Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՂԹԵՑԻՆՔ, ՏՂԵ՛ՐՔ…»



«ՀԱՂԹԵՑԻՆՔ, ՏՂԵ՛ՐՔ...»Քառօրյա պատերազմից գրեթե երեք տարի է անցել: Օրերը գումարվում են օրերին, դառնում ամիսներ, տարիներ ու ավելի հեռացնում այդ ժամանակը, բայց մարտական գործողությունների մասնակիցների համար ժամանակի մեջ մոռացում չկա, մանրամասնորեն հիշում են ամեն  դեպք ու դրվագ: Ավելին՝ նրանց համար ժամանակը նոր ձեւաչափ ունի՝ ապրիլյանից առաջ եւ ապրիլյանից հետո…

Ժորա Աֆրիկյանը Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի քաղաքագիտության բաժինն ավարտելուց հետո՝ 2014թ. ամռանը զորակոչվել է բանակ: Ծառայել է հրետանային դիվիզիոնում:

-Ապրիլի 1-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում ուժգին հրետակոծություն սկսվեց, սկզբում Թալիշի ուղղությամբ էր, հետո արդեն թշնամին Մատաղիսն էր թիրախավորել:  Առաջին արկն ընկավ Մատաղիսի հէկ-ի վրա: Ու սկսվեց աննկարագրելին…

2016թ. ապրիլին հակառակորդը արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով լայնածավալ հարձակման էր անցել՝ կիրառելով զինանոցում եղած ամբողջ տեխնիկան:

Մատաղիսցի երեխաները թաքստոցում պատսպարված լաց էին լինում: Ես երբեք չեմ մոռանա նրանց սարսափահար, վախեցած հայացքները: Աշխատում էինք փոքրիկներին հանգստացնել, խաղաղեցնել, մինչեւ որ մեքենաներով նրանց տեղափոխեցին ապահով վայր,-ապրիլյան մղձավանջն է հիշում Ժորան: -Անկեղծ ասած՝ առաջին պահին վախի, տագնապի, անորոշության զգացողությունը մեզ էլ էր պատել, բայց այդ ամենն ընդամենը մի քանի վայրկյան տեւեց: Միմյանց խուճապի չմատնվելու, զգոն լինելու կոչեր էինք  անում, ոգեւորում ու քաջալերում: Չգիտեմ էլ մեր մեջ ինչն էր խոսում այդ պահին՝ հայրենիքի նկատմամբ սերն ու պատասխանատվությունը, կամ գուցե՝ տղամարդկային պատվախնդրությունն ու արժանապատվությունը, կոչեք, ոնց ուզում եք, բայց մի բան հաստատ էր՝ վճռական էինք տրամադրված, ոչ մի քայլ հետ չէինք նահանջելու:  Ուզում էինք  էսքան տարի ձգձգվող հայտարարված-չհայտարարված պատերազմը վերջանար, ուզում էինք վերջակետ դնել պատերազմին…

Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի՝ ասում է Նժդեհը:  Մարտական հաշվարկներով զբաղեցրինք մեր կրակային դիրքերը: Ապրածս կյանքի թերեւս ամենապատասխանատու ժամանակահատվածն էր. դասակի հրամանատարի տեղակալն էի, մերը կառավարման դասակն էր, ու ջանում էի ամեն ինչ անել, որ չսխալվենք. յուրաքանչյուր սխալ հաշվարկ կարող էր ճակատագրական լինել:

Հրետանավորները  անմիջականորեն չեն տեսնում իրենց կատարածի արդյունքը, բայց, երբ լսում էի՝ նշանակետը խոցված է, սիրտս փառավորվում էր… Առաջին հաշվարկը հենց թշնամու կրակային դիրքերի մեջ էր ընկել: Ոնց էինք ուրախացել:

Մեզնից ամեն մեկը գիտակցում էր իր դերը, իր պատասխանատվությունը, հասկանում էր  կողքին կռվող զինվորի նշանակությունը, միասնականության ուժը: Ոնց էինք ոգեւորվում, երբ իմանում-տեղեկանում  էինք մեր կողքին կռվող տղերքի կատարած խիզախությունների, սխրանքների մասին:

-Շուլին  հակառակորդի 3 տանկ է խոցել… Մյուս պոստում էլ Ռաֆայելն է 3 տանկ խոցել… Հարութի նետած նռնակներից վիրավորվել է «Յաշմա» հատուկ ջոկատի հրամանատարը… «Եղնիկներում» էլ Նարեկ անունով մի տղա հակատանկային նռնականետով թշնամու ուղղաթիռն է խոցել…

Առօրյա կյանքում սովորական տղերքը հայրենիքի համար օրհասական պահին առյուծ էին  կտրել…

-Մեր կողքին կանգնել էին  նաեւ ազատամարտիկները՝ Արցախյան կռիվը պատվով անցած նախկին զինվորները,-շարունակում է Ժորան:-Նրանց ներկայությունը բազմապատկում էր մեր ուժը, ոգեւորում: «Դուք մեզ գերազանցեցիք»,- ասում էին նրանք:

Այդ խառնակ օրերին կարողացա  ծնողներիս հետ կապ հաստատել: Երբ զգում էի՝ արկ է գալիս մեր ուղղությամբ, արագ անջատում էի հեռախոսը, որ արկի սուլոցը չլսեին: Մերոնց ասում էի՝ մի՛ անհանգստացեք, այդ դեպքերը մեզնից հեռու են կատարվում,  մեզ մոտ խաղաղ է…

Վերջապես խաղաղություն հաստատվեց, ավելի շուտ՝ հրադադար… Թանկ, հարազատ մարդկանց կյանքի գնով:  Ովքեր էլ ողջ մնացին, ապրեցին, նրանց համարում եմ վերածնվածներ: Ամեն բացվող օրով, ամեն բացվող լույսով ուրախանում եմ: Ինչ թանկ ու դժվար հողի վրա ենք ապրում…..

Ժորան բանակից տուն է վերադարձել «Նելսոն Ստեփանյան» մեդալը կրծքին:

-Ծառայությունից հետո բանակի, զինվորի ու զինվորականի հանդեպ  ուրիշ մի ակնածանք ունեմ… Աչքի լույսի պես պետք է գնահատենք, արժեւորենք նրանց: Երբ փողոցում զինվորականի եմ հանդիպում, ձեռքսեղմումով ջերմորեն ողջունում եմ: Հաճելիորեն զարմանում են, ոգեւորվում…

Ծառայությունից հետո  մարտական ընկերներով «Ապրիլյան մարտական գործողությունների  մասնակիցների միություն» ենք հիմնել: Հազար ծրագիր ունենք, հազար մտահղացում:  Հաճախ ենք հանդիպում բանակ զորակոչվող տղերքի հետ: Կռվից, պատերազմից հիմնականում չենք էլ խոսում, խոսում ենք ծառայության կարեւորությունից, որ առանց հզոր բանակի անհնար է խաղաղ երկիր ու երկինք ունենալ: Ու հատկապես շեշտում ենք,  որ ոչ թե պարտականություն, այլ պատիվ է Հայրենիքին ծառայելը:

Վերջերս գնացել էինք մեր ծառայավայր: Զորամասի հագեցածությունը  զարմացրեց ու հիացրեց. վերջին մի քանի տարիներին առաջնագիծը համալրվել էր գերժամանակակից միջոցներով: Այս ամենին զուգահեռ, պետք է ասել, որքան էլ մենք հզորանանք, մենք պատերազմ չենք ուզում, կռիվ չենք ուզում, ուզում ենք, որ մեր երկիրը ծաղկի…

♦♦♦

Ժորա Աֆրիկյանն այժմ աշխատում է Կառավարության աշխատակազմում, հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնում: Այս ընթացքում ավարտել է նաեւ ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի միջազգային հարաբերությունների բաժինը:

Բազում երազանքներ ունի Ժորան. ուզում է նաեւ որդի ունենալ եւ անվանակոչել Նոյ:

Նոյ  եբրայերենից թարգմանաբար նշանակում է  հանգիստ, խաղաղություն…

Հունվարի 28-ը Ժորայի համար կրկնակի տոն է՝ այդ օրը նրա ծննդյան օրն է:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

 

ԿՌՎՈՒՄ ԵՆ ՔԱՋԵՐԸ

 

Ինչպես արծիվ,

երկնքում անթիվ, 

Բացել են թեւերը

Կռվում են քաջերը:

Կռվում են խիզախ ու անպարտ

Հայ մարտիկները՝ արի ու հպարտ:

Նախնիների ոգին է նրանց առաջնորդում,

Անդրանիկն ու Նժդեհն են նրանց սրտում:

Եվ ահա թնդաց հաուբիցը հզոր,

Հրետանին է ահեղ որոտում,

Վախկոտ թշնամուն գետնին տապալում:

Լսվում է ձայնը  քաջ մարտիկների.

-Հաղթեցինք, տղե՛րք, ողջ ազգն է ցնծում…

 

Ժորա Աֆրիկյան

2016թ.

Խորագիր՝ #3 (1274) 30.01.2019 - 5.02.2019, Ազգային բանակ


31/01/2019