ՀՆԴԿԱԿԱՆ СУ-30 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ԿՎԱՃԱՌԵՆ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ
Հնդկաստանն սկսել է Ռուսաստանին վերադարձնել նախկինում մատակարարված Су-30К 18 կործանիչները: Ինքնաթիռները կարդիականացվեն մինչև Су-30КН տարբերակը, այնուհետև հավանաբար կփոխանցվեն Բելառուսի ռազմաօդային ուժերին:
1996թ. կնքված պայմանագրի համաձայն` Հնդկաստանը պետք է ստանար Су-30МКИ կործանիչներ, սակայն չկարողանալով ժամանակին կատարել ստանձնած պարտավորությունները` Ռուսաստանը պատվիրատուին հանձնել է ինքնաթիռի պարզեցված տարբերակի 18 նմուշ` պարտավորվելով հետագայում դրանք փոխարինել Су-30МКИ տարբերակով:
Су-30 դասի կործանիչներ գնելու ցանկություն Բելառուսը բազմիցս էր հայտնել նախկինում, դրա անհրաժեշտության մասին դեռ 2005թ. հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Իսկ այս տարվա մայիսին երկրի ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Սերգեյ Գուրուլևը հայտարարել է, որ զինվորականները նախատեսում են ձեռք բերել МиГ-35 կամ Су-30 կործանիչներ:
Ներկայումս Հնդկաստանից ստացվող կործանիչներից 10-ը արդեն Բելառուսում են, մյուսները կտեղափոխվեն նոյեմբերին: Ինքնաթիռներից յուրաքանչյուրի մնացորդային արժեքը շուրջ 10 միլիոն դոլար է, մեկ կործանիչի արդիականացումը կարժենա 5 միլիոն դոլար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական