Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ



ՄԵԾ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՀաճախ է պատահում, որ երաժշտական ստեղծագործությունն արձագանքում է այս կամ այն պատմական իրողությանը, առավել հաճախ` պատմությունն ինքն է հավաստում ստեղծագործության էներգետիկ ինֆորմացիան: Այդօրինակ երևույթի ականատես եղանք փետրվարի 4-ին` ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի դահլիճում: Այդ օրը ազգային բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագրի շրջանակներում երաժշտական յուրատեսակ երկխոսություն էր ծավալվել Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաների և ռազմական ավիացիոն համալսարանի զինծառայողների միջև:

Համերգային ծրագրի սկիզբն ազդարարեց շեփորի` Արցախյան շարժման առաջին իսկ օրերից հայ ժողովրդի հազարավոր բռունցքված ձեռքեր համախմբած, «Ինչո՞ւ է աղմկում գետը»  ֆիլմի համար Արտեմի Այվազյանի մշակած մեղեդու կատարումը: Ու հնչեց զուռնան… Եվ ազգային նվագարանների անսամբլի հնչյուններին, դհոլի դմբոցին միախառնվեց զինվորականների ծափերի տեղատարափը:

ՄԵԾ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԴահլիճը թնդացնող հոտնկայս ծափահարություններն առավել փոթորկվեցին Աշոտ Սաթյանի  «Մարտիկի երգը», Ստեփան Ջրբաշյանի «Սիրո մեղեդի»,  Մուրադ Մշեցու «Արծիվ, սլացի՛ր», Գուսան Հայկազունի «Հայե՛ր, միացե՛ք»  երգերի կատարումներից: Չէ՞ որ այդ երգերը նույնպես երկար մարտական ուղի են անցել, տեսել են հաղթանակների, նվաճումների փառք ու կորուստների դառնություն և մարտի դաշտում զորացրել են զենք բռնած մարտիկի բազուկը, հիշեցրել նրան խաղաղության, հայրենի օջախի մասին՝ մշտարթուն պահելով հայրենի պաշտպանի մարտական անկոտրում ոգին:

Ջրբաշյանցիների կատարմամբ հնչեց նաև զինվորականների շրջանում մեծ համարում ունեցող Յոհան Շտրաուսի «Ռադեցկու քայլերգը»: Ինչպես ավանդում է քայլերգի ստեղծման պատմությունը, զինվորականներն այն վայելում են հոտնկայս ծափերով՝ միանալով նվագախմբի երաժիշտ-կատարողներին: Ավիացիոն համալսարանի սպաները, չնայած իրենց խստությանն ու զսպվածությանը, ևս չշրջանցեցին զինվորականների դարավոր ավանդույթը:

ՄԵԾ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՈգևորության ալիքը բոցավառվեց, երբ դպրոցի փողային նվագախմբի հաղթական հնչյունները տարածվեցին՝ ազդարարելով Գևորգ Արմենյանի «Նվագախմբի տղաները»  ֆիլմից հանրածանոթ քայլերգի սկիզբը:

Ռազմական ավիացիոն համալսարանից երաժշտական դպրոցի սաները բաժանվեցին առանձնակի հպարտությամբ ու մեծ ոգևորությամբ: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաները պարգևատրվեցին ՀՀ ՊՆ պատվոգրերով, որոնք հետայսու ջրբաշյանցիների ու հայոց ազգային բանակի միասնականության գրավականն են:

Անի Մուշեղյան

Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն

Խորագիր՝ Նորություններ


11/02/2019