Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԻՐԱԿԻՆ



ՄԵՐ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԻՐԱԿԻՆԻնչպես զինված ուժերում, այնպես էլ մեր զորամասում կիրակի օրն անցկացվում է համաձայն հանգստյան օրվա պլանի: Ուղիղ ժամը 7-ին օրապահը երեք անգամ բարձր գոչում է. «Գումարտա՛կ, վե՛ր կաց»: Հաշված րոպեների ընթացքում գումարտակի անձնակազմը մի մարդու պես շարվում է, ապա սկսում կարգի բերել, մաքրել իրեն կցված տարածքները: Լսվում է օրապահի հաջորդ հրամանը. Շարվել շարահրապարակում: Մեզ ողջունում է հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալ, մայոր Արթուր Հովակիմյանը: Դե, ինչ, ժամանակն է սկսելու ռազմահայրենասիրական թեմայով կիրակնօրյա զրույցը: Դրան հաջորդում են սպորտ-մասսայական միջոցառումները: Զորամասում յուրաքանչյուր զինվոր անհամբերությամբ է սպասում այս իրադարձությանը, չէ՞ որ այն զինծառայողները, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում միջոցառմանը ու ցուցաբերում են բարձր ցուցանիշներ, պարգևատրվում են շնորհակալագրերով ու պատվոգրերով, ազատական են ստանում: Եթե մենք ամբողջ շաբաթվա ընթացքում զբաղվում ենք մարտական պատրաստությամբ, ապա կիրակի օրն, անշուշտ, բացառություն է: Հարյուրավոր ժամկետային զինծառայողներ իրենց ուժերը փորձեցին մի շարք մարզաձևերում` բազկամարտ, վազք, ձգումներ պտտաձողի վրա, ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ և շաշկի: Թիմային մրցաձևում տանկային վաշտը դարձավ ֆուտբոլի չեմպիոն (վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Նիկողոսյան):

Վոլեյբոլ մարզաձևում իր հավասարը չուներ մոտոհրաձգային վաշտը (վաշտի հրամանատար, կապիտան Ֆայեն Մանդալյան): Բազկամարտում հաղթող ճանաչվեց տանկային  վաշտի նշանառու-օպերատոր, շարքային Նարեկ Խաչինյանը:

Կիրակնօրյա մարզական միջոցառումների ընթացքում բացազատված էին նաև ուսումնական կետեր: Ուսումնական կետերի ղեկավարներն ընտրված էին զինվորներից և սերժանտներից: Հատկապես ուշադրության կենտրոնում էր շախմատի ուսումնական կետի ղեկավար, շարքային Սարգիս Մանուկյանը: Սարգիսը ՖԻԴԵ-ի վարպետ է, Երևանի տղամարդկանց շախմատի առաջնության եռակի չեմպիոն… Ազատ ժամերին սիրով անցկացնում է շախմատի պարապմունքներ այն զինծառայողների հետ, որոնք մեծ ցանկություն են հայտնում ծանոթանալու հնագույն խաղի գաղտնիքներին:

Կիրակի օրերին աշխույժ եռուզեռ է նաև զորամասի ակումբում: Ակմուբի պետ, կրտսեր սերժանտ Մերի Մարտիրոսյանը գրապահարաններից գտնում է զինվորների նախընտրած գրքերն ու հանձնում նրանց: Մինչ  մի շարք զինծառայողներ կարդում են գեղարվեստական գրականություն, ակումբի մյուս կողմում շախմատի և շաշկիի առաջնության թեժ մրցակցություն է: Օրվա վերջում բոլորը շտապում են ակումբի դահլիճ, կինոդիտման: Ահա այսպիսի տարբեր ու բազմազան միջոցառումներով է հագեցած մեր կիրակին:

Վաղինակ Գալստյան

շարքային

 

Խորագիր՝ Նորություններ


04/02/2019