ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 12-ից 14-ը պաշտոնական այցով Երևանում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը։
Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սավաս Անգելիդիսի առանձնազրույցը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Հայ-կիպրական բանակցություններն այնուհետև շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ համագործակցության նախորդ տարվա արդյունքները և նախանշվել 2019թ. համագործակցության հիմնական ուղղությունները։
Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր, Հայաստանի և Կիպրոսի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019թ․ ծրագիրը։
Դավիթ Տոնոյանը և Սավաս Անգելիդիսը հանդես են եկել նաև համատեղ մամուլի ասուլիսով:
Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 12-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։