Ի՞ՆՉ Է ՊԱՏԿԵՐԱՀԱՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞նչ է սրբապատկերը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբապատկերները, առաջին հերթին, այն գեղանկարներն են, որոնք պատկերում են մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին, Աստվածամորը եւ սրբերին: Այդ սրբապատկերները զարդարում են սուրբ Սեղանը, եկեղեցու դասի, տաճարի եւ գավթի պատերն ու սյուները:
Սրբապատկերը` որպես քրիստոնեական հոգեւոր մշակույթի եւ գեղարվեստական մտածողության արգասիք, զարգացել է պաշտամունքի կանոնին զուգընթաց` համապատասխանելով եկեղեցու վարդապետական ու դավանաբանական ձեւակերպումներին: Համաձայն Եկեղեցու սրբազան ավանդության՝ առաջին սրբապատկերներն են Հիսուսի դաստառակը եւ Աստվածամոր պատկերը, որոնք, ի դեպ, ժամանակին պատկանել են Հայ Եկեղեցուն:
Ի սկզբանե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է պատկերահարգ: Ամեն մի սրբապատկեր գործածելի է դառնում եկեղեցում միայն հատուկ կարգով օրհնվելուց ու օծվելուց հետո: Սրբապատկերը Եկեղեցու եւ եկեղեցական ծիսակարգի անբաժանելի մասն է:
Աստվածաշնչում ի՞նչ հիմնավորում ունի պատկերահարգությունը
Հին Կտակարանում նկարներ պաշտելն արգելված էր: Աստված Ինքը պատվիրեց, որ երկու քերովբեների (հրեշտակների) նկարներ տեղադրվեն Ուխտի տապանակի վրա (հմմտ. Ելք, 25.18): Աստվածաշունչը դատապարտում է սուտ աստծու պատկերը նկարելը եւ այն երկրպագելով` նրան պաշտամունքի առարկա դարձնելը: Աստված կռապաշտությունն է արգելում եւ ոչ թե նկարներ ու սրբապատկերներ ստեղծելը:
Ելք 20.4-ում կարդում ենք. «Վերեւում` երկնքում, ներքեւում` երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես»: Հաջորդ համարում գրվածից պարզ է, որ խոսքը կռապաշտության մասին է (հմմտ. Ելք 20.5): Միայն կռապաշտությունը, սուտ աստվածներին պաշտամունք մատուցելն է արգելված, իսկ Քրիստոսի եւ սրբերի նկարները «կուռք» համարելը համազոր է հայհոյության:
Ինչու՞ են եկեղեցիներում քրիստոնյաներն աղոթում նկարներին (սրբապատկերներին):
Մի՞թե այդպիսի սովորությունը Աստվածաշնչի ուսուցումներին հակառակ չէ:
Քրիստոնյաները նկարներին չեն աղոթում: Եկեղեցի մտնելիս շատ հաճախ նկատում ենք, թե ինչպես են աղոթում նկարների դիմաց կանգնած, բայց ո՛չ նկարներին: Այդ աղոթքն ուղղված է Քրիստոսին, կամ էլ նկարում պատկերված որեւէ սրբի բարեխոսությունն է խնդրվում: Տեսնելով պատկերը` մենք մտովի դիմում ենք պատկերվածին: Երբ աղոթում ենք սրբապատկերի առջեւ, առհասարակ, պետք է հստակ գիտակցենք, որ մեր աղոթքն ուղղված է ոչ թե պատկերին, նյութին, այլ այն անձին, ով պատկերված է:
12-րդ դարում Հովհաննես Սարկավագ Վարդապետը հետեւյալ կերպ է բանաձեւել Հայ Եկեղեցու ուսմունքը սրբապատկերների վերաբերյալ. «Սրբապատկերները օգնում են հավատացյալներին մերձենալու Աստծուն»: Հետեւաբար սրբապատկերները քրիստոնյաների համար պաշտամունքի առարկա չեն, այլ միջոց՝ Աստծուն մերձենալու եւ սրբերի բարեխոսությունը հայցելու:
Քրիստոնյաները ծնրադրում են սրբապատկերների դիմաց եւ համբուրում դրանք, հատկապես ծիսական արարողությունների ժամանակ: Մի՞թե սա կռապաշտություն չէ:
Երբ որեւէ մեկը համբուրում է մոր նկարը, թղթի այդ կտո՞րն է պաշտում, թե՞ մոր հանդեպ ունեցած սերն է արտահայտում: Կռապաշտ կդառնանք, եթե որեւէ առարկա պաշտենք որպես աստծու:
Հայ Առաքելական Եկեղեցին համարում է, որ սրբապատկերին մատուցված պատիվը, պատկերված անձի նկատմամբ հարգանքի դրսեւորում է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ԱՍԱՏՐՅԱՆ
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական
ուսումնարանի հոգեւոր սպասավոր