ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ԲԱՆԱԿԸ
Մեր բանակը կայացավ առաջին հերթին շնորհիվ հայ ժողովրդի մեծագույն զոհողությունների, մեր մայրերի անափ համբերության, նրանց զավակների՝ մեր ընկերների, եղբայրների կյանքի, արյան, քաջությունների գնով։
Եվ, վերջապես, զինված ուժերի բոլոր հրամանատարների, զինվորների վճռական կամքի, անդուլ աշխատանքի եւ մեծ հայրենասիրության։
Փա՜ռք եւ պատիվ նրանց։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Յուրաքանչյուր տարեդարձ, անկախ այն բանից, հերթական է, թե հոբելյանական, տոն է, ուրախություն, ապա նաեւ ձեռքբերումները հանրագումարի բերելու եւ հատկապես՝ ապագայի ծրագրեր առաջադրելու, իրագործման ուղիները որոշակիացնելու առիթ, հնարավորություն։ Հայկական բանակի տարեդարձը բացառիկ տոն է, ուրախություն ոչ միայն շարքային զինվորի ու բարձրաստիճան սպայի, այլեւ ամբողջ հայ ժողովրդի համար։ Մենք իրավացիորեն հպարտանում ենք անցյալով, արժանին մատուցում հանուն Հայրենիքի մարտնչած, իրենց կյանքը զոհաբերած հերոսներին, կամավորական խմբերին, զորամիավորումներին եւ արժանապատվությամբ, ներքին գոհունակությամբ անդրադառնում այն իրողությանը, որ հայկական բանակը քսանյոթ տարեկան է՝ ազգային պատմության համար զգալի, մինչեւ իսկ ծանրակշիռ ժամանակաշրջան։ 20-րդ դարավերջին՝ պետականության վերականգնման համար մղված մարտերի, ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում, դժվարին իրավիճակում, հայ ժողովուրդը ուժերի ծայրահեղ լարումով կարողացավ բանակ ստեղծել ու հաղթանակից հետո, գիտակցելով կարեւորությունը` հետզհետե հզորացնել, մարտունակությունն ամրապնդել։ Ինչ խոսք, նախեւառաջ Հայաստանի Հանրապետությունն է այդ առաջընթացի գրավականը, պետականությունն ու զինված ուժերը միմյանց անքակտելիորեն շաղկապված են, պայմանավորված են իրարով։
Մեր ազգային զինված ուժերը ոչ միայն ընդամենը, այլեւ 27 տարեկան են, տարիներ, որոնցից յուրաքանչյուրը վճռորոշ եղավ երկրի պաշտպանունակության ամրապնդման, միջազգային հեղինակության բարձրացման, ներկայի ու ապագայի համար։ Ուրեմն, ժամանակն է, որ ոչ միայն հպարտանանք ազգային զինված ուժերի հաղթանակներով, այլեւ իմաստավորենք գոյությունը, անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից յուրաքանչյուր հայի դերը հետագա հզորացման առաջնահերթ, կարեւորագույն խնդրում։ Մեզնից ոչ ոքի ոչ մի րոպե չպիտի լքի այն հավատամքը, որ Հայկական բանակն ի՛մ բանակն է, քո՛ բանակն է, բոլո՛ր հայերի բանակը։
Հայաստանի Հանրապետության կանոնավոր զորամասերը իրենց գոյությունն սկսեցին տարերայնորեն, բայց հաղթանակներով։ Տարերայնորեն, որովհետեւ չունեին համապատասխան զենք ու զինամթերք, անգամ համազգեստ, բայց կազմավորվեցին անկանխատեսելի արագությամբ ու գործնականությամբ։ Միաժամանակ, մարտադաշտում թշնամու դեմ հաղթանակներ տարան։ Հրադադարը վերահաստատվեց, բայց Հայկական բանակի հաղթարշավը շարունակվեց։ Շարունակվում է մինչեւ այժմ, շարունակվելու է երկար։
Զինված ուժերը միայն ռազմաճակատում չեն հաղթում։ Հայկական բանակի հերթական, անվերապահ հաղթանակն է յուրաքանչյուր զորավարժության հաջող անցկացումը, արդիական զինատեսակների ձեռքբերումը, նոր զորավանի շահագործումը, ամեն զինծառայողի հերթական քննության հաջող հանձնումը։ Հատկապես՝ շարքայինի։ Բանակը, ինչ խոսք, զենք է ու զինամթերք, պաշտպանական կառույցներ են, բայց նախ եւ առաջ մեր այն հրաշալի պատանիներն են ու երիտասարդները, որոնք միջնակարգը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուն պես իրենց առաջնահերթ պարտականությունը հայրենիքին ծառայելն են համարում։ Որքան այդ ծառայությունը գիտակցված լինի, այնքան մեր բանակը ինքնավստահ կդառնա, կդիմագրավի հակառակորդի ցանկացած սադրանքի։ Նաեւ դրա համար զինակոչիկներին ժամկետային ծառայության պիտի նախապատրաստեն ծնողները, դպրոցը, ամբողջ հասարակությունը։ Պատերազմի դաշտում ներքին մղումով հնարավոր է կռվել, բայց խաղաղ պայմաններում ազգային բանակում համոզմունքներով, գիտակցականությամբ միայն կարելի է անբասիր ծառայել։ Ուստի ամեն զինվոր հենակետ, դիրք բարձրանալիս անընդհատ պիտի հիշի, որ ինքը պարտավոր է նվիրումով պաշտպանել ոչ միայն իրեն վստահված սահմանը, շրջակա լեռներն ու հովիտները, այլեւ հրամանատարներին, զինընկերներին, ինքնաձիգը, ամեն փամփուշտն ու հացի վերջին պատառը։ Հայաստանի Հանրապետությունը, ունենալով խիստ սահմանափակ միջոցներ ու բազում տնտեսական, նյութական դժվարություններ, բանակի համար ոչինչ չի խնայում, որովհետեւ ժողովրդի ազատությունը, անկախությունը ամենաթանկն է համարում։ Մի անգա՞մ էլ կրկնենք, որ ազատությունը, անկախությունը վերացական հասկացություններ չեն՝ մեր օջախներն են ու հարազատները, հազարամյա կոթողներն ու արդիական կառույցները։ Այլ խոսքով՝ սրբությունները։ Ու դրանց պաշտպանությունը վստահված է բանակին։ Հայ ժողովուրդը կկառչի բնօրրանին, կկարողանա անխռով հող հերկել, գործարաններում, հանքախորշերում տքնել, երկիրը շենացնել, եթե հավատա իր զինված ուժերին։ Անցած քսանյոթ տարիների ընթացքում Հայկական բանակը տվել է հավատի այդ երաշխիքը։
Հայկական զորամիավորումները ամեն ժամ, ամեն ակնթարթ պատրաստ են կատարելու իրենց հիմնական պարտականությունը։ Նման ինքնավստահությունը չի կարող հայրենանվիրումով չհամակել ցանկացած հայի ու չկաշկանդել հակառակորդներին։
Հայկական բանակի տարեդարձին նվիրված հանդիսությունները ավանդաբար սկսվում են Եռաբլուրում։ Եվ դա բնական է։ Այնտեղ են հանգչում մեր ամենաթանկ հարազատները՝ հայրերը, եղբայրներն ու, ավա՜ղ, նաեւ արդեն որդիները, որոնք, երբ պահը վրա հասավ, թողեցին իրենց տունը, գործը` մարտադաշտ նետվեցին, հանուն Հայրենիքի զոհվեցին ու իրենց ապրած կարճ կյանքով մեզ ավանդեցին այն ճշմարտությունը, որ թշնամու դեմ կարելի է կռվել ցանկացած զենքով, բայց հնարավոր է հաղթել միմիայն ոգով։ Ամեն հունվարի 28-ի, երբ վառ կարմիր մեխակներով խոնարհվում ենք նրանց շիրիմներին, ահա այդ ոգով ենք համակվում, ամրապնդվում։ Ու համոզվում ենք, որ Հայկական բանակը նոր էջ է բացում մեր պատմության մագաղաթյա տարեգրքում, մեզ հաղորդում է ներքին ուժ, վճռականություն, հայ ծնվելու համար հպարտ, հայ ապրելու համար երջանիկ լինելու զգացողություն։
Հունվարի 28-ին մենք տոնելու ենք Հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը։ Տարիներ կանցնեն, մեր բանակը ավելի կհզորանա, ավելի մարտունակ կդառնա, մենք կտոնենք 50-ամյակը, 100-ամյակը, 500-ամյակը, բայց երբեք ուրիշ երկրի վրա չենք հարձակվի, ուրիշի հող չենք բռնազավթի, միշտ կպաշտպանենք մեր Հայրենիքն ու արդարացի, անժամկետանց իրավունքները։
Եվ դա կլինի մեր ամենամեծ հաղթանակը։
Խորագիր՝ #3 (1274) 30.01.2019 - 5.02.2019, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում