց բանակում ծառայող և ծառայած ամեն անձի լինել առողջ և անսասան, ինչպիսին մեր բանակն է

Թող Հայոց բանակի հովանավոր Աշոտ Երկաթի Սուրբ Խաչի պաշտպանությամբ մեր բանակն ունենա նորանոր նվաճումներ և խաղաղ ընթացք:

 

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ


30/01/2019