ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Փետրվարի 4-ից ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում մեկնարկեց բուժակների և պայմանագրային սանհրահանգիչների մասնագիտական վերապատրաստման 2019թ. առաջին հոսքի դասընթացը: Փետրվարի 4-ին տեղի ունեցավ թեկնածուների ընտրություն՝ IQ հարցաշարերի և հարցազրույցի միջոցով: Նախնական թեստավորում իրականացվեց նաև մասնագիտական պատրաստությունից:
Բուժակների և պայմանագրային սանհրահանգիչների մասնագիտական վերապատրաստման տևողությունը կազմում է 8 շաբաթ։ Այդ ընթացքում ունկնդիրների հետ կազմակերպվում են թե´ տեսական դասեր (40%), թե´ ցուցադրական և գործնական պարապմունքներ(60%): Ցուցադրական և գործնական պարապմունքներն անցկացվում են նորագույն ուսումնական մուլյաժներով հագեցած սիմուլյացիոն սենյակում և դաշտային պայմաններում, որի ընթացքում ունկնդիրները փոքր խմբերով գործնականում ամրապնդում են տեսական գիտելիքները՝ աշխատելով նախօրոք իրենց անհայտ, հրահանգիչների մշակած պլան-սցենարներով, որոնք կարող են պարունակել թե´ վնասվածք կամ վիրավորում, թե´ առօրյա գործունեության իրավիճակներ։
Դասընթացի ընթացքում ունկնդիրները հմտանում են իրենց մասնագիտական պարտականություններից բխող գործունեության մեջ, սովորում են ճիշտ և արագ գործել տարբեր արտակարգ իրավիճակներում՝ ձեռք բերելով ռազմական բժշկության արդի և նորագույն միջոցներով աշխատելու ունակություն և փորձ: