Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ



ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸՀայաստանի գրողների միության և ՀՀ պաշտպանության նախարարության 2018 թվականի համատեղ մրցանակաբաշխության «Պոեզիա» անվանակարգի առաջին մրցանակը շնորհվել է պահեստազորի փոխգնդապետ, պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ, ՔՀԾ 3-րդ դասի խորհրդական Նոնա Պողոսյանին` «ՉԿՐԱԿՎԱԾ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ» բանաստեղծական շարքի համար: Ներկայացնում ենք մի քանի բանաստեղծություններ այդ շարքից:

 

 

 

 

ՉԿՐԱԿՎԱԾ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ

 

…Գիշերը

Մեռնող փիլիսոփայությունն է

Չկրակած բոլոր փամփուշտների,

Որ ճակատագրեր է երկնքից վայում

Սահմանի արճճե լռության դաշտերին…

…Ես ջարդում եմ սարսուռները ծպտված,

Հագնում եմ մայրերի վախերը վառոդե,

Ու սիրաբանվում եմ մտքերիս հետ ծվատ,

Որ դատարկի անլույս խոռոչները փակեմ…

…Գիշերը

Սպառված փիլիսոփայությունն է

Երազանքներ լլկած պարկուճների…

…Ողնաշարիս միջով զինվորներ են հոսում,

Ու ես ծերանում եմ կավճե անուրջներից…

 

♦♦♦

Ես ամեն գիշեր հայրենիք եմ նկարում

Մայրերի ուսերին …

Գրկում եմ նրանց վախերն անանուն,

Փարվում եմ հույսերին…

Հետո Աստծուն գործում եմ նախշ-նախշ

Աղերսանքների երկնափեշերին,

Ու աղոթքներս ծաղկում են հանկարծ

Պատերի վրա խրամատների…

 

…Իմ բոլոր գիշերներն անցագրեր ունեն

Այս վխտացող պատերազմի մուտքուելքի…

Մահն այնտեղ այնքան է դուրսուներս արել,

Որ ամեն օր սպասում եմ ապրելուս  հերթին…

…Ես ամեն գիշեր մայրեր եմ նկարում

Հայրենիքիս ուսերին…

 

♦♦♦

…Դիտակետերի մշտարթուն ողերով

Քանի՜ դավադիր փամփուշտներ են հոսել,

Ու քանի անգամ է սխրանքի տողերով

Լույսն իմ աչքերի մեջ մահախոսել …

…Ու քանի՜ դավեր են մոլի ու լրբացած

Մթան խրախճանքում կյանքեր սեղմագրել,

Ու քանի մահեր են`բախտին ապավինած

Խղճի տիրույթները սրբագրել…

 

……Դիտակետերի մշտարթուն ողերով

Պատերազմի ժանգոտ արյունն է հոսում…

 

♦♦♦

…Իմ փողոցում ամեն օր

Դատարկ պարկուճների

Թշվառության չափ

ծերանում է բանաստեղծությունը …

Ու մինչ ուզում եմ այդ մասին ճչալ,

Ձեռքերիս վրա հոգին փչում է

Այս պատերազմի ճշմարտությունը…

 

♦♦♦

Իմ առավոտները դարձել են խաղաղության

փոխանակման կետեր…

Որտեղ ամեն վայրկյան

կամ կտրուկ բարձրանում,

կամ էլ` ընկնում է

երջանկության կուրսը…

…Ես մնացել եմ շվարած-կանգնած

Ապրելու հերթում…

 

♦♦♦

Գիշերվա լռության փշրված ողերն են

դատարկ պարկուճները…

Ասես քանի՜-քանի՜ հոգիներ են խեղել

Նրանց անուրջները…

…Գիշերվա որբության  որդեգիրներն են

դատարկ պարկուճները…

 

♦♦♦

Կյանքը խցկվել է իմ ու պատերազմի

անծաղիկ արանքը…

Ու սիրահետում է երկուսիս էլ…

Ես ո՜նց եմ ատում երկակիությունն այս,

Ես ո՜նց եմ ատում այս նենգ ընթացքը…

 

Երկիր

Ես պատերազմն այս մի օր կթողնեմ

Բախտի հեգնանքում

Ու կգամ քեզ մոտ, որ ընծայագրես ինձ

Բացիկներին Լույսիդ …

Որ վտարանդի երջանկությունս

Ծալած չպահեմ քո ծակ գրպանում,

Ու գրոշները քո մաշված սիրո

Հանկարծ չկորցնեմ խիղճը հաշվելիս…

…Երկիր իմ, ոչ ոք չունեմ քեզանից բացի,

Որ իմ Աստծու հետ ինձ գոնե հաշտեցնի …

 

…Անավարտ պատերազմը մի օր կթողնեմ

Յոթ սարից այն կողմ,

Ու մահվան հեքիաթն էլ ես չեմ պատմի

քարե վարդերին…

Իմ երկինքները կգամ հեղելու

Լույսիդ բողբոջող,

Ու դու իմ սերը կասեղնագործես

Բախտիդ փեշերին…

Խորագիր՝ #4 (1275) 6.02.2019 - 12.02.2019, Հոգևոր-մշակութային


07/02/2019