ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՊԱՐԱՊԵՏ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Հունվարի 28-ին 5-րդ զորամիավորման Վ. Սարգսյանի անվան զորամասում մեծ շուքով նշվեց ՀՀ բանակի կազմավորման 27-ամյակը: Մինչև միջոցառման սկիզբը մասնակիցները ծաղիկներ դրեցին Սպարապետ Վ. Սարգսյանի կիսանդրու առջև:
«27 տարի առաջ, երբ նոր էր կազմավորվում Հայոց բանակը, հայ ժողովուրդը հավատացած էր, որ այն կդառնա մարտունակ, հզոր և հարգանք ու պատկառանք կներշնչի յուրաքանչյուրիս»,- հրամկազմին ու ծնողներին շնորհավորելով՝ ասաց զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գրիգորյանը:
Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Գ. Սարգսյանը, Արմաշի, Երասխի, Արարատի համայնքապետները, զորամասին կցագրված ուսումնական հաստատությունների անձնակազմները և մի շարք հասարակական կազմակերպություններ:
Զինվորներին շնորհավորեց Արարատի մարզպետ Գ. Սարգսյանը, նշելով, որ Հայոց բանակը մեր անկախ հանրապետության կարևորագույն նվաճումներից է: Այն բազմիցս ապացուցել է թշնամուն, որ «կրակի հետ խաղ անել չի կարելի», ու երբ փորձել են՝ «այրվել են ու մոխրացել»:
Գնդապետ Ա. Գրիգորյանը լավագույն ծառայության համար մի շարք զինծառայողների հանձնեց պատվոգրեր, շնորհակալագրեր, իսկ մի խումբ ժամկետային զինծառայողներ ստացան կարճաժամկետ արձակուրդ:
Հանդիսավոր օրվա երկրորդ կեսին Արտաշատի Ամո Խարազյանի անվան մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբի կատարմամբ զորամասի ակումբում կազմակերպվեց տոնական համերգ, որին հաջորդեց տոնական ճաշկերույթը զինվորական վրանում:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Նորություններ