«ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ԲԱԶՄԱՊԱՏԿԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՈՒԺԸ»
Այս կյանքում ես երկու կարեւոր բան եմ արել՝ մեծացրել եմ որդուս եւ նկարել եմ։
Ես նկարչուհի եմ, ապրում եմ գույների աշխարհում, որն ինձ համար ավելի իրական է ու հասկանալի, քան ինձ շրջապատող իրականությունը, բարքերը, մարդկային փոխհարաբերությունները։ Ես մտածում եմ, որ մարդը վերցնում է վրձինը՝ անկատար աշխարհը փոխելու տենչով, նա հորինում է մի ուրիշ աշխարհ, հուշում է մի ուրիշ աշխարհի կարոտ։ Եվ այդ երեւակայական աշխարհի գեղեցկությունը, ջերմությունը, կատարելությունը մեզ ձգում է վեր, բարձրացնում է մանր, գետնամած կրքերից, արթնացնում է մեր հոգու մարմրող լույսը։ Ես միշտ նկարել եմ՝ ամենափոքր տարիքից։ Ես աշխարհի հետ շփվել եմ նկարների միջոցով։ Մի հարցազրույցի ժամանակ լրագրողն ինձ հարցրեց՝ ո՞րն է Ձեր ամենակարեւոր ասելիքը։ Ես չկարողացա պատասխանել այդ հարցին։ Որովհետեւ չկա կարեւոր ու անկարեւոր. մեր կյանքն այնքան կարճ է, եւ Աստծո պարգեւած յուրաքանչյուր րոպեն՝ մեր ամբողջ կյանքը, հավերժությունից պոկված ակնթարթ է, որը պետք է լցնել մեծ բովանդակությամբ։ Ես նկարելով եմ ապրում։ Իմ նկարներն անվերջ զրույց են մարդու հետ։ Ես խորհուրդներ չեմ տալիս, ոչինչ չեմ քարոզում։ Ես ապրում եմ իմ նկարներում՝ երազում եմ, սիրում, հիասթափվում… հիանում եմ, զարմանում, աղոթում… Ես բազմաթիվ երկրներում եմ եղել, իմ նկարները դիտել են ամենատարբեր ազգի մարդիկ. մարդը ամեն տեղ նույնն է, մենք բոլորս նույնն ենք։ Մենք ցանկանում ենք սիրված լինել ու երջանկություն ենք փնտրում։ Պարզապես չգիտենք՝ որտեղից վերցնենք մեր հոգու խաղաղությունն ու ներդաշնակությունը։ Ու սխալները, վրիպումները, ձախողումները աղավաղում են մեր հոգու նախաստեղծ պատկերը։
Ես մեկ որդի ունեմ։ Ես ու որդիս իմ ընտանիքն ենք։ Տղայիս անունը Արեգ եմ դրել։ Երբ տղաս ծնվեց, աշխարհը միանգամից փոխվեց ինձ համար։ Տղաս դարձավ աշխարհի կենտրոնը, իմ ապրելու իմաստը, նպատակը։ Նախանձով ու ակնածանքով եմ նայում այն ծնողներին, որոնք շատ երեխաներ ունեն։ Նրանք լիուլի արդարացրել են իրենց գոյությունը, իրենց ապրած կյանքը։ Ես միայն մեկ որդի ունեմ ու պարտավոր եմ արժանավոր զավակ մեծացնել՝ այս միտքը ուղեկցել է ինձ որդուս ծնվելու օրվանից։ Երբ տղաս փոքր էր, ես նկարում էի նրա համար։ Հեքիաթներ էի նկարում, բարություն, քնքշանք, ջերմություն, սեր, ծաղիկ, տուն, հայրենիք, մտերմություն… Ես ռազմի երգեր էի երգում նրա օրորոցի մոտ։ Կարդում էի «Սասունցի Դավիթը», պատմում էի այն պատմությունները, որոնք լսել էի Արեւմտահայաստանից գաղթած պապերիցս։ Ես ուզում էի որդուս կատարյալ տեսնել։ Հայրենասեր ու արիասիրտ, ազնիվ ու պատվախնդիր, բարեկիրթ ու զարգացած, նրբանկատ ու բարձրաճաշակ հայ տղամարդու կերպար էի գծել եւ ամեն ինչ անում էի, որ որդիս նմանվի այդ կերպարին։ Երբեմն սարսափում էի այն ահռելի պատասխանատվությունից, որ դրված էր ուսերիս։ Երբ որդիս որեւէ սխալ արարք էր կատարում կամ թերանում էր, ես տառապում էի, մեծ ցավ էի ապրում, ինձ մեղավոր էի զգում, որ լավ չեմ կատարել պարտքս. յուրաքանչյուր ծնող պարտավոր է արժանավոր զավակ դաստիարակել՝ արժանավոր հայ, արժանավոր քաղաքացի, արժանավոր զինվոր…
Մենք տարիներ շարունակ նախապատրաստվում էինք գալիք զինվորական ծառայությանը։ Երբեմն տղաս դրսում զանազան ասեկոսեներ էր լսում բանակի մասին, գալիս, պատմում էր։ Ասում էր՝ մամ, դժվար է լինելու (զգում էի՝ անհանգիստ է)։ Սիրտս կտոր-կտոր էր լինում, բայց թաքցնում էի ապրումներս։ Ասում էի՝ այո՛, դժվար է լինելու, բայց դժվարությունը տղամարդու համար է, կհաղթահարես։ Մի օր էլ իմացավ, որ արտերկրում աշխատելու հրավեր եմ ստացել։ (13 տարեկան էր այդ ժամանակ)։ Ասաց՝ մամ, արի գնանք արտասահման, համ էլ բանակից կազատվեմ։ Ես վիրավորանքից լաց եղա։ Կազատվե՞ս, ասացի, ինչի՞ց կազատվես, հայրենիքդ պաշտպանելու պարտքից։ Կոպիտ խոսքեր ասացի տղայիս, որը դեռ երեխա էր, ընդամենը՝ երեխա։ Նա շատ ազդվեց։ Մեկ տարի էլ չէր անցել, ասաց, որ ուզում է արեւելյան մարտարվեստով զբաղվել՝ բանակում պետք կգա։ Սկսեց այկիդո պարապել։ Երբ հարցրի, թե ինչո՞ւ է ցանկանում հատկապես այկիդո պարապել, ասաց. «այկիդոն պաշտպանական մարտարվեստ է, զինվորի խնդիրը ինքն իրեն եւ յուրայիններին պաշտպանելն է։ Հետո ավելացրեց՝ ընդհանրապես, տղամարդը պիտի կարողանա պաշտպանել նրանց, ովքեր պաշտպանության կարիք ունեն։ Համ էլ այկիդոն առաջին հերթին մարդու հոգեբանության վրա է ազդում, օգնում է կառավարել զգացմունքները, դառնալ հավասարակշիռ, սառը, խիզախ, ամենածանր պահին անգամ խուճապի չմատնվել, նպատակաուղղել ֆիզիկական եւ հոգեւոր ներուժը»։ Ես երջանիկ էի. հասկացա, որ տղաս տղամարդ է դառնում։
Արեգս բանակ գնաց իր նախաձեռնությամբ՝ ճարտարագիտական համալսարանի երկրորդ կուրսից։ Ասաց՝ մամ, արի չձգձգենք, ես արդեն ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեբանորեն պատրաստ եմ ծառայելու։ Գնամ բանակ, հետո կշարունակեմ ուսումս։ Երբ բանակ էի ճանապարհում որդուս, այնքան բան ունեի ասելու, այնքան խորհուրդներ ունեի, բայց… չկարողացա խոսել, զգացմունքներս բառ չդարձան։ Միայն ասացի՝ օգնիր ընկերներիդ ինչով կարող ես։ Թեթեւացրու կողքիններիդ հոգսը։ Տղաս սկզբում ծառայեց ուսումնական զորամասում, հետո տեղափոխվեց այլ զորամաս։ Որոշակի հաճախականությամբ իմ ու որդուս մեջ տեղի է ունենում մոտավորապես այսպիսի զրույց.
-Ո՞նց ես, տղա՛ս։
-Շատ լավ եմ, մամ, նոր եմ իջել դիրքերից։
-Խաղա՞ղ էր, հո կրակոցներ չեղա՞ն։
-Չէ, մամ, խաղաղ էր, ոնց որ միշտ։ Դու ո՞նց ես, չես տխրում, չէ՞։
-Չէ, տղաս, չեմ տխրում։ Քեզ լավ պահի։
-Լավ եմ, մամ, մի անհանգստանա։ Դո՛ւ քեզ լավ պահի։ Նկարո՞ւմ ես։
-Հա, տղաս, նկարում եմ։
-Էլի ծաղիկնե՞ր, բնությո՞ւն…
-Չէ, հիմա սիրտս ուժեղ բաների է ձգտում՝ արծիվ եմ նկարում, տարերք, պատերազմ…
-Ոչինչ, մամ, կզորացրվեմ, էլի լույս ու սեր կնկարես…
Մի քանի օր առաջ տղաս հայոց պատմությանը վերաբերող գրքեր ուզեց (տանը ինչքան խնդրում էի, գիրք չէր կարդում), ասաց՝ զորամասի գրադարանից էլ եմ գիրք վերցնում, ռազմական հետախույզների մասին բազմաթիվ գրքեր եմ կարդացել։ Ծառայության տասնմեկ ամսվա ընթացքում սա առաջին անակնկալը չէր. որդիս փոխվել է։ Ծառայության սկզբում նեղվում էր ռեժիմից, ասում էր՝ ոնց որ ռոբոտ լինենք՝ հրամանով արթնանում ենք, հրամանով ուտում, հրամանով քնում, հիմա ասում է՝ մեր զորամասի ամենամեծ առավելությունն այն է, որ կարգուկանոն կա, ու թե՛ սպաները, թե՛ զինվորները ենթարկվում են կանոնագրքի օրենքներին։
…Հոկտեմբերի 30-ը որդուս ծննդյան օրն է։ Նա իր 19-ամյակը կնշի դիրքերում՝ սահմանին։ Տոնական կոստյումի փոխարեն հագին զինվորական համազգեստ կլինի, տոնական սեղանի փոխարեն՝ զինվորական ուտելիք։ Ես այնքան հպարտ եմ, որ տղաս սահման է պահում, որ իր կյանքի քսաներորդ տարին դիմավորելու է զենքը ձեռքին։ Ուզում եմ շնորհավորել որդուս ու բոլոր զինվորներին, ովքեր հոկտեմբերի 30-ին են ծնվել։ Բոլորին ցանկանում եմ անփորձանք, խաղաղ ծառայություն։
ՎԵՐՈՆԻԿԱ ՄԿՐՏՉՅԱՆ
Հ.Գ. – Մենք նույնպես կարճ հեռախոսազրույց ունեցանք ջոկի հրամանատարի տեղակալ, սերժանտ Արեգ Գասպարյանի հետ։ Շնորհավորեցինք նրա ծննդյան օրը։ Արեգի տրամադրությունը շատ բարձր էր՝ նախատոնական։ Զինվոր ընկերների հետ դիրքերում ծննդյան տոն նշելը զինվորի համար մեծ ուրախություն է՝ ասաց Արեգը։ Իսկ երբ հարցրինք, թե ինչ մաղթանք կուզենար լսել իր ծննդյան օրվա առթիվ, սերժանտը պատասխանեց. «Թող Աստված բազմապատկի հայ զինվորի ուժը»։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #43 (858) 3.11.2010 – 10.11.2010, Բանակ և հասարակություն